Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Իգնատի Առաքելյանի, գյուղացին ունի ընտրություն՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ (Տեսանյութ)

Հունիս 15,2017 15:06

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադառնալով օրերս Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին, մասնավորապես հարցին՝ ի՞նչ պետք է անի գյուղացին, երբ ամեն տարի բերքը բնական աղետներից վնասվում է, ասաց.«Գյուղացին, ցավոք սրտի, այսօր չունի այդ հնարավորությունը, որպեսզի անի այն, ինչ որ պետք է՝ հակակարկտային ցանցի համար ֆինանսական ռեսուրս չունի, ապահովագրության համակարգը չկա: Ուրիշ բան չի կարա անի»:

Լրագրողներին մեկի հարցին՝ ինչ խորհուրդ կտա կառավարությունը գյուղացուն՝ սնանկանա՞լ, նախարարն այսպես պատասխանեց. «Հիմա դուք, որ հարցը էդպես տալիս եք, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Ինչի՞ եք ասում՝ սնանկանա: Մյուս տարբերակը՝ չզբաղվել գյուղատնտեսությամբ»:

Իսկ այլ տարբերա՞կ, լրագրողների այս հարցին էլ ի պատասխան նախարարն ասաց.«Այսօր չկա այլ տարբերակ: Գյուղացին է որոշում զբաղվել գյուղատնտեսությամբ, ինքը պիտի հաշվի առնի իր ռիսկերը՝ կարկտահարություն, ցրտահարություն եւ այլն: Այսօր դա է, վաղը մենք մտցնելու ենք այդ համակարգը: Իսկ այսօր, ցավոք սրտի, այդպես է, գյուղացին պետք է որոշի՝ զբաղվի, թե չզբաղվի գյուղատնտեսությամբ»:

Նախարարն ասաց, որ կառավարությունը նպատակ ունի աջակցել վերջին օրերին տեղացած կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին՝ վարկերի սառեցման, հարկերից ու տուրքերից ազատելու ճանապարհով:

Պարոն Առաքելյանը նաեւ վստահեցրեց, որ կառավարությունը ծրագրում է եկող տարվանից փորձնական ներդնել գյուղատնտեսության ապահովագրության ու հակակարկտային ցանցային համակարգը:

Aravot.am-ի այն հարցին, որ գյուղացիները դժգոհում են, որ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն, եւ կան փորձագետների կարծիքներ, որ հակակարտային ցանցերն ավելի արդյունավետ են, ինչո՞ւ սա չի ներդրվում, նախարարը պատասխանեց՝ «Այո, այդ բոլոր խոսակցությունները կան, բայց մենք արտակարգ իրավիճակների նախարարության հետ քննարկել ենք խնդիրը: Նախատեսում են ներդնել կարկուտի դեմ հրթիռային նոր համակարգ, որը ռուսական արտադրության է: Հուսով ենք աշնանը կներդրվի պիլոտային ծրագիրը՝ սա հրթիռային կայաններն են, սրանք ավելի լավ կաշխատեն, քան այսօրվա կայանները»:

Ինչ վերաբերում է հակակարկտային պաշտպանիչ ցանցերի ներդրմանը, նախարարը վստահեցրեց, որ ծրագիրը ներկայացրել են՝ սուբսիդավորվող տոկոսով երկարաժամկետ վարկեր՝ հակակարկտային ցանցերի համար: Նախատեսվում է, որ ներդրում կատարվի եւ դրա գործարանն այստեղ ստեղծվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930