Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների, ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման և արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար հստակ և կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են եւ այդ խնդիրները հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցման միջոցով:
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ՝ մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ վերոնշյալ ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողների համար կանխատեսելի դարձնելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ. «Անհրաժեշտության դեպքում պետք է համագործակցել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամի հետ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ