Լրահոս
Օրվա լրահոսը

«800 հեկտարով մի չափեք, չի կարելի»․ Դավիթ Շահնազարյան. (Տեսանյութ)

Հունիս 15,2017 12:00

«Այն, ինչ կատարվեց անցյալ տարի ապրիլին, պատմական դեպք էր, կասեցվեց սարսափելին»,- ասում է Դավիթ Շահնազարյանը

«ՆԱՏՕ-ն կընդլայնվի, հուսանք, որ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին»
Հունիսի 10-11-ը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համատեղ եւ ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության ծրագրերի ստորաբաժանման աջակցությամբ Հայաստանի լրագրողների համար կազմակերպած «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» սեմինարում զեկույցով հանդես եկավ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

«Շատ քաղաքական գործիչներ ասում են` ՆԱՏՕ-ն ապահովում է ԵՄ անվտանգությունը, այդպես չի, ՆԱՏՕ-ն ապահովում է միայն անդամ երկրների անվտանգությունը… Բոլոր այն մեղադրանքները, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, ես այդպես չեմ համարում. ՆԱՏՕ-ից արեւելք ընկած երկրներն են ամեն ինչ արել, որպեսզի ՆԱՏՕ-ն ընդլայնվի, եւ իրենք անդամակցեն ՆԱՏՕ-ին, որովհետեւ պատմականորեն իմացել են, որ ՌԴ-ից իրենց նկատմամբ վտանգ է գալիս` իրենց պետականության, իրենց տարածքային ամբողջականության ուղղությամբ: ՆԱՏՕ-ն անվտանգություն է»,- նշեց բանախոսը` մի ուշագրավ պատմություն վերհիշելով: Մեկ-երկու տարի առաջ Վրաստանում Դավիթ Շահնազարյանը զրույցի է բռնվել մի խանութի վաճառողի հետ, որն ասել է, թե ցանկանում են ՆԱՏՕ-ին անդամակցել, երբ Շահնազարյանը հարցրել է` ինչո՞ւ, նման պատասխան է ստացել. «Որովհետեւ այնտեղ հինգերորդ հոդված կա», եւ երբ Շահնազարյանը հարցրել է` իսկ ինչ կա՞ այդ հինգերորդ հոդվածում, վրաց վաճառողը պարզաբանել է. «Եթե մեզ վրա հարձակվեն` ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավոր են մեզ պաշտպանել»: Նշենք, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն` դաշինքի անդամ որեւէ երկրի նկատմամբ հարձակումը նշանակում է հարձակում դաշինքի նկատմամբ:

Ըստ Դավիթ Շահնազարյանի` Վրաստանը վաղուց պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամակցության. «ՆԱՏՕ-ն կընդլայնվի, եւ հուսանք, որ Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին: Վրաստանը նույնիսկ շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան եվրոպական շատ երկրներ: ՆԱՏՕ-ն անվտանգություն է եւ ոչ միայն անդամների կարծիքով, այլեւ այն պետությունների, որոնք ձգտում են այնտեղ»:

ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից

Դավիթ Շահնազարյանը բացարձակապես անհիմն է համարում այն խոսակցությունները, որ Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից: «Թուրքիայում ոչ մեկի մտքով դա չի անցնում: Թուրքիան ՆԱՏՕ-ի եւ առաջին հերթին Միացյալ Նահանգների կարեւորագույն գործընկեր է: ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից: Որքան շատ Թուրքիան ինտեգրված լինի միջազգային նման կառույցներին, այնքան կանխատեսելի կլինի, իսկ մեզ ի՞նչ է պետք՝ կանխատեսելի Թուրքիա է պետք: Այո, Հայաստանի շահերից է բխում նաեւ, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ: Մեզ պետք է կանխատեսելի եւ կայուն Թուրքիա, եւ փառք Աստծո, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում է: Բացի այդ, Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ սահման ունի: Խորհրդային Միությունը երկու տեղ ՆԱՏՕ-ի հետ սահման ուներ՝ մեկը հայ-թուրքական սահմանն էր, մյուսը՝ Նորվեգիայում, եւ ամենաուժեղացված հսկողության սահմաններն էին»,- ասաց նա:

Հայաստանը կտրուկ քայլեր չպետք է ձեռնարկի, բայց ակտիվ պետք է գործի

Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ այսօր Հայաստանը իրավունք չունի կտրուկ, շրջադարձային քայլեր կատարելու: «Հայաստանը կտրուկ քայլեր չպետք է ձեռնարկի, բայց ակտիվ պետք է գործի: Ակտիվ, բայց ոչ կտրուկ` նույն Ղարաբաղի հարցով, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող ոչ մի երկիր չպետք է կարգավորման ղեկը միայնակ իր ձեռքը վերցնի»,- ասաց Շահնազարյանը` հավելելով, թե նույնիսկ որեւէ կասկած չունի, որ Հայաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Հարցին, թե ե՞րբ դա կարող է տեղի ունենալ, նա պատասխանեց. «Ճիշտ պահին»: Իսկ ի՞նչն է նման լավատեսության հիմք տալիս, թե երբեւէ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին՝ հարցին Շահնազարյանը հակիրճ պատասխանեց. «Որեւէ կասկած չունեմ, որ դա տեղի է ունենալու, պատմականորեն այլ ձեւ չկա»:

Բանախոսը նաեւ պատասխանեց լրագրողների այլ թեմաներով հարցերին:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նշանակմանն անդրադառնալով` Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ բոլոր ուժային կառույցները քաղաքացիական անձինք են ղեկավարել, բայց պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կուսակցականությունը դադարեցնում էին։ «Հիմա Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը, եւ իմ խորին համոզմամբ՝ շատ ճիշտ է։ Ես ինքս շատ դրական եմ գնահատում։ Այո, պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական գործիչ ու պետք է ներկայացնի իր քաղաքականությունը: Եվ հիմա տեսնում եմ, որ այն, ինչ օրենսդրորեն կար, բայց իրականում, մեղմ ասած, այնքան էլ չէր գործում, այսինքն` Գլխավոր շտաբի եւ ՊՆ-ի գործառույթների տարանջատումը բոլոր զարգացած երկրներում, բոլոր այն պետությունները, որոնք ունեն արդյունավետ պաշտպանության համակարգ` այդպես է: Հիմա նկատում եմ, որ այն գործում է, բարեփոխումները սկսվեցին Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո, եւ այս ամենը գնահատում եմ շատ դրական»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին` Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ համեմատել չի կարելի այն, ինչ մեկ տարի առաջ էր եւ հիմա։ «Այն, ինչ կատարվեց անցյալ տարի ապրիլին, դա կարեւորագույն պատմական դեպք էր մեզ համար, որովհետեւ կասեցվեց սարսափելին։ Խնդրում եմ ձեզ, 800 հեկտարով մի չափեք, չի կարելի այդպես չափել»,- հավելեց նա։ Այնուհետեւ նա հիշեցրեց Ստոկհոլմի Խաղաղության ինստիտուտի տվյալները, համաձայն որոնց՝ վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ սպառազինություն է ձեռք բերել, քան Հայաստանը։ Ո՞րն է գլխավոր եզրակացությունը անցյալ տարվա ապրիլյան պատերազմից՝ հարցրեց Շահնազարյանն ու հավելեց. «Որ չնայած այն ահռելի անհավասարակշռությանը, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ադրբեջանին չհաջողվեց էական ձեռքբերում ունենալ: Սա է ամենակարեւոր եզրակացությունը ապրիլյան պատերազմից։ Դա չի նշանակում, որ մեզ մոտ ավելի լավ է։ Աստված չանի. որ օրը համարվի, որ պաշտպանության բնագավառում ամեն ինչ լավ է՝ նախագահից սկսած մինչեւ վերջին սպան պետք է հրաժարական տան»,- նշեց Շահնազարյանը։

ՆԱՏՕ-ի նկատմամբ հայկական մամուլում կա հիմնականում հանդուրժող, դրական վերաբերմունք

«ՆԱՏՕ-ի վերաբերյալ հաղորդակցություն Հայաստանում» թեմայով զեկույցով հանդես եկավ Երեւան մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, որը Հայաստանի լրատվամիջոցները բաժանեց երեք հիմնական մասի` ՆԱՏՕ-ի թեմաներին անդրադառնալու առումով: «Առաջին խումբը կազմում են այն լրատվամիջոցները, որոնք շարունակում են, անկախ նրանից, որ այդ եզրույթը քիչ է օգտագործվում Հայաստանում` կոմպլեմենտարության քաղաքականություն: Այսինքն՝ համարում են, որ ցանկացած միջազգային համագործակցություն Հայաստանի համար դրական նշանակություն ունի՝ անկախ նրանից, թե ինչ վեկտորի է այն՝ լինի Եվրասիական, թե արեւմտյան: Ցանկացած զարգացում այդ հարաբերություններում հիմնականում դրական լույսի ներքո է լուսաբանվում, այդ թվում նաեւ ցանկացած համագործակցության դրսեւորումներ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Երկրորդ խումբը շատ ավելի փոքր է, այն լրատվամիջոցներն են, որոնք կողմնակից են Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը եւ սերտացմանը եւ մինչեւ իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եւ բավականին քննադատական են ցանկացած այլընտրանքի նկատմամբ: Այդ լրատվամիջոցները ազդեցիկ են հիմնականում երկրի ինտելեկտուալ խավի շրջանակներում, բայց քիչ հասանելի են այն մեծամասնության համար, որոնք չեն խորանում ընդհանրապես միջազգային զարգացումների հարցերին: Եվ երրորդ խումբը, որն ամենահետաքրքիրն է, ամենադինամիկն է, դրանք այն լրատվամիջոցներն են, որոնք փորձում են ցանկացած կերպ վարկաբեկել ցանկացած նախաձեռնություն Հայաստանի եւ Արեւմուտքի ուղղությամբ եւ հնարավորինս գովազդել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, եվրասիական ինտեգրմանը՝ անկախ նրանից, թե ինտեգրացիան որ ոլորտում է տեղի ունենում: Նույնիսկ կասեի, որ անվտանգության ոլորտն ամենագրավիչն է այդ շրջանակի համար: Այդ լրատվամիջոցների եւ նրա հետեւում կանգնած հանրային քաղաքական շրջանակի համար անվտանգության ոլորտն այն ոլորտն է, որտեղ իրենց փաստարկները առավել համոզիչ են բնակչության համար»,- նշեց պարոն Նավասարդյանը:

ԵՄԱ նախագահն այնուհետեւ ներկայացրեց մեկ տարի առաջ արված ուշագրավ ուսումնասիրությունների արդյունքներ` համեմատելով ռուսաստանյան եւ Արեւելյան գործընկերության այլ երկրներում այդ նույն սեգմենտի ուսումնասիրությունների արդյունքները: Դրանք այն լրատվամիջոցներն են, որոնք ըստ պարոն Նավասարդյանի՝ թե՛ համոզմունքներով, թե՛ ֆինանսական շահերից ելնելով, փաստորեն, Հայաստանում տարածում են այն գաղափարները, այն ուղերձները, որոնք հիմնականում տարածում են նաեւ ռուսաստանյան առաջատար երեք դաշնային հեռուստաալիքները` «Առաջին ալիք», «Ռոսիա 1» եւ ՆՏՎ: Ուսումնասիրության համար առանձնացվել էին 44 մեսիջներ, հետեւել են, թե ինչպիսի հաճախականությամբ եւ ինչպես են դրանք հնչեցվել ե՛ւ երեք ռուսաստանյան հեռուստաալիքներով, ե՛ւ վեց երկրներում:

«Այդ 44 մեսիջներից մեկն անմիջապես վերաբերում էր ՆԱՏՕ-ին եւ ձեւակերպված էր հետեւյալ կերպ` ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայում անմիջական վտանգ է հանդիսանում Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանի նկատմամբ վտանգը ինչ-որ տեղ ասոցացվում է այդ սեգմենտի համար նաեւ իրենց երկրների համար վտանգի հետ: Վեց երկրներից Հայաստանում նույնիսկ այդ սեգմենտի լրատվամիջոցների մոտ այն ամենաքիչ հիշատակվող, ամենաքիչ մեջբերվող մեսիջն էր, մեկ ամսվա ընթացքում երեք լրատվամիջոցներում այն հնչեցվել էր ընդամենը երկու անգամ: Առաջին տեղում հաճախականությամբ հայտնվել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այդ մեսիջն այնտեղ հնչեցվել էր 32 անգամ, եւ 32 դեպքերում էլ հեղինակը եւ լրատվամիջոցը համաձայն էին այն պնդման հետ, որ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը վտանգ է հանդիսանում Ռուսաստանի համար: Ընդհանրապես բոլոր 44 մեսիջներից առավել հաճախ Ադրբեջանի ուսումնասիրած լրատվամիջոցներում հենց այդ ուղերձն էր հնչեցվում»:

Ռուսական մամուլի 44 մեսիջներից ո՞րն էր, որ առավել հաճախ էր հնչեցվում Հայաստանում, ըստ պարոն Նավասարդյանի՝ դա հետեւյալն է. «Հայաստանում քաղաքացիական հասարակությունը Արեւմուտքի հինգերորդ շարասյունն է, եւ միայն Հայաստանն է, որտեղ այդ մեսիջն առաջին տեղում էր:

Ադրբեջանից հետո անմիջապես գալիս է Մոլդովան, որտեղ այդ մեսիջը` (ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայում անմիջական վտանգ է հանդիսանում Ռուսաստանի համար) հնչեցվել էր 24 անգամ եւ 24-ից 19 դեպքում պաշտպանվել էր հեղինակի եւ լրատվամիջոցի կողմից եւ 5 անգամ չեզոք համատեքստում էր ներկայացվել: Հաջորդը գալիս է Ուկրաինան` 18 անգամ դրական համատեքստում, Բելառուսում` 12 անգամ, եւ 8 անգամ՝ Վրաստանում: Փաստորեն Հայաստանն այդ երկրներից բավական հետ է ընկած, եւ եթե փորձենք եզրակացություն անել, ապա ՆԱՏՕ-ի նկատմամբ հայկական մամուլում կա հիմնականում հանդուրժող կամ դրական վերաբերմունք: Բայց պետք է նշենք եւս մեկ փաստ, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ տեղեկատվական դաշտում ռուսական լրատվամիջոցների ներկայությունը բավականին ազդեցիկ է՝ մանավանդ եթե խոսում ենք միջազգային թեմաների լուսաբանման մասին: Նույնիսկ կասեի, որ ռուսաստանյան լրատվամիջոցները միգուցե նույնիսկ ավելի ազդեցիկ են հանրային կարծիքի ձեւավորման առումով, քան հայկական լրատվամիջոցները` հաշվի առնելով, որ դրանք լրատվամիջոցներ են, որոնք հասանելի են հիմնականում բոլորին: Ուսումնասիրված երեք ռուսական հեռուստաալիքներով նշյալ մեսիջը հնչեցվել է 75 անգամ, այսինքն՝ դա լրիվ փոխհատուցում է հայկական պրոռուսական լրատվամիջոցների սեգմենտի պասիվությունը ՆԱՏՕ-ն վարկաբեկելու առումով»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 15.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հետաքրքիր է՝ որևէ մեկը չի հնչեցրել արդյոք ՆԱՏՕ-ական երկրների կողմից իրար նկատմամբ թշնամական վերաբերմունքի և նույնիսկ քայլերի մասին, ինչպես, օրինակ, Հունաստանի և Թուրքիայի դեպքում է երևի 50 տարի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930