«Թող ՀՀԿ վարկանիշային թեկնածուները փորձեին ընտրվել Սամվել Ալեքսանյանի կամ «ՍԱՍ-ի Արտակի» հետ, ասենք ՝ Արփինե Հովհաննիսյանը կամ Դավիթ Հարությունյանը: Վարկանիշայինով ընտրվածները քաղաքական գործիչներ չեն»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ նոր խորհրդարանին, ասաց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նրա բնորոշմամբ՝ ցանկացած մարդ, որն ուզում է պատգամավոր դառնալ, իրեն հայտարարում է ՀՀԿ անդամ եւ ցույց տալով ֆինանսական հնարավորությունները՝ դառնում դերակատար կուսակցությունում, որի գաղափարական կորիզը չկա:
Իգիթյանը համաձայն չէ պնդումների հետ, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն կազմեց վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջի շնորհիվ:
«Ուզում եք ասեք՝ Կարեն Կարապետյանի խոսելու շնորհի՞վ ՍԱՍ-ի Արտակը 20 հազար ձայն հավաքեց…Այսինքն, Կարեն Կարապետյանը քարոզում էր, որ «հայտնի»՝ վատ վարկանիշով անձինք ընտրվե՞ն, ո՜չ»,-ասաց նա:
Հովհաննես Իգիթյանի համոզմամբ՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի կողմից եղել են վարչական ռեսուրսի կիրառում, կաշառքներ. «Եթե Կարեն Կարապետյանն ընդհանրապես չխոսեր եւ չերեւար, արդյունքը նույնն էր լինելու»:
Անդրադառնալով 2018թ. ՀՀ նախագահի լիազորությունների ավարտին, բանախոսը նկատեց. «ՀՀԿ-ականների հայտարարություններից, թե իրենք ունեն իրենց վարչապետին, կարելի է մտածել, որ խոսքը Կարեն Կարապետյանի մասին է, բայց վարչապետ կարող է լինել Սերժ Սարգսյանը, կամ մեկ ուրիշը: Իրականում ոչ մեկը չգիտի՝ ինչպե՞ս կլինի»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ