Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Հայոց Վեհափառին

Հունիս 15,2017 11:30

Վեհափա՛ռ, Ձեզ գրում է Արցախյան պատերազմի բովով անցած հավատացյալ քրիստոնյան, ով միաժամանակ բռնադատվել է ընտրատարածքում մարդկանց քրիստոնեական ազատամտությունը ամենայն արդարությամբ պաշտպանելու համար…
Ուղեցույց ունենալով Աստծո խոսքի հեղինակությունը և գերիշխանությունը, և առաջնորդվելով «Մարդ ինչ որ ցանի, այն կհնձի» Գաղաղատացիս 6:8, ինչպես նաև «Մարդ ինչպես կարող է փրկվել, եթե անհոգ գտնվի» Եբրայեցի 2:3 Աստվածային կարգախոսներով, իմ հոգևոր անհանգստությունն եմ արտահայտում Ձեր բացառիկ անտարբերության հանդեպ, կապված մեր հայաստանյան վերջին ընտրությունների հետ: Քանի որ մեր օրերում Սուրբ հոգու հայտնություններով խոսելը Ձեր մոտ կարող է ծիծաղ առաջացնել, ես խոսում եմ իմ՝ հավատացյալ քրիստոնյայի անունից և թող Տերը ների ինձ…
Քրիստոնյա Հայաստանում վերջին ԱԺ ընտրություններում քրիստոնյաների նկատմամբ կատարվեց հոգևոր նախճիր, Ձեր լուռ համաձայնությամբ:

Այո՛, Դուք Աստծուց կոչում ունեք այս երկրի վրա կապելու և արձակելու, բայց Դուք մեկ ուրիշ կոչում էլ ունեք, որ հոգևորապես կրթեք, դաստիարակեք քրիստոնյա ժողովրդին, վարվեք ճշմարտության արդարությամբ և սրբությամբ, որ «ջանք դնեք Ձեր և Ձեր հավատացյալ ժողովրդի Աստծուն որդի մնալու կոչումը և Քրիստոսին Տեր Փրկիչ ընտրելու ընտրությունը հաստատ պահեք» 2 Պետրոս 1:10:

Ձեր հոգին ինչպե՞ս հանդուրժեց , որ Աստծո կողմից Ձեզ վստահված հոտի մեջ մտած գայլերը հոշոտեն, փչացնեն քրիստոնյաներին Հովհաննես 10:10, նրանց դարձնելով մոլորված, Աստծուց ձանձրացած, ապստամբ և նույնիսկ Աստծուն հայհոյողներ. Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք քարոզելու աստվածային սիրո մասին…

Այո՛, ըստ Տիրոջ խոսքի եկեղեցին այսօր Լավոդիկյան գաղջ հոգևոր վիճակի մեջ է: Հայտնություն 3:14-22: Կա մարմնավորի և հոգևորի պատերազմ Գաղատացիս 5:16-17, մեղք գործելը դարձել է հասարակ մի բան, որովհետև մարդը մարդուց է վախենում, իսկ Աստծուց՝ ոչ, բայց դա պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Դուք ամբարիշտների ժողովի մեջ գնայիք Սաղմոս 1:1, մասնակցեիք անօրենների խորհրդին: Այո՛, ամբարիշտներ, անօրեններ, որոնք ընդամենը 40 օր առաջ 10.000-ական դրամով բռնադատեցին, բռնաբարեցին մարդու ազատ կամքը, նրա քրիստոնեական ազատամտությունը, մահացու մեղքի մեջ գցելով միլիոնից ավելի հայ քրիստոնյաների, անեծքի մեջ՝ ամբողջ ազգին:
Եվ, թե ինչո՞ւ մահացու, որովհետև նույնիսկ Աստված չկամեցավ ներազդել մարդու ազատ կամքի վրա, որը և պատճառ դարձավ Եդեմական պարտեզի ողբերգությանը, իսկ անզգա մարդիկ, Ձեր լուռ համաձայնությամբ այդ արեցին և արեցին «շահի» միջոցով:
Վեհափա՛ռ, այս ամենը ճակատագրի հեգնանք է՞, թե հատուկ անեծք հայ ժողովրդի վրա: Մոտ 6000 տարի հետո Հայաստանի պատմական երկրում երկրորդ անգամ ադամական չար բնույթի, չար վիճակի մեղքի նման մեղք է գործվում, մերժելով Աստծո խոսքը, անհնազանդություն դրսևորելով Աստծո խոսքի նկատմամբ: Հակառակորդը «պարարտ» հող ունենալով նախ մարդու ազատ կամքը և մարդկային ցանկասիրությունները, հասավ նրան, որ քրիստոնյան ընդամենը 10.000 դրամով վաճառի Աստծո կողմից իրեն տրված միակ հոգին, որը Քրիստոսը Գողգոթայի խաչի վրա հավատքով վերադարձրել էր մարդուն «Երանի հոգով աղքատներին՝ Մատթեոս 5:3 վա՛յ այդ հոգին ապականողներին, ահավոր բան է Կենդանի Աստծո ձեռքը ընկնելը…

Եդեմական պարտեզում Սատանան մարդուն խաբեց օձի միջոցով, իսկ քրիստոնյա Հայաստանում՝ օձի համակիրների: Այո՛ մեր Տերը և Փրկիչը Գողգոթայի խաչի վրա վերադարձրեց այն հոգին, որը պետք է կառավարեր մեր մարմինը, մեր շունչը, նա հոգևոր և մարմնավոր տառապանքների, անարգվելու գնով իր սուրբ և կատարյալ արյամբ հաղթեց աշխարհին չարին և մեղքին, ու այդ հաղթությունը տվեց, մեզ՝ հավատքի մարդկանց, որ մեր հոգին վաճառեի՞նք և ինչո՞վ պաշտենք Քրիստոսի հավիտենական, շնորհի գերազանց մեծությունը… ինչո՞վ և ինչպե՞ս…

Որպես քրիստոնյա հարց եմ տալիս, Դուք որպես հոգևոր առաջնորդ Աստծո ընտրյալների՝ ասել է անուսների, աղքատների, անզորների, ոչ տոհմիկների հե՞տ եք 1 Կորնթացի 1:27-29, թե՞ արդար քրիստոնյաների դեմ դուրս եկած ամբարիշտ, Քրիստոսի խաչի թշնամիների հետ, որոնց Աստված անվանել է վհուկի, անբարոյականության … սերունդ, Եսայի 57:1-3: Եվ վերջապես, Վեհափա՛ռ , Ձեր, մարդկանց հետ վերաբերվելու տարօրինակ հատկանիշները ինձ՝ հոգևոր տհասիս, նվաստիս ստիպում են նորից հարցնելու, ո՞րն է ճշմարիտը , Քրիստոսի կյանքի, սիրո բնույթը հագնել և Ձեր թողտվությամբ, Ձեր անգործության պայմաններում ամբարիշտների կողմից հարձակման թիրախ դառնալ, թե՞ միշտ գործել, աշխատել ամբարիշտների խորհրդի մեջ, կերպարանված այս աշխարհը ապականող ցանկություններով և Ձեր անօգուտ օրհնությունները ՛՛վայելել՛՛: Ինձ թվում է Աստծուն պետք է հաճելի լինել և ոչ մարդկանց…

Վեհափա՛ռ, Դուք որպես հոգևոր ավելի լավ պետք է իմանաք այն 7 պիղծ բաների մասին որոնցից Աստված զզվում է՝ առակաց 6:17-19.

1. Ամբարտավան աչքեր՝ եսակենտրոն, հպարտ մարդու աչքերի մեջ է թաքնված դաժանաբարո նայվածքը, հայացք, որը չարիքի արմատներից է…

2. Ստախոս լեզու՝ վերջին ԱԺ ընտրություններում, քրիստոնյա Հայաստանի նախագահը և վարչապետը խոսք տվեցին իդեալական ընտրություններ, ասել է մարդու ազատ կամքի դրսևորում, և բռնադատեցին հայ քրիստոնյայի, հայ զինվորի քրիստոնեական ազատամտությունը և ի վերուստ նրանց տված ազատ կամքը, հակասահմանադրական, հակաօրինական, ամենաանբարո մեթոդով:

3. Չար խորհուրդներ հնարող սիրտ՝ այն հոգևոր նախճիրը, սպանդը որը կատարվեց առաջինը աշխարհում պետականորեն քրիստոնեական կարգավիճակ ստացած երկրում, հետևանք էր մեկ չար սրտի նախօրոք մշակած, ծրագրած հնարքի, որի արդյունքում իր հոգին ծախող քրիստոնյան դարձավ «դատարկություն» և այսօր ավելի շատ է ատում, նողկանք տածում այդ հնարամիտ, չար սրտի նկատմամբ, քան՝ երեկ: Չար սրտերի մամոնապաշտության մոլուզքը, ուղիղ համեմատական է տվյալ երկրի մեղքի «բարգավաճմանը»:

4. Չարության համար արագ վազող ոտքեր՝ 1996թ-ից քրիստոնյա Հայաստանում ձևավորվեց վհուկի, անբարոյականության մի սերունդ, որոնք նախագահական և ԱԺ-ի ընտրությունները դարձրեցին ուղղորդված, հարկադրական քրիստոնյաների ազատ կամքը ծառայեցնելով չար սիրտ ունեցող աստվածամերժ մարդկանց: Այդ սերունդը չար սրտեր ունեցող յուրաքանչյուր մարդու կանչով պատրաստ է արագ վազելու և իր չար գործը անելու իհարկե իշխանական որոշակի լափ և որոշակի լափաման ստանալու ակնկալիքով:

5. Անմեղ արյուն թափող ձեռքեր՝ Քրիստոնյա Հայաստանում քաղաքական բոլոր սպանությունները կատարվել են տվյալ ժամանակաշրջանի հնարամիտ չար սրտի հրահանգով՝ չարի համար արագ վազող ոտքերի միջոցով:

6. Ստեր փչող անիրավ վկա՝ 20 տարի է Հայաստանը Քրիստոսի գահի հիմքը հանդիսացող արդարությունը և ճշմարտությունը ոտնահարած քրիստոնյա երկրի պետականությունը կառուցում է ստի, կեղծիքի ցինիզմի և լպիրշության վրա, դրա համար նախապատրաստած ունենալով վայրահաչող վկաների «կրթված և դաստիարակված» հատուկ բանակ, ովքեր այսօր էլ վկայում են, որ հատկապես վերջին ընտրություններում ոչ մի հակասահմանադրական դրույթ չկա, որ փողով հոգի առնելը՝ բարեգործություն է:

7. Եղբայրների մեջ կռիվ գցողներ՝ Քրիստոնյա Հայաստանի իշխանավորները քրիստոնյաներին դասակարգել են 2 մասի՝ յուրայինների և հակառակորդների: Հատկապես յուրաքանչյուր ընտրությունից հետո այդ 2 դասի միջև հակամարտությունը այնքան է լարվում, որ նույնիսկ հարազատ եղբայրները կարող են իրար կոկորդ կրծել: Այդ հակամարտությունը ծրագրավորված է: Եթե «շները» կռվեն, չար խորհուրդներ և չար սիրտ ունեցողի ֆիզիկական կյանքը կարծեցյալ անվտանգության մեջ է:
Վեհափա՛ռ, եթե նամակիս մեջ հանդիմանական շեշտադրումներ կգտնեք, առաջինը մտածեք, որ Աստված է իմ միջոցով հանդիմանում, և եթե դա չեք ընդունում, ուրեմը իմացե՛ք, որ նվաստս չի առաջնորդվել Առակաց 24:24-25 համարով:

Վերջում աղոթում եմ Ձեզ համար, թո՛ղ Հայր Աստծո սերը, Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու հաղորդությունը Ձեզ հետ լինի հավիտյանս, հավիտենից ԱՄԵՆ:

 

Աստծո խոնարհ ծառա՝ Գոռ Գաբրիելյան
Արարատի մարզ գյուղ Ոսկետափ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930