Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԿՀ-ներում բժիշկները տնայնագործական պայմաններում դեղորայք են պատրաստում»

Հունիս 15,2017 14:41

«Մարդիկ չունեն տարրական դեղորայք: Եվ Հրազդան ՔԿՀ-ում, եւ մի քանի ՔԿՀ-ներում մենք հանդիպել ենք կազուս դեպքերի. բժիշկն ինքը լաբորատոր պայմաններում պատրաստում է դեղորայք՝ իրար հետ խառնում դեղաբույսեր, նաեւ ձեր զեկույցում արձանագրված է, բժիշկը տնայնագործական պայմաններում դեղորայք է պատրաստում`ցավազրկող եւ այլն: Հարազատն իրավունք ունի դեղորայք հանձնելու, բայց դա շատ բարդ ընթացակարգ է»,- այս մասին այսօր ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նիստին հրավիրված էր նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Քննարկվում էր «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը: Այն, հիշեցնենք, արդարադատության նախարարության համապատասխան վարչության հակազդեցությանն արժանացավ:

ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամները եղել են «Նուբարաշեն», «Արթիկ», «Երեւան», «Հրազդան», «Կոշ» ՔԿՀ-ներում: Արձանագրել են նույն խնդիրները: Դրանք նաեւ ՄԻՊ-ի զեկույցում կան եւ վերաբերում են ՔԿՀ-ներում բուժսպասարկման ծայրահեղ վիճակին:

Պետպատվեր հասկացողության մասին Նաիրա Զոհրաբյանը խոսել անգամ չցանկացավ, մինչդեռ նախատեսված է, որ այդ սկզբունքը ՔԿՀ-ներում էլ պետք է աշխատի, բայց անգամ ազատության մեջ գտնվող սոցիալապես անապահովները չեն կարողանում պետպատվերից օգտվել: ՔԿՀ-ներում կա նաեւ մասնագետ բժիշկների, սանիտարների պակաս: Աշխատավարձը ցածր է: Բացի այդ, այսպես ասած, ծառայողական խոչընդոտներ կան: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունում եւս դեմ չեն, որ ՔԿՀ-ի ենթակայությունից բժիշկները հանվեն:

Վահե Էնֆիաջյանը եւ Նաիրա Զոհրաբյանը հատուկ անդրադարձան «Մետադոն» դեղամիջոցի սակավության հետ կապված խնդրին: 500 կալանավոր կա, որ այդ դեղամիջոցն է ստանում: Պարզվում է, ՔԿՀ-ի պետն իր հայեցողությամբ է որոշում`այդ դեղորայքը տա՞լ, թե`ոչ եւ ո՞ր կալանավորին տալ: Նաիրա Զոհրաբյանն ականատես է եղել նման դեպքի: Այդ դեղամիջոցը ստանում են թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձինք:

«Հոգեբանի ծառայություն մատուցում է սանիտարը, օրինակներ չբերեմ, եղել են դեպքեր, երբ հոգեբանը չի եղել: Ասում են՝ դե ով կգա ստեղ հոգեբան աշխատի, աշխատավարձը ցածր է: Դուք տեսե՞լ եք բժշկական սարքավորումները, 50-ական թվականների ֆիլմերում եմ ես տեսել ինչ-որ ինկուբատորներ: Մտածել եմ, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի արխիվից բերված սարքավորումներ են ֆիլմ նկարելու համար»,- թեման զարգացրեց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ դատապարտյալների հիվանդանոցում չկա վերակենդանացման բաժանմունք:

«Լուծում համար մեկ՝ բուժանձնակազմը պետք է լինի առողջապահության նախարարության կազմում, առանձին եւ արդարադատության նախարարության կազմում, բայց ոչ քրեակատարողական համակարգի ներսում: Անձամբ իմ կարծիքով՝ դրանք պետք է լինեն արդարադատության նախարարությունից դուրս»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930