Մեր՝ հայաստանցիներիս հասարակական մշակույթում կա ամեն գնով օրենքին չենթարկվելու ձգտումը: 40 տարի առաջ այդ ձգտման հիմնավորումները հնչում էին հիմնականում խոհանոցում: Երբ բանվորը գործարանից պահեստամասեր էր գողանում, երբ գործակատարը «տակից» ավելի թանկ գնով ապրանք էր վաճառում, կամ երբ բնակիչը իր տան էլեկտրաէներգիայի համար չմուծելու նպատակով համապատասխան լարեր էր օգտագործում, նա նեղ ընտանեկան կամ ընկերական շրջանակներում կարող էր իր «հիմնավորումները» բարձրաձայնել. «Տո, էս պետության հերն եմ անիծել, ինչո՞ւ չպիտի գողանամ: Հլը տեսեք՝ էն ցեխավիկը կամ էն դատախազը ոնց են ապրում»: Հիմա, բարեբախտաբար, խոսքի ազատություն է, եւ այդ տեսակի հիմնավորումների համար կան ֆեյսբուքը եւ կայքերը:
Երբ առողջապահության նախարարն ասում է՝ ծխելը վնաս է առողջությանը (կարծես թե, անվիճելի եւ վերին աստիճանի «ապաքաղաքական» պնդում է), միջին վիճակագրական հայաստանցին ասում է կամ գրում է ֆեյսբուքում եւ կայքերում՝ «լավ եմ անում՝ ծխում եմ, ինադու ավելի շատ կծխեմ, ինձ նորմալ, բարեկեցիկ կյանք տվեք՝ չեմ ծխի, դարդից եմ ծխում»: Երբ վարչապետն ասում է՝ պետք չէ փողոցներում ավտոմեքենաներից դուրս գցել ցելոֆանե տոպրակները, նույն մարդիկ ասում եմ՝ «լավ եմ անում՝ շպրտում եմ, բա որ այսինչ օլիգարխը սաղ անտառը կտրել ա, իրա համար դղյակ ա սարքել»: Փնթիությունն այդպիսով դառնում է քաղաքական բողոքն արտահայտելու ձեւ:
Վերջերս էլ վարչապետը խոսեց քստիկներով, անթրաշ եւ հաճախորդների ներկայությամբ ծխող վարորդների մասին, որոնք դիմավորում են Հայաստան վերադարձող մեր քաղաքացիներին եւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին: (Դուք չե՞ք տեսել նման տաքսիստների): Բնականաբար, կայքերը գնացին վարորդների մոտ, եւ վերջիններս ասացին մոտավորապես հետեւյալը. «Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի: Հեսա ավելի ճղած շորերով ու մայկեքով ենք կայնելու: Հըլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա»: (Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա եւ «երկիրը դզի»): Հիմա, որ Հանրապետության հրապարակից ամեն ժամ գեղեցիկ, կահավորված, մաքուր ավտոբուսներ են գնում «Զվարթնոց» օդանավակայան, պիտի ասեն՝ էս խեղճ մարդկանց հացից են զրկում:
Ես ամեն տարի կանոնավոր կերպով մուծում եմ իմ տան գույքահարկը: Ինձ ասում են, որ ես հարիֆ եմ, որովհետեւ դա Հայաստանում ինչ-որ ձեւով հնարավոր է չանել. «Խի՞ պիտի մուծեմ: Էն օրը Նիկոլն ասաց, որ այսինչը չի մուծում: Թող նրանք մուծեն, հետո ես»:
Կամ՝ «Ինչու են «Սասնա ծռերին» դատում: Ի՞նչ օրենք, ի՞նչ դատարան: Բա որ իշխանությունները «մարտի 1» սարքեցին, նրանց դատեցի՞ն»:
Քաղաքական գործիչները սիրում են կրկնել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարության»: Փոքր-ինչ փոխելով այդ բանաձեւը՝ կարող եմ ասել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ստալին
Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին,
Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին,
Հազար կայծակ փայլատակեց մըրրիկներում արնաներկ,
Ու շողացին գիշերներում հազար ասուպ, հազար երգ:
Բայց տառապած մարդու համար չէր ճառագել մի արև,
Մարքսի նըման ճաճանչափայլ, Էնգելսի պես հանճարեղ,
Լենինի պես բոցակորով, Լենինի պես լուսահորդ,
Եվ քեզ նըման հըստակ ու մեծ, ո՜վ պողպատե Առաջնորդ:
Չի՛ խավարի ծիրանավառ հորիզոնում պատմության
Ձեր հանճարի արեգակնային չորրորդությունը տիտան:
Կըծավալվի նա անսահման, հավերժաբար կա՛րևի,
Եվ կպատռի մըշուշն անցյալ և ապագա դարերի:
Հազար Հոմեր ու Ֆիրդուսի կառնեն գըրիչ ու քընար,
Ու երգելով չեն ըսպառի Ձեր մեծությունն անհնար:
Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,
Կըտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:
Իսկ ես, զինվորըդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,
Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:
Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,
Դու՝ ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին:
Կանգնած էր նա, իմ ժողովուրդը, խոր վիհի եզերքին՝
Իր հանճարի հազարամյա մարգարիտները ձեռքին,
Կանգնած էր նա անդունդի մոտ, անօգնական ու հյուծված,
Արյունակից և այլազգի ոսոխներից հալածված,
Մահվան մըթին մըրրիկների ամենակուլ բերանում՝
Նա, հոշոտված բազուկներով, մի ելք էր նոր որոնում:
Ազատարար Հոկտեմբերի քայլերն այնժամ թընդացին,
Հընչեց քո ձայնը լենինյան, Լենինի հետ միասին.
Դուք օգնության լույս նետեցիք ժողովըրդին իմ չոքած,
Դուրս կոչեցիք մահվան վիհից դեպի կյանքի դուռը բաց:
Նա վեր կացավ գոտեպնդված, ոստնեց թափով ահագին
Ու միացավ կոմունիզմի աշխարհաերթ բանակին:
Մեռավ Լենինն ու պատմության սիրտը մի պահ դադարեց
Ու շողացիր հորիզոնում դու արևի նըման մեծ,
Նախորդներիդ հըզոր լույսով և քո լույսով սեփական
Տանում ես դու երկիրն ահա դեպի պայծառ ապագան:
Անունըդ խոր երգի նըման մարդկանց հոգին ողողում,
Թևեր տալիս ու հիասքանչ հերոսության է մըղում:
Եվ իմ չըքնաղ Հայաստանի ծաղկածիծաղ լեռներում
Իր նոր աշխարհն է կառուցում քեզնով լեցուն մի սերունդ:
Եվ ես, նըրա ծոցից ելած մի խանդավառ բանաստեղծ,
Բերում եմ քեզ իմ երջանիկ ժողովրդի սերը մեծ:
Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,
Դու մարդկային երջանկության ճարտարապետ ու դարբին:
ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ
ընդհանուր եւ հիմնական ախտաճանաչումը շատ տեղին է անշուշտ
միայն թէ, յատկապէս տաքսիի վարորդներու պարագային,
– արդարութեան համար կամ արդարացման համար, չգիտեմ… -,
գոնէ նշենք հետեւեալը՝
նորմալ երկիրներում, արդարեւ, տաքսիստները ենթարկուած են բազմաթիւ պարտաւորութիւններու, ներառեալ իրենց անձի եւ մեքենայի վիճակին, տեսքին ու մաքրութեան վերաբերեալ. այդ խիստ կանոնները որոշ վայրերում իրենց իսկ ընկերակցութիւնը կը հաստատէ, եւ ոչ միշտ պետական իշխանութիւն մը (երբեմն՝ քաղաքապետարանը)
տարբերութիւնը այն է սակայն թէ, այդ երկիրներին բաղդատելով, եւ ամէն բան նկատի առնելով, Հայաստանի տաքսիները արտակարգօրէն աժան են…
ասոր պատճառը այն է թէ Հայաստանի բնակիչներէն շատեր մեքենայ չունեն, եւ հետեւաբար շատ են օգտագործում տաքսիով փոխադրութեան միջոցը, որ այսպէսով երկրում դարձած է տարրական կարիք
լուրջ առաջարկ՝ այցելուներու պարագային, տարբեր սակ պէտք է ճշդուի. նորէն համեմատաբար աժան – չափը չանցնի, նորէն… -, բայց մի քիչ աւելի քան թէ տեղացիների համար. կարգով-կանոնով անշուշտ, եւ ոչ թէ ինչպէս մի քանի տարիներ առաջ, երբ կարգ մը վարորդներ դրսեցի յաճախորդը պատանդի տեղ կը դնէին, եւ զայն կը կթէին որքան որ կարող են… երբեմն նոյնիսկ տաքսի իսկ չունէին… սակայն անցան այդ օրերը, գնացինք առաջ… շարունակենք…
Շատ նուրբ կը գտնեմ Ձեր իւրայատուկ և հնարամիտ ոճը Թէականով ներկայացնելու մեր երկրին հարցերը առանց վիրաւորելու և մանաւանդ առանց վիրաւորուելու- մեր ընդունուած բացատրութեամբ սովոր ենք ըսելու -ՀԱՍԿՑՈՂԻՆ ՇԱՏ ԲԱՐԵՒ –