Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհներգի փոփոխությունը գեղեցկության մրցույթ չէ. «Հայոց Աշխարհ»

Հունիս 15,2017 12:42

Օրերս «Le Club de Richard Findykian» հաղորդաշարով Շառլ Ազնավուրի հայտնած միտքը, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի եւ իր հեղինակած «Քեզ համար Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ, մեր ստեղծագործական մտավորականության, անգամ քաղաքական գործիչների համար նոր քննարկումների ու բանավեճերի առիթ ստեղծեց։

Նախորդ տարիներին բազմիցս վեճերի առարկա դարձած օրհներգի փոփոխության հարցը սովորաբար բարձրացվում էր քաղաքական որոշակի գործընթացների նախաշեմին, սակայն այժմ, փառք Աստծո, գործ ունենք թեկուզ աշխարհահռչակ ու բոլորիս կողմից սիրված, բայց ընդամենը մի անհատի առաջարկության հետ։ Ասում ենք՝ փառք Աստծո, որովհետեւ նախորդ քննարկումների փորձից գիտենք, թե ինչով էին դրանք ավարտվում։
Սկզբում սկսվում էր գործող օրհներգի անհարկի ու գռեհիկ վարկաբեկման գործընթացը, հետո ասպարեզ էին ելնում նրա այլընտրանքն առաջարկող արվեստագետները։ Սկիզբ էր առնում մի մրցույթ, որն ավելի սազական է լավագույն երգի կամ երաժշտության համար սահմանվող մրցանակաբաշխությանը, բայց ո՛չ պետության օրհներգի փոփոխության գործընթացին։

Բնականաբար նման մթնոլորտում ամեն մի արվեստագետ իր «ապրանքն» էր գովազդում, իսկ առավել համեստները փորձում էին առաջ մղել մեր մյուս աշխարհահռչակ հայրենակցի՝ Արամ Խաչատրյանի կողմից ժամանակին ստեղծված Խորհրդային Հայաստանի օրհներգը։

Եվ այդ ամենը ավարտվում էր նրանով, որ պտույտ գործելով կախարդված շրջանակի մեջ՝ մենք դառնում էինք նույն կետին. անփոփոխ թողնելով գործող օրհներգը՝ «Մեր Հայրենիքը»։
Եվ վերհիշելով նախորդ քննարկումների անփառունակ ավարտը՝ պետք է հստակորեն արձանագրենք, որ «Հայոց Աշխարհ»-ն իր սկզբունքային ու միաժամանակ պատմական փաստերով հիմնավորված հրապարակումներով, կարողանում էր խորհրդածության անհրաժեշտ նյութ ու փաստարկներ մատուցել այդ բանավեճերի մասնակիցներին՝ հստակորեն հիմնավորելով, որ պետության օրհներգի փոփոխության խնդիրը գեղեցկության մրցույթ չէ, այլ պետական-քաղաքական կարեւոր առաջադրանք։

Օրհներգը չեն գրում երգ ստեղծելու համար, այլ այն ծնվում է աննկատ՝ որպես ազգի ու պետության պայքարի վճռորոշ հանգրվաններում նրա լավագույն զավակներին հաղթանակների ու հերոսացման տանող երգ ու երաժշտություն։
Եթե առաջնորդվենք զուտ գեղագիտական չափորոշիչներով, կամ էլ, հակառակը, մտապահենք այն արժեքները, որոնցով ղեկավարվում են ժամանակակից առաջավոր ազգերն ու պետությունները, ապա զարմանքից կքարանանք՝ տեսնելով, թե ինչ երաժշտության, մանավանդ՝ խոսքերի տակ են ոտքի կանգնում ֆրանսիացիները, գերմանացիները, իտալացիներն ու այլ ազգերը։

Բայց նրանցից ոչ մեկը չի պահանջում վերանայել գերհեղափոխական «Մարսելյոզը», որը կոչ է անում կռվել… Ֆրանսիայում 200 տարուց ավելի գոյություն չունեցող «տիրանիայի» (բռնակալության) դեմ, կամ, օրինակ, «Գերմանացիների երգը», որի հիմքում, ի դեպ, ընկած է ոչ թե Գերմանիայի, այլ Ավստրիայի կայսրին նվիրված Յոզեֆ Հայդնի «Աստված, պահպանիր կայսր Ֆրանցին» ստեղծագործությունը (1797թ.)։

Հետագայում՝ 1841-ին գերմանացի մի բանաստեղծ բառեր է գրել նրա համար «Գերմանիա, Գերմանիա, դու ամենից վեր ես», որը ժամանակին շատ էին սիրում արտասանել հիտլերականները։ Բայց հիմա Եվրոպայի այդ օրինակելի երկրում ոչ ոք չի պահանջում մի կողմ նետել կիսաավստրիական-կիսաֆաշիստական օրհներգը, որովհետեւ պատմական հանգամանքների բերումով դա է դարձել «Գերմանացիների երգը», եւ վերջ։
Իսկ մենք՝ իմաստուն գիտնականի ու մեծ գեղագետի տեսք ընդունելով, անընդհատ կրկնում ենք, թե «Մեր Հայրենիքի» հիմքում ընկած է Մ.Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը»։ Բայց չէ՞ որ հենց «Մեր Հայրենիք» երգելով են պայքարել, մարտի գնացել ու նահատակվել Սարդարապատի եւ բազում այլ ճակատամարտերի հերոսները՝ իրենց կյանքի գնով վերականգնելով հայոց պետականությունը։

Ի դեպ, իտալացիները նույնպես ժամանակին կարճատեսություն դրսեւորեցին, երբ 1946-ին՝ միապետության անկումից հետո, սոսկ իբրեւ Իտալիայի Հանրապետության ժամանակավոր օրհներգ ընդունված «Իտալիայի եղբայրները» (“Fratelli d’Italia’’) փորձեցին փոխարինել Վերդիի հեղինակած մեկ այլ երգով։ Դե, հասկանալի է, որ Վերդին էլ իրենց Խաչատրյանն է եւ գեղագիտական առումով գերազանցում է բռնակալ ավստրիացիներին հայհոյող, անգամ լեհերին ճնշող ռուս կազակների հասցեին թթու խոսքեր պարունակող այդ օրհներգին։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930