Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռավոր հուշերի մի քաղաք…

Հունիս 15,2017 13:00

Հայ հայտնի գործիչներ շարքից՝ բանաստեղծ Սարո Գյումրեցի

Բանաստեղծ չեն դառնում, բանաստեղծ ծնվում են: Օրինակները բազմաթիվ են՝ Ե. Չարենց, Ավ. Իսահակյան, Հովհ. Թումանյան, Վ. Տերյան, Պ. Դուրյան, Հ. Սահյան, Հովհ. Շիրազ, Պ. Սևակ և էլի շատ ուրիշներ: Սովորաբար արձակագիրը հենվում է գաղափարի վրա, իսկ բանաստեղծը՝ զգացմունքի: Բանաստե՛ղծ ես, եթե զգացածդ, լինի դա սեր, ատելություն, հայրենասիրություն, քաջություն և այլն, կարողանում ես ճշգրիտ բառերով, հանգերով և տեղին համեմատություններով թղթին հանձնել, հակառակ դեպքում՝ խղճուկ ոտանավորներ մրոտո՛ղ ես… Իսկ, ինչպե՞ս տարբերել իսկական բանաստեղծներին: Իսկական բանաստեղծներին գնահատական են տալիս հենց իրենք՝ իսկական բանաստեղծները: Սարո Գյումրեցի բանաստեղծին առաջինը նկատեց մեծն Շիրազը:
Հայտնի է, որ Շիրազը գովասանքներ շռայլողներից չէր, ընդհակառակը՝ վատ բանաստեղծներին առաջինն ինքն էր քարկոծում ու ծաղրում: Մինչդեռ Սարոյի դեպքում, շատ տարիներ առաջ, նույնիսկ «կնքեց» նրան Սարո Գյումրեցի գրական մականունով, որը մեծ հարգանքով ու արժանապատվությամբ նա առ այսօր կրում է՝ համարելով Շիրազին իր Ուսուցիչը: Շիրազը՝ Սարոյին հոգեհարազատ է նաև որպես համերկրացի, այսինքն՝ որպես բնիկ գյումրեցի: 1967թ.-ին Երևանում Շիրազը հանպատրաստից մի փոքրիկ բանաստեղծություն գրեց և որպես պատգամ նվիրեց Սարոյին.

Սիրելի Ս-ին /Սարո Գյումրեցուն/

Շիրազն ասում է՝ կաթիլն հավատիս
Ծովանա պիտի, պիտի քաղցրանա,
Մոտ է՝ կցրվի ամպն Արարատիս,-
Կցրվի թեկուզ դարեր թանձրանա,
Մասիսի համար ընկնողը որդիս,
Մասիսի նման պիտի բարձրանա…

Գյումրին Սարոյի թուլությունն է. նա շատ է սիրում Գյումրին, բայց ո՛չ որպես լոկ ծննդավայր:

Գյումրեցիները իմ սրտին մոտ են,
Իմ սրտի մեջ են նրանց խոսքերը,
Քանզի դարերի լուսե ճամփորդն են,
Եվ հավերժինն են գյումրեցիները…
(Հատված «Գյումրեցիները» բանաստեղծությունից)

Գյումրին եղել է, մնում է և լինելու է որպես արվեստագետների քաղաք: Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, իսկ մշակութային առումով՝ առաջինը: Միգուցե Գյումրվա ավանդույթները, հումորը և արհեստագործության զարգացումն է պատճառը, որ այստեղ մշակութային գունապնակն ավելի քան բազմազան ու հարուստ է: Վստահաբար, կարելի է ասել, որ Գյումրին Հայաստանի մշակութային դարբնոցն է: Այստեղ են ծնվել կամ ապրել այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ հայ մեծ բանաստեղծներ՝ Ավ. Իսահակյանը և Հովհ. Շիրազը, ՀՀ ժողովրդական դերասաններ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը, հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինականի պետական թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Վարդան Աճեմյանը, հայ մեծանուն երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արաքսյա Գյուլզադյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանը, հանրահայտ գուսան Շերամը և շատ ուրիշներ: Հատկանշանական է, որ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան առաջին անգամ Գյումրիում է բեմադրվել 1912թ.-ին:


Ս. Գյումրեցին ծնվել է 1951թ.-ին Գյումրիում: Ավարտել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1974-1978թթ. աշխատել է Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար: 1978թ.-ին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան: 1978-1980թթ. աշխատել է «ԱՐՄԵՆՊՐԵՍ» ինֆորմացիոն գործակալությունում, 1980-1994թթ.՝ «Կանչ» մանկապատանեկական պարբերականում, 1994-1998թթ.՝ «Առավոտ» օրաթերթում: 1998թ.-ից բնակվում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում: 1999թ.-ից «ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» գրական-մշակութային հանդեսի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը: 2001թ.-ից՝ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի անդամ է և Ամերիկայի հայ գրողների միության անդամ, իսկ 2012թ.-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ:

Ս. Գյումրեցին 1999թ.-ին արժանացել է ամերիկյան «Southern Claifornia Motion Picture Council»-ի կողմից սահմանված «Bronze Star Hallo Award» պատվոգրին և «Jeanie Emerald Star Angel Award» ամենամյա մրցանակին, 2005թ.-ին՝ «ԳՅՈՒՄՐՈՒ 2005թ. ՏԱՐՎԱ ՄԱՐԴ» տիտղոսին, 2007թ.-ին՝ «ՄՀԵՐԻ ԴՈՒՌ» մրցանակի և «ՈԶՆԻ 2007» դափնեկրի կոչմանը, 2010թ.-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից սահմանված «Սփյուռքի լավագույն հայկական լրատվամիջոց» ԳԼԽԱՎՈՐ մրցանակի, Ավ. Իսահակյանի դիմանկարով «ՎԱՐՊԵՏ» ոսկյա կրծքանշանի, «ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ» գիտամշակութային կենտրոնի կողմից սահմանված «ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ» ոսկյա շքանշանի և Հայաստանի գրողների միության պատվոգրի, 2016թ.-ին՝ «ՈԶՆԻ 2016» դափնեկրի կոչմանը:

Ս. Գյումրեցու բանաստեղծական խառնվածքը ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից: Նա ունի «Գյումրեցիներ», «Հայրենական», «Պատարագ մորս», «Կարոտի նամակներ», «Որդուս, որ պիտի գա», «Միայնություն», «Հավատս վանք է», «Գյումրի, քո՛ կենացը», «Պատարագ հորս», «Մերոնք…», «Լո՜ւյսդ բարի, աշխարհ», «Խոստովանանք» բանաստեղծությունների շարքերը: Ս. Գյումրեցին գրել է նաև «ՏԻՐԱՆ» ասք-պոեմը և երեք գողտրիկ պատմվածքներ՝ «Որսկան ախպեր», «Խաղաթղթերը» և «Փրկարար ձեռքեր…»: Նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել 2001թ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ «Հեռավոր հուշերի մի քաղաք» վերնագրով, նրա համանուն բանաստեղծության անունով.

Հեռավոր հուշերի մի քաղաք.
Բազմություն՝ անհանգիստ, անհամար,
Առաջին իսկ սիրուց դեռ անհագ՝
Մահացավ մի փոքրիկ սիրահար…
(«Հեռավոր հուշերի մի քաղաք» երգ-բանաստեղծությունից)

Գիրքը հրատարակվել է մեծարգո Կարո և Մարիա Ճրճրյանների հովանավորչությամբ:

Ս. Գյումրեցու երկրորդ գիրքը լույս է տեսել Հայաստանի Հանրապետությունում 2016թ.-ին՝ Հայաստանի գրողների միության Շիրակի բաժանմունքի աջակցությամբ՝ «Գյումրի, քո՛ կենացը…» վերնագրով, նորից նրա համանուն բանաստեղծության անունով.

Ու դարդոտած խմեի
Գյումրի, քո՛ կենացը,
Գավաթիս մեջ խեղդեի
Տղամարդու լացը:
(Հատված «Գյումրի, քո՛ կենացը» բանաստեղծությունից)

Բանաստեղծը չի կարողանում հաշտվել իր սիրելի ծնողների կորստի հետ: Անընդհատ, սրտի խոր կսկիծով հիշում է նրանց իր բազմաթիվ բանաստեղծություններում: Նա մոր մասին գրում է.

Գնամ մորս կարած կարոտները հագնեմ
Ու տաքանամ մի քիչ… Արդեն աշո՜ւն է, ո՜ւշ…
Գնամ Փառան տատիս աղոթքները հեգեմ,
Ջրեմ կորուստների ծաղիկները քնքուշ…
(Հատված «Էլեգիա» բանաստեղծությունից)

Նրա՝ վշտից ալեկոծ հոգում միշտ վառ է նաև հոր հիշատակը.

Կգար, հոգնած կնստեր մեր հին թախտին թիկն արած,
Ու կհիշեր կարոտով անդարձ կորած հին Գյումրին,
Մայրս՝ խանում հարսը տան, այնժամ մոլոր, շվարած՝
Լուռ կնստեր հորս մոտ, խաչ կհաներ երեսին:
(Հատված «Հայրս» բանաստեղծությունից)

Ս. Գյումրեցին մեծ վարպետությամբ, մի քանի բառով, արտակարգ հեշտությամբ, միևնույն ժամանակ հեքիաթային դրվածքով ներկայացնում է իրենց ներդաշնակ ու համերաշխ ընտանիքը՝ հոր՝ վարպետ Մկրտիչի գլխավորությամբ.

Հայրս մեր Տուն-Եկեղեցու խաչն էր սուրբ,
Մայրս՝ խորանն Աստվածաշուրթ աղոթքի,
Զավակները՝ լուսե մոմեր՝ սրբանուրբ,
Գիշեր-ցերեկ լույս էին խնկում հավատքի:
(Հատված անանուն բանաստեղծությունից)

Ի՜նչ լավ է, որ դեռ կան մարդիկ, որ «ձյունաճերմակ» են մնացել: Բանաստեղծի բառապաշարում տեղ են գտել «ձյուն», «ձյունե», «ձյունաճերմակ» բառերը, որոնք խորհրդանշում են ազնվությունը, անաղարտությունն (ինչպիսին՝ հատկապես առաջին ձյունն է) ու հոգու մաքրությունը:

Եվ ո՞վ կտա, ո՞վ կբերի ինձ քաղցր քուն,
Ո՞ւմ կարոտը կծերանա իմ կարոտից,
Ո՞վ կերազի գիշերները մթնում անքուն՝
Սրտում պահած ձյունաճերմակ սերս անբիծ:
(Հատված «Ուրիշ ոչ ոք» բանաստեղծությունից)

Ի՜նչ բանաստեղծ, որ չգովաբանի, չաստվածացնի սերը, բնականաբար, Ս. Գյումրեցու պոեզիան լեցուն է նաև գողտրիկ սիրային բանաստեղծություններով.

Ափդ բաց արա՛, սպասիր մի քիչ,
Հիշի՛ր. կարոտիս աղավնին կգա,
Կերակրվելու հատիկով ոսկյա,
Ափդ բաց արած սպասի՛ր այս գիշեր:
(Հատված «Կարոտիս աղավնին» բանաստեղծությունից)

Կամ, օրինակ՝ այս մեկը.

Քեզ սպասեցի երկար ու դու չեկար,
Իմ կարոտած, ձյունե դու իմ քնքշա՜նք,
Ա՜խ, ցանկացար, որ քեզ սպասեմ երկար…
Որ դրանով չափես իմ սերը թանկ:
(«Ձյունե կարոտ» բանաստեղծությունից)

Բանաստեղծը, ինչպես ամեն մի հայ, ինչպես նաև համարելով իրեն Շիրազի աշակերտը, տառապում է մեր պատմական հողերի, հատկապես՝ Մասիսի կորստով: Ս. Գյումրեցին չի պատկերացնում Մասիսն ուրիշների ձեռքին: Նա ասում է.

Մասիս, գլխիդ ամպ է նստել,
Ո՞ւմ է պետք,
Ամպ է նստել, ձյուն է նստել,
Ո՞ւմ է պետք…
(Հատված «Կարոտի լեռ» բանաստեղծությունից)

Բանաստեղծ Ս. Գյումրեցին նաև լրագրող է. 1999թ.-ից Կալիֆոռնիայում հիմնադրել և լույս է ընծայում առ ասյօր «ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ» գրական-մշակութային հանդեսը, լինելով մեծ համբավ վայելող այդ պարբերականի գլխավոր խմբագիրը:

1999-2017թթ. հրատարակվել և ընթերցողի դատին են հանձնվել հանդեսի գունազարդ և բովանդակալից 73 համարները: Հանդեսն ունի ընթերցողներ ԱՄՆ-ում, Հայաստանում և աշխարհի շատ, գրեթե բոլոր հայաշատ բնակավայրերում: Ս. Գյումրեցին, գյումրեցուն հատուկ հումորով, հանդեսի համար այցետոմս է կազմել.

Անունը՝ Համայնապատկեր,
Ազգանունը՝ Համասփյուռքյան,
Ազգությունը՝ հայ,
Հավատքը՝ քրիստոնեական,
Ծննդավայրը՝ Լոս Անջելես,
Ծննդյան տարեթիվը՝ 22 ապրիլի, 1999թ.,
Ուղղվածությունը՝ գրական-մշակութային,
Ապավինում է՝ արյան կանչին,
Ունկնդրում է՝ ներքին ձայնին,
Նախընտրած գույնը՝ եռագույնը,
Դիրքորոշումը՝ ազգային
Ճակատագիրը՝ հայի բախտ…

Լինելով արվեստի հայտնի գործիչ և հրապարակախոս, նա հաճախ է ելույթներ ունենում Կալիֆոռնիայի հայկական հեռուստակայաններով՝ «US Armenia», «Shant TV», «Horizon» և այլն: Նրա խմբագրատունը, որ գտնվում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի կենտրոնում, վաղուց սիրված հավաքատեղի է դարձել նկարիչների, գրողների, լրագրողների, գրականագետների, երաժիշտների և, իհարկե՛, նրան նվիրված ընթերցասերների համար: Չնայած Ս. Գյումրեցու բուռն գործունեությանը, նա բնույթով պարզ մի մանուկ է և առանց իր գործունյա ու բանիմաց կնոջը՝ Սոնայի, պարզապես «կկործանվեր».

Եթե ուշանա զանգն իմ, սիրելի,
Դու հանգիստ մնա, ոչինչ չի՛ եղել,
Պարզապես, չարը ծաղրում է դեռ ինձ,
Բարին, պարզապես, շատ է խեղճացել:
(«Ի՞նչ արած, կյանք է» բանաստեղծությունից)

Համացանցում կարող եք դիտել նաև Ս. Գյումրեցու հարցազրույցը, որը նրա հետ վարել, նկարահանել և տեղադրել է YouTube-ում ԱՄՆ Հայ գրողների միության անդամ, արձակագիր, թարգմանիչ և լրագրող Մարտին Շիրինյանը 2017թ. մայիսի 5-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում: Հոդվածում ներկայացված 4 լուսանկարները նունպես պատրաստվել են նրա կողմից:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Գլենդել, Կալիֆոռնիա
28 մայիսի, 2017թ.

 

«Առավոտ»

14.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930