79-ամյա Գրետա Մարիկյանին հանդիպեցի Վանաձորի Երկաթուղայինների այգում: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Գրետա տատը եկել էր ծաղիկներ խոնարհելու այգում գտնվող բռնադատվածների հուշարձան-հուշակոթողին: Գրետա Մարիկյանը տասը տարեկան է եղել, երբ իրեն, քրոջը, եղբորն ու ծնողներին աքսորել են Սիբիր:
«Այս գիշեր չեմ քնել: Էդ պահերն եմ հիշել, թե ոնց են մեզ աքսորում: Այն ժամանակ հայրս տպարանում էր աշխատում, որպես գլխավոր հաշվապահ: 1949 թվականի հունիսի 12-ն էր, հայրս աշխատանքից շատ ուշացավ, այդ օրը սեղանը գցած սպասում էինք, որ պետք է հայրիկս գա, հաց ուտենք, չի գալիս, չկա: Մորս հետ լացելով սպասում ենք հորս ու հանկարծ կեսգիշերն անց եկավ: Պապաս պատմեց, որ իրեն եկել են աշխատանքից տարել КГБ ու ստիպել, որ ասի, թե իրեն գերի են պահել գերմանացիները: Պապաս ասել է, որ հակառակը` ես գերի չեմ եղել, ու Բեռլինը գրավելու համար Ստալինից ոսկե տառերով շնորհակալագիր ունեմ: Ո՞նց եք ստիպում, որ ես այստեղ ստորագրեմ…»,- արցունքներն աչքերին հիշում է զրուցակիցս:
Հետո, հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Գրետա տատի ընտանիքին աքսորում են Սիբիր. «Լուսադեմին մեր դուռը շատ ուժեղ թակեցին: Զինվորական հագուստներով մարդիկ մեզ կարգադրեցին, որ շուտ հագնվենք, ասացին` ձեզ էվակուացիայի ենք ենթարկում, նորից պատերազմ է սկսվել: Մեզ բերեցին կայարանից բեռնատար գնացքներ նստացրին: Մարդկանց բռնում շպրտում էին էդ բեռնատար վագոնները: Սոված-ծարավ 4 օր գնացինք»:
Գրետա Մարիկյանը հիշում է, որ քառօրյա չարչարանքից ու սովին դիմակայելուց հետո, վերջապես հասնում են Սիբիր: Այնտեղ իրենց ուրախությամբ են ընդունում. «Ամենքը իրենց տուն տարան ժողովրդին: Մեզ էլ մի դպրոցի տնօրեն տարավ իրենց տուն: Մի որոշ ժամանակ այնտեղ ապրեցինք, հետո հայրս տուն կառուցեց, տեղափոխվեցինք մեր տուն: Ծնողներս Սիբիրում 2 երեխա էլ ունեցան»:
Ամբողջ ընթացքում Գրետա տատի հայրը նամակներ է գրում, որպեսզի վերադառնա հետ՝ հայրենիք: Սակայն միշտ ստանում են նույն բովանդակությամբ պատասխան` «ձեր դիմումը քննության տակ է»:
«Մի օր էլ մամաս ասաց` այ Վասիլ ջան, էն շնորհակալությունը, որ Ստալինից ունես, ծալի, հետեւին գրի. «եթե ես արժանի չեմ, խնդրում եմ հետ վերցրեք»: Հայրս ասաց` ուզում ես հիմա էլ Մագադա՞ն ուղարկեն: Բայց պապաս մամայիս լսեց ու ուղարկեց: Սովորաբար նամակներին մի ամիս հետո էին պատասխանում, էս նամակին 15 օրվա մեջ պատասխանեցին»,-պատմում է Գրետա տատիկը: Պատասխանն ուրախալի էր: Ընտանիքին տրվել էր հայրենիք վերադառնալու հնարավորություն: «5-րդ դասարան էի, դասի ժամ էր, մեկ էլ դասարանի դուռը բացվեց ու մամաս ներս մտավ: Ցուրտ էր մարտ ամիսը, մամաս ոտաբոբիկ ու գիշերանոցով դասասենյակ մտավ: Ասեց` «Грета, мы освобождены, տես հրամանը, Ստալինը մեզ ազատել է»,-հիշում է Գրետա տատը:
Գրետա տատի ընտանիքը Վանաձոր է վերադառնում 4 տարի անց նույն օրը, երբ աքսորվել էր հայրենիքից՝ հունիսի 14-ին:
Այժմ զրուցակիցս ապրում է վարձով բնակարանում: Ասում է` որպես բռնադատված կառավարությունից երբեւէ աջակցություն չի ստանում. «Շատ խիստ կարիքավոր եմ: Վարձով եմ ապրում: Բանկում գումար ունեմ գցած, դա էլ չեմ կարողանում ստանամ, որ իմ թոշակի հետ կարողանամ յոլա գնալ: Ֆինանսների նախարարություն դիմում եմ գրել, պատասխանել են, որ ոչ մի բանով չենք կարող օգնել: Չգիտեմ…»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ