Երեկ երեկոյան՝ ավանդական Գալա-համերգով, որի սկզբնամասում հայտարարվեցին մրցանակակիրների և հաղթողների անունները, ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը։
Մինչ դրա սկիզբը զրուցեցինք մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, միջազգային հումանիտար-մշակութային համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի և ժյուրիի նախագահ, Ալ․Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ։
Պրն Սմբատյանը, մասնավորապես, ասաց․ «Ավարտվեց այս տարվա մրցանակաբաշխությունը՝ «վոկալ» մասնագիտությամբ, որը մի փոքր անսովոր էր այն առումով, որ Արամ Խաչատրյանը մեծ թվով վոկալի համար գրված գործեր չունի․․․Եվ մենք որոշեցինք, որ Կոմիտասը հնչի, ով եղել է Խաչատրյանի աստվածը, և նրա գործերը հիմնված են Կոմիտասի երաժշտության վրա։ Մեզ համար էլ է շատ կարևոր, որ մեծն Կոմիտասը հնչի աշխարհում։ Եվ դա մեզ հաջողվեց, քանի որ այս տարվա դիմորդների թիվը գերազանցեց հարյուրը, և նրանք բոլորը սովորեցին Կոմիտաս։ Մրցույթի մասնակիցները առաջին և երկրորդ փուլերում շատ գեղեցիկ ձևով ներկայացրեցին Կոմիտասի գործերը։ Գիտե՛ք, Կոմիտաս կատարելը դյուրին բան չէ, սակայն Արևելքի ներկայացումը հանճարեղ Կոմիտասի միջոցով շատ էր հետաքրքրել մասնակիցներին։ Ուղղակի հիացանք ղազախստանցի երիտասարդ բարիտոն Ազամատ Ժելտիրգուզովի կատարմամբ, այն իրապես ֆանտաստիկ էր՝ մինչ այդ ես այսպիսի Կոմիտաս չէի լսել․․․»։
Խոսելով Խաչատրյանի անվան մրցույթի՝ երիտասարդ կատարողների կարիերայում դերի մասին, Արմեն Սմբատյանը հիշեցրեց երիտասարդ թավջութակահարներ ռումինացի Անդրեյ Իոնիցայի և մեր հայրենակից Նարեկ Հախնազարյանի օրինակը, ովքեր, հաղթելով Խաչատրյանի անվան մրցույթում, տարիներ անց դարձան աշխարհում մեծ հեղինակություն վայելող Չայկովսկու անվան մրցույթի հաղթողներ։
Կոնստանտին Օրբելյանն էլ ասաց․«Վստահորեն կարող եմ ասել, որ մրցույթը հաջողվեց․․․Առաջին անգամ էր Հայաստանում վոկալի գծող միջազգային մրցույթ անցկացվում, և շատ հետաքրքիր էր Կոմիտաս լսել տարբեր ազգերի ներկայացուցիչների կատարմամբ։ Երկրորդ փուլում վայելեցի հայ կոմպոզիտորների՝ Ռոմանոս Մելիքյանի, Էդվարդ Միրզոյանի, Աբրահամյանի հիանալի ռոմանսները․․․Իսկապե՛ս, սա մեծ հաղթանակ է թե՛ Հայաստանի, թե՛ մեր երաժշտության, թե՛ Սփյուռքի համար, որի բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր երկրներից մասնակցեցին մրցույթին»։
Բացելով երեկոն, ժյուրիի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանին՝ «Հայաստանում մշակույթի բարգավաճման համար ջանք չխնայելու համար», մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, նաև՝ Սմբատյան ընտանիքին։
Անցնելով առաջ, նշենք, որ Արմեն Սմբատյանի՝ ղազախստանցի կատարողի հասցեին հնչեցրած հիացմունքի խոսքերից հետո, բնավ պատահական չէր, որ վերջինս արժանացավ ո՛չ միայն երկրորդ մրցանակին, այլ նաև «չեմպիոն» դարձավ հատուկ մրցանակների քանակի առումով՝ հրավեր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգ տալու, «Արշակ Երկրորդ» օպերայից արիայի լավագույն մեկնաբանման, վերջապես, ազգային երգի լավագույն կատարման համար։ Երկուական հատուկ մրցանակ ստացան հայաստանցի երգիչներ Ջուլիետա Ալեքսանյանը և Տիգրան Օհանյանը։
Ի թիվս այլ մրցանակների հիշվեց Կոնստանտին Օրբելյանի հիմնադրամի դրամական մրցանակը կոնսերվատորիայի մանկավարժ Սուսաննա Մարտիրոսյանին, նաև դրամական խրախուսական մրցանակները ժյուրիի անդամներ երաժշտագետ Ռիչարդ Ռոդզինսկուց (ԱՄՆ) և Իզաբել Բայրաքդարյանից (Կանադա)։
Առաջին մրցանակ՝ Ջուլիետա Ալեքսանյան, սոպրանո, Հայաստան, ով ստացավ նաև հատուկ մրցանակ տիկին Ռիտա Սարգսյանից։ Ինչպես արդեն վերը նշվեց, երկրորդ մրցանակին արժանացավ Ազամատ Ժելտիրգուզովը, բարիտոն,Ղազախստան, իսկ երրորդ մրցանակին՝ Գագիկ Վարդանյանը, բարիտոն, Հայաստան։
Դե ի՛նչ, մեզ՝ հայերիս համար պետք է ուրախալի լինի, որ առաջին անգամ Արամ Խաչատրյանի անվան մրցույթում առաջին եւ երրորդ տեղերը զբաղեցրին Հայաստանի ներկայացուցիչները։
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի (ՀՊԵՆ)