Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի ու «Վերանդա» սրճարանի մոտ մի քանի օր առաջ հնչած կրակոցների փաստով այսօր մեղադրանք է առաջադրվել «Գազպրոմ Արմենիայի» «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդին։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 34, 316 հոդվածի 2-րդ մասերով։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից (լուսանկարում)։ Վարորդը մեղադրվում է խուլիգանություն, հանցափորձ կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Հիշեցնենք, որ վերջինիս բախումը եղել է Գյումրու ավագանու անդամ, նախկինում գազի գրասենյակի տեղամասային պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Եդիգարյանի հետ։ Թատերական հրապարակում նրանց միջև եղել էր վիճաբանություն, ծեծկռտուք, նրանց բաժանել էին այլ մարդիկ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ