ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի համոզմամբ՝ իշխան ձկան աճի համար պետք է վերականգնել անմխիթար վիճակում գտնվող գետերը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում գետեր կան, որտեղ ոչ միայն ձուկ, այլև ընդհանրապես որևէ օրգանիզմ գոյություն ունենալ չի կարող:
Անդրադառնալով ցանցավանդակային աճեցման մեթոդին՝ մասնագետն այն առաջընթացային համարեց, բայց նաև զգուշացրեց, որ հատուկ մոտեցում ու մոնիտորինգ է անհրաժեշտ, որպեսզի այն չհանգեցնի Սևանա լճի աղտոտմանը:
Պարոն Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց նաև սիգի պահպանման հարցով՝ արձանագրելով, որ դրա պահպանման վիճակը դեռ չի փոխվել. «Տեսնում ենք, որ ամենուրեք վաճառվում է սիգի մանրաձուկը, ինչն անթույլատրելի է: Ամբողջ աշխարհում օրենքներ կան ընդունված. այն կենդանին, որը գոնե մեկ անգամ չի բազմացել, սերունդ չի տվել, չի կարելի վաճառել: Իսկ մեզ մոտ դա տեղի չի ունեցել: Կարևոր է սիգին պահպանել աշնանը՝ վերարտադրության շրջանում և գարնանը, երբ մանրաձուկը կուտակումներ է առաջացնում և այն ավելի գրավիչ դառնում»:
Բարդուխ Գաբրիելյանը նաև ահազանգեց, որ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը կարող է հանգեցնել ճահճացման, և կորուստները կարող են անդառնալի լինել. «Եթե մենք այսօր ունենանք բացասական հաշվեկշիռ, այսինքն՝ ունենանք իջեցում, ապա կունենանք անդարձելի բացասական երևույթներ Սևանա լճում՝ ջրի վատացում, ճահճացում: Հիմա Սևանա լճի մակարդակը բարձրանալով՝ լվանում է ափամերձ գոտիները, դրանով իսկ ավելացնում ջրում կենսածին տարրերը, որոնք բերում են ճահճացման: Իսկ եթե այսօր իջեցնենք ջրի մակարդակը, չենք կարող վերադառնալ այն նույն մակարդակին, ինչ եղել է նախկինում»:
Պարոն Գաբրիելյանն ահազանգեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ Սևանա լճի կենսածին տարրերը՝ ֆոսֆոր, ազոտ, դրանք այն քանակի են այսօր ջրում, ինչ եղել են վատագույն տարիներին՝ 1976-1978-ին, երբ Սևանը ճահճանում էր: Իհարկե, Սևանում կան անողնաշարներ, որոնք սնվում են նշված տարրերով, բայց եթե ձկան կողմից դրանք չօգտագործվեն, այդ կենդանիները կմահանան, կիջնեն հատակին, ու դա կհանգեցնի Սևանի ճահճացման:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ