Այսօր ԵԽ-ն կազմակերպել էր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողով: Այն ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել էր համաժողովը, համաֆինանսավորում է ԵՄ-ն: Բացման խոսքում Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ անդրադառնալու են դրական եւ բացասական դասերին, որոնք քաղել են այս ընտրությունների ընթացքում: Նա ընդգծեց. «Մենք նպատակ ունենք շարունակել մեր աշխատանքները կառավարության եւ քաղհասարակության հետ»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բացման խոսքում երեք ուղերձ հղեց իշխանություններին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին ուղերձն այն էր, որ փոխեք ԿԸՀ-ի կազմը, ինչքան էլ արդյունավետ աշխատի, մարդիկ չեն հավատում ու չեն վստահում:
Երկրորդը՝ դատական համակարգում փոփոխություններն են. «Եթե ուզում եք հասարակությունը վստահի ձեզ, վստահի ընտրական գործընթացների արդյունքներին, պետք է ունենալ արժանահավատ, անկախ գործող մարմին՝ հանրային աչքերում: Եթե իրավապահ մարմինները չեն դիտվում հանրության աչքում քաղաքական տեսանկյունից որպես անկախ եւ չեզոք՝ երբեք բնակչությանը չենք կարող համոզել, որ իրավապահ մարմինները ծառայում են ժողովրդին: Բոլոր իրավապահ մարմինները ժողովդրավարական երկրներում համարվում են պետության մաս, բայց չեն ընկալվում՝ որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող ուժ: Հասարակ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ իրավապահ մարմինները իրենց կողմն են: Մեզ անհրաժեշտ է հանրային ընկալումները փոխել»:
Հաջորդ ուղերձը, ըստ Սվիտալսկու, հետեւյալն է՝ «Երբ խոսում ենք ընտրատարածքներում գործընթացի արդար լինելու մասին, քվեատուփերի մասին, ԱԺ ընտրությունների մասին, որոնցից հետո հնչեցին մի շարք հայտարարություններ, մենք վստահ ենք, որ ընտրատեղամասերում գործընթացը լինում է արդար, բայց պետք է մենք ուշադրություն դարձնենք, թե ինչ է տեղի ունենում ընտրատեղամասից դուրս: Այստեղ են հենց ընկալումները ձեւավորվում: ԵՄ նախնական զեկույցում արդեն նշվում է ՝ եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու, սպառնալիքի դեպքեր, ընտրություն կատարելու ընթացքում օգնելը, ուղղորդելը: Լուսանկար կար, երբ բուժհաստատություններից մեկում բժիշկներն էին քվեարկում հիվանդների փոխարեն: Իհարկե, սրանք փոքր երեւույթներ են, բայց ընկալումները ձեւավորվում են՝ հենց նման փոքր բաների վրա: Մենք, որպես ԵՄ, կուզենայինք խրախուսել, որ այս թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլ նաեւ հասցեագրվեն»:
Պյոտր Սվիտալսկին հայտարարեց՝ «Շատ խորն է բարոյական ճգնաժամը ՀՀ կրթական հաստատություններում, «Ազատությունը» եւ այլ լրագրողներ բացահայտել են փող բաժանելու դեպքեր, եղել են դեպքեր, երբ մարդկանց ծեծի են ենթարկել, նվաստացրել են: Մասնավոր ընկերության աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել, ոչ քաղաքակիրթ վերաբերմունքի են արժանացրել: Սրանք անընդունելի երեւույթներ են: Բարդություններ կան, որ գործ բացվի, պատժվեն, բայց այս փաստերն անխուսափելի են, եթե դա չարվի: Ապատիայի, հուսահատության պատմությունների մեջ չեմ ուզում մտնել, որովհետեւ ինձ չեմ համարում հայկական հասարակության մասնագետ, բայց գիտեմ, որ հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության եւ ազատության: Երկու տարի ՀՀ-ում ապրելուց հետո համոզվել եմ՝ հայերը գենետիկորեն ուզում են ազատություն: Իրենք բավականին քաջ են՝ պայքարելու իրենց ազատության համար, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում ՀՀ-ն լիբերալ ժողովդրավարական պետություն դառնալու հարցում: Գիտեմ, որ ճանապարհը դյուրին չէ, բայց վստահ եմ, որ ՀՀ-ն ունի ապագա: Հայաստանը կունենա ավելի գոհացնող ընտրություններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ