«Ապրում ենք, էլի, մեր հող ու ջրին կպած, մեր դառ ու քաղցր քրտինքը լիզելով, ես եմ, Օվսեփն ա, Օվակիմն ա… գյուղապետն ի՞նչ, լավ, ջահել, խելացի տղա ա… հո նա չի մեղավոր, որ նասկիս ծակ ի, յա թոշակս մի էրկու գրոշ ա»,- մեզ հետ զրույցում, մի քանի դեղին ատամների ատամների արանքում սիզը տանել-բերելով, ասում է Վանաշենի գյուղացիներից մեկը: Չի ցանկանում ներկայանալ` պատճառաբանելով, որ չի ուզում անունը «գազեթում» գրվի:
Վանաշենցի մեր զրուցակիցը կարեւոր է համարում, որ ինքն ու իր «ասլան» կնիկը, «ասլան» աղջիկը, Արցախում կռիվ տված տղերքը «լավ լինեն»:
«Ախպերս, մենք մեր գլխի, մեր հավ ու ճվի, մեր էն էրկու բաշ կովի ու թաք, զռռացող էշի գլխի ճարը տեսնում ենք հա»,- մեր հարցերին ի պատասխան՝ ասում է նա ու գնում դեպի իր մոտակա խաղողի վազերը:
Վանաշենը Արարատի մարզի հին բնակավայրերից մեկն է, իր վարելահողերով սահմանակից է Վեդի քաղաքին եւ գտնվում է Վեդիից Երեւան գնացող մայրուղու ձախ կողմում՝ հենց Մասիսների դիմաց: Վեդի գետը գյուղը բաժանում է երկու մասի: Մինչեւ անցած դարի 60-ական թվականները գյուղի հիմնական մշակաբույսերը բամբակենիներն ու փշատենիներն էին:
Միայն 1922-23 թվականներին գաղթական վանեցիների` թուրքաբնակ հայոց այս շենում հաստատվելուց հետո է, որ կարեւորվում են դպրոցն ու կրթությունը, ինչի արդյունքում էլ սկսում են նաեւ բազմատեսակ ծառեր տնկել: Ավելի ուշ զբաղվում են խաղողագործությամբ: Այժմ գյուղի 300 հեկտար վարելահողի 160 հեկտարը զբաղեցնում են տարբեր տեսակի խաղողի այգիները:
Հայաստանի մյուս գյուղերի պես Վանաշենն էլ 26-27 տարի առաջ՝ անկախության հենց առաջին օրերից, կանգնեց խնդիրների առաջ. սով, մութ ու ցուրտ տարիներ: Սովետական գյուղսովետին փոխարինեց գյուղապետարանը, որը մեն-մենակ կանգնեց խնդիրներին դեմ հանդիման: Այնուամենայնիվ, մարդիկ՝ հանուն վաղվա նոր, բարետես Վանաշենի, կարողացան դժվարությամբ, բայց դիմակայել սոցիալական խնդիրներին:
Վանեցի, բիթլիսցի, սասունցի, պարսկահայ՝ բոլորը մի դեմք ու տերն են իրենց հող ու ջրի, քար ու ծառի, ամբողջը մի թիզ էլ չկա՝ 526 հեկտար: Վանաշենում 2 հազար 686 մեծ ու փոքր են ապրում: Արցախյան հերոսամարտում զոհված հինգ համագյուղացի ունեն, չորսն էլ կորած են համարվում: Վանաշենը 802 տնտեսություն ունի:
Գյուղի ամենատարեց բնակիչը 110-ամյա Մարիամ մեծ տատն է` Ցեղասպանության հետքն իր վրա ունենալով:
Վանաշենում վերջին հինգ տարիներին դրական տեղաշարժեր կան. այստեղ պարբերաբար համայնքի ղեկավարին իրենց առաջարկներն են ներկայացնում նաեւ դպրոցի բարձր դասարանցիները, համատեղ քննարկվում են գյուղի զարգացմանը միտված այդ ծրագրերը: Գյուղի պատասխանատուները փաստում են, որ Վանաշենում շեշտակի աճել է ծնելիությունը: Եթե շատ գյուղերում դպրոցահասակ երեխաների թիվը գնալով պակասում է, ապա այս գյուղում այս սեպտեմբերին դպրոց կհաճախի 44 առաջին դասարանցի:
Վանաշենցիներն ասում են, որ մեծ չափով լուծվել են երիտասարդների ժամանցի ու զբաղվածության հարցերը, ինչով էլ պայմանավորված` այս համայնքից արտագնա աշխատանքի գնացողների թիվը նվազել է: Համագործակցելով մաքուր երկիր կազմակերպության հետ՝ աղբահանության խնդիրն էլ լուծվել է: Ավագանու կայացրած մի շարք որոշումներով ուշադրության կենտրոնում են պահվում սոցիալապես անապահով գյուղացիների, ազատամարտիկների ընտանիքների ու միայնակ տարեցների խնդիրները:
Գյուղը խնդիրներ էլ շատ ունի` ոռոգման ջրի, լուսավորության, խաղողի ընդունման մթերակայանի եւ այլ հարցեր դեռ լուծված չեն:
«Տարեկան բյուջեի սղության հետ է կապված»,- ասում է գյուղապետը, որի ղեկավարած հիմնարկը սեփական տանիք էլ չունի: Գյուղապետարանի աշխատակազմը մի կերպ տեղավորվել է մշակույթի տան նեղլիկ սենյակներում ու սպասում է, որ 2017-ին կամ 2018 թվականին նոր նստավայր կունենան: Փոխարենը գյուղը հարուստ գրադարան ու արխիվ ունի, որոնք խնամքով պահպանվում են:
2013-ին էլ հիմնովին եւ նոր տեխնիկական ու երաժշտական սարքավորումներով վերակառուցվել է գյուղի մանկապարտեզը՝ 60 հոգանոց խմբին ավելանալով եւս 30 մանուկներ: Նախակրթարանը վանաշենցիները կոչում են եվրամանկապարտեզ, քանի որ կարծում են` նոր սերունդը հենց այդպիսի պայմաններում պիտի մեծանա: Այն գործում է ամբողջ տարին եւ ֆինանսավորվում է գյուղապետարանի կողմից:
Վանաշենցիները մեզ հետ զրույցում գյուղի անվանի մարդկանցից առանձնացնում են գրականագետ, գրող Հովիկ Չարխչյանին, հայր եւ որդի Սամվել, Արտեմ Հակոբյաններին, որոնք մեկիկ-մեկիկ լուսանկարահանում, տեսագրում, գրում են հայոց բնակավայրերի, հուշարձանների պատմությունը:
«Սա Տիգրան Պետրոսյանի հուշաղբյուրն է, սա՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանինը: Գյուղացիք դրել են նրանց ներկայությամբ: Սա Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեր Ներսիկ Չարխչյանի քանդակն է, նա Արցախի Բեր Ձորում, Ռուսաստանի հայաշատ որ քաղաք ու գյուղում հուշարձաններ չունի դրած, նկարի այս աղջիկը մեր 20-ամյա տաղանդաշատ դուդուկահար Մարինե Թովմասյանն է: Այս տարի էլ Բուլղարիայում կմասնակցի նոր միջազգային մրցույթի»,- ներկայացնում է երկրորդ անգամ Վանաշենի ընտրված գյուղապետ Արտաշես Գրիգորյանը. «Ես իմ խոստումները՝ բոլորը կկատարեմ, բայց, այ, եկեղեցի չունենք, եւ մենք դեռ հովանավորներ ենք փնտրում: Դա էլ կունենանք եւ ծնունդ ու կնունքի, հարսանիքների համար չենք հասնի Խոր Վիրապ կամ էլ Վեդու եկեղեցի»:
Գյուղապետն ասում է, որ այս տարին՝ 2017 թվականը, Վանաշենի համար հոբելյանական է, որովհետեւ 95 տարի առաջ վանեցիները հաստատվել են գյուղում. «Մենք գեներալ էլ ունենք՝ Գրիգոր Գրիգորյանը, արվեստագետներ:
Հումորով եւ երկարակյաց մարդիկ են վանեցիները: Օրինակ՝ 84-ամյա մեր Մացո պապին, աշխարհը գիտի, անցած տարի էլ կնոջ հետ խոպան էր գնացել»:
Այս տարի Վանաշենը մի առիթ էլ ունի նշելու. 1886-1887 թվականները ուզում են սահմանել գյուղի ծննդյան օր, այս տարի կտոնեն գյուղի 130-ամյակը: Պատրաստում են Վանաշենի օրհներգը, դրոշի նմուշն էլ ունեն:
Վանաշենցիները պատմում են, որ այդ ժամանակներում բնակավայրում ապրել են 166 թուրք-ազերի եւ ընդամենը մեկ հայ ընտանիք, որտեղից էլ առաջացել է գյուղի անունը՝ Թաք դամ, հայերեն՝ մեկ հայ ընտանիք: Թաք դամն էլ հետագայում դարձել է Թայթան՝ մինչեւ 1978 թվականը, երբ մեծանուն գրող Հ. Շիրազը հյուր լինելով թայթանցիներին՝ առաջարկել է բնակավայրի նոր անուն` Վանաշեն:
ԱՎԻԿ ՇԱՂՈՅԱՆ
Վանաշեն- Երեւան
«Առավոտ»
14.06.2017