«Ազատությունից զրկված անձի նկատմամբ վստահության կանխավարկածի գաղափարը պետք է արմատավորվի: Երկրորդը՝ անհատական մոտեցումը յուրաքանչյուր կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ: Դրանցից է բխում նաև ռիսկային գնահատման մեթոդը»,- խորհրդարանում, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը:
Վերոնշյալ երկու սկզբունքները, ըստ ՀՀ ՄԻՊ-ի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում ռազմավարական զարգացման ուղղություններն են:
ՄԻՊ-ի գրասենյակը նաեւ օրենսդրական առաջարկություններ կներկայացնի, որ առաջին իսկ պահից, երբ ազատությունից զրկված անձը, հատկապես դատապարտյալը մուտք է գործում ՔԿՀ, նրա հետ տարվի անհատական աշխատանք. «Պատժի կրման նպատակը պետք է լինի անձին ազատության նախապատրաստելը»:
Արման Թաթոյանը պնդում է, որ եթե ՔԿՀ-ներում խցակիցն է խնամում հիվանդ ազատազրկվածին, միջազգային նորմի խախտում է: Թեեւ ՔԿՀ-ների վարչությունը հակառակ պնդումն է արել:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ