Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ խցում բոլորը ծխում են»

Հունիս 15,2017 13:30

Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 8-ը հացադուլ էր հայտարարել «Նուբարաշեն»
ՔԿՀ-ի կալանավորը, 5 օր գտնվել էր ջրադուլի մեջ: Ի՞նչն էր պատճառը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 59 խցի կալանավոր Զավեն Ակտիվի Զանյանը դիմում է ուղարկել հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի ղեկավար Ա. Հովսեփյանին, արդարադատության նախարար Դ. Հարությունյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին: Նա հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության քննիչը 2017թ. մայիսի 30-ին՝ առավոտյան զանգահարել է կալանավորի բջջային հեռախոսին եւ չասելով ինչի համար, ինչպես, առանց իր իրավունքը բացատրելու, կանչել է զինվորական քննչական վարչություն: Կալանավորը նույն օրը՝ ժամը 13-ի սահմաններում, առանց փաստաբանի, ձերբակալվել է եւ նրան ուղարկել են ժամանակավոր պահման մեկուսարան:

«Հունիսի 1-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ստեփանյանը կայացրեց կալանավորման որոշում, իմ գրավոր միջնորդությունը՝ ինձ ազատելու համար, դատարանը մերժեց»,- հայտնում է կալանավորը: Կալանավորը գրավը որպես խափանման միջոց ընտրելու իր միջնորդությունը հիմնավորել էր մի շարք բժշկական փաստաթղթերով, որոնք փաստում են նրա ծանր հիվանդությունների մասին: Նա ունի կոնտուզիա, շաքարային դիաբետ, աջ երիկամ չունի, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին տարել է սրտի ծանր վիրահատություն: Կալանավորը տառապում է նաեւ լյարդի հիվանդությամբ, ունի հիշողության կորուստ, լավ չի լսում եւ նաեւ տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Ի դեպ, նա կալանավորման ժամանակահատվածում դիմել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Օսիկյանին, որպեսզի հաշվի առնվի իր հիվանդությունները եւ բուժման նպատակով տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց: «Դիմումներս հակառակ էֆեկտ տվեցին: Ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղափոխեցին 59 խուց, որտեղ բոլորը ծխում են, իսկ ես սրտի հիվանդ եմ եւ չեմ կարողանում շնչել, օդ չկա: Խուցը գտնվում է սանիտարահիգիենիկ կեղտոտ պայմաններում: Խցում 10 հոգի ենք, ուր վխտում են խավարասերները, ոջիլներ… Օրվա ընթացքում մի քանի անգամ վատանում եմ, իսկ բժիշկն էլ մի քանի անգամ ինձ մոտեցել է ձեւական, եւ վերջ»,- իր բողոքում հայտնել էր կալանավորը: Կալանավորն ասում է, որ չի օգտվում ՔԿՀ-ի կերակուրներից: Նա խնդրում է դիմումին արձագանքեն՝ հաշվի առնելով իր ծանր առողջական վիճակը, ինչպես նաեւ ստուգել եւ հսկողություն սահմանել իր դեմ հարուցված քրեական գործի վրա: Կալանավորը ԵԿՄ անդամ է, պահեստազորի ենթասպա, ազատամարտիկ, 2-րդ խմբի հաշմանդամ:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

14.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930