Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Հունիս 14,2017 21:12

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդներից մեկին՝ խորհրդարանի պատգամավոր Էնիս Բերբերօղլուին (լուսանկարում` աջից) դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը հանրապետականների առաջին պատգամավորն էր, որ դատապարտվեց իրական ազատազրկման:

Բերբերօղլուի կողմնակիցները նրա դատավճիռն անվանել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ընդդիմադիրներին վախեցնելու փորձ:

«Մեր օրենսդրի ազատազրկումը դառը օրինակ է այն բանի, որ երկրի դատական համակարգը գործադիր իշխանության լիակատար վերահսկողության տակ է»,- ասվում է ԺՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բերբերօղլուն մեղադրվել է «Ջումհուրիյեթ» թերթին թուրքական իշխանությանը վարկաբեկող գաղտնի փաստաթղթեր տրամադրելու մեջ:

2015թ. մայիսին «Ջումհուրիյեթի» լրագրողները հրապարակեցին ոստիկանների մասնակցությամբ տեսանյութ, որոնք Թուրքիայի հարավում հայտնաբերել էին զենքի և զինամթերքի խմբաքանակ: Ըստ պարբերականի՝ զենքը նախատեսված էր Սիրիայի տարածքում գործող իսլամիստ-զինյալների համար և ուղղակիորեն կապ ուներ Թուրքիայի հետախուզական ծառայությունների հետ:

Թուրքիայի իշխանությունները պնդում էին, որ այդ սպառազինությունն ուղարկում էին Սիրիայի թուրքմեններին, որոնց իբր աջակցում է Անկարան:

2015թ. աշնանը «Ջումհուրիյեթի» գլխավոր խմբագիր Ջան Դունդարը և լրագրող Էրդեմ Ղուլը ձերբակալվեցին պետական դավաճանության, լրտեսության, պետական իշխանության նկատմամբ զրպարտության, ոչ ստույգ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով:

Նրանց դեմ հայցը ներկայացրել էր անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Արդյունքում երկուսն էլ մեղավոր ճանաչվեցին պետական գաղտնիք հրապարակելու մեջ. թերթի խմբագիրը դատապարտվեց 10 տարի և 5 ամիս, իսկ լրագրողը՝ 5 տարվա ազատազրկման:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը` «Ռոյթերսի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930