«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երեւանում է 90-ամյա պատմություն ունեցող Ռուսաստանի պետական ակադեմիական Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեեւի ղեկավարությամբ։ Չնայած 85-ամյա տարիքին՝ մաեստրոն հրաշալի «մարզավիճակում» է, հումորի հրաշալի զգացողություն ունի: Նա ասաց, որ իր նվագախմբում 10-ից ավելի հայ երաժիշտ է աշխատում:
Ավելին, Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբում ամուսնական զույգեր կան: Մաեստրոն կարծում է, որ դրանից շահում է ամբողջ նվագախումբը, քանի որ, ինչպես ինքն է ասում`муж и жена – одна сатана: Վլադիմիր Ֆեդոսեեւի համոզմամբ՝ դիրիժորի մասնագիտությունը ամենաբարդերից է ու ոչ ամեն մեկին հասու: Հյուրախաղորդ դիրիժորների մասին էլ ասում է, որ գոնե 10 անգամ պետք է փորձեն ունկնդրի առաջ դուրս գալուց առաջ: Նրա խոսքով՝ հաճախ տաղանդավոր կոմպոզիտորները նույնքան տաղանդ չեն ունենում իրենց գործերը իբրեւ դիրիժոր մեկնաբանելիս: Ինչ վերաբերում է այն հարցին, թե բեմադրություններ անելիս ումն է ամենակարեւոր դերակատարությունը, մաեստրոն ասում է. «Ժամանակները փոխվել են, առաջ գլխավոր մարդը պրիմադոննան էր, հետո՝ դիրիժորները, հիմա՝ ռեժիսորները: Ի դեպ, ես նախընտրում եմ առանց ռեժիսորների աշխատել»:
Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
15.06.2017