Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանի պատասխանը՝ Սվիտալսկուն. Նա կոչ է անում գույները չխտացնել եւ ազնիվ գնահատական տալ

Հունիս 15,2017 14:34

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵԽ-ի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ ԿԸՀ-ին ասել էր, որ պետք է փոխել իրենց կազմը, որ մարդիկ վստահեն:

Համաժողովին մասնակցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ ի պատասխան հիշեցրեց, որ նոր քվեակարգով են անցկացրել ընտրությունները, ուստի անհրաժեշտ էր իրազեկման աշխատանքներ կատարել:

Պատասխանելով ԵՄ դեսպանի քննադատությանը՝ Մուկուչյանն ասաց. «Պարոն դեսպանը նշեց մի շարք խնդիրներ, ես կցանկանայի կարեւորել մեկ հանգամանք՝ դա ազնվությունն է: Ազնվություն, անկեղծություն տեսակետներ ներկայացնելու մեջ, ոչ թե գույները խտացնել, ոչ թե փորձել տեսնել միայն վատը, փորձել տեսնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա նկատելի չի, փորձել շեշտադրումներ անել դրանց վրա, փորձել այն պայմաններում, երբ 4000 տեխնիկական սարքավորումները քվեարկության օրվանից 10-12 օր առաջ բերվեց եւ այդ ամենը փորձարկվեց՝ առանց նույնիսկ նախնական փորձարկում անելու, ավելի շատ շեշտադրում անել 1-1,5 տոկոս խափանումների վրա, քան թե խոսել 99 տոկոս ձեռքբերման մասին, սա, կարծում եմ, ծայրահեղացված մոտեցումներ են: Չէ՞ որ մեր անկեղծ խոսքն է նաեւ, որ ազդում է հանրային կարծիքի ձեւավորման վրա: Որեւէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել, չպետք է մատնանշել թերությունները, բայց միաժամանակ պետք է ճիշտ գնահատականի արժանանա այն աշխատանքը, որն արվել է»:

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի կազմը փոխելուն, ընդդիմության եւ քաղհասարակության անդամներից էլ այնտեղ ներգրավելուն՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Բայց չէ՞ որ ընտրական գործընթացի կարեւորագույն օղակներից մեկն էին նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովները: Բաց, հրապարակային հայտարարություն եղավ՝ տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը համալրելու համար: 38 հանձնաժողովներից 15-ում մենք ստացանք ճիշտ այնքան դիմում, ինչքան անդամների քանակն է: Եթե կար այդ անկեղծությունը՝ օգնելու, աջակցելու, աշխատելու, ինչո՞ւ չկային այդ դիմումները: Ինչո՞ւ չէին ցանկանում ներգրավել եւ աշխատել այդ նույն տարածքային ընտրական հանձնաժողովներում, ոչ թե կողքից քննադատել»:

Նա կոչ արեց՝ ընտրությունների մասին գնահատականներում լինել անկեղծ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930