Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրական եզրակացությունը ուռճացված էր, փորձել են մեղադրանքի հիմնավորվածության պատրանք  ստեղծել»

Հունիս 14,2017 19:13

Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստում այսօր մեղադրյալի՝ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը ներկայացրեց պաշտպանական ճառը:

«Նախաքննության մարմինը իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրել, որ իբր նա է կազմակերպել ու օժանդակել  Արթուր Սաֆարյանի սպանությունը, հետո ապօրինաբար կյանքից զրկել է սպանությունը կատարողին՝ Մովսեսին… բայց  մեղադրական եզրակացությունը ուռճացված էր, փորձել են մեղադրանքի հիմնավորվածության պատրանք  ստեղծել»,- այսօր դատարանում ասաց փաստաբան Սարդարյանը:

Անդրադառնալով մեղադրող դատախազի միջնորդությանը՝ Իսրայել Սարգսյանին 25 տարվա  ազատազրկման դատապարտելու վերաբերյալ՝ պարոն Սարդարյանը հարցադրում առաջ քաշեց՝ արդյոք պարզվե՞լ է  Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառը, հաստատվե՞լ է իր պաշտպանյալի մեղքը, ինքն էլ պատասխանեց՝ իհարկե` ոչ. «Հեշտ է օդից վերցնել, ասել ստացել է  պատվեր, իրականացրել, իսկ ո՞վ է պատվիրատուն, ո՞րն է նրա նպատակը»:

Նա անդրադարձավ նաեւ Մովսես Ներսիսյանի` հայտնաբերված վերնազգեստին՝ ասելով, որ դրա վրա ոչ արձանագրված կրակոցի արգասիքը մետաղի շփման արդյունք է. «Կուրտկայի վրա պղինձ է  քսած, ոնց որ որսորդ մարդ կամ  մսավաճառ  դանակ է քսում, այդ ձեւի իր կուրտկան է, չկա այրած վառոդի հետք… Մովսես Ներսիսյանին տեսել են, նրա ավտոմեքենան տեսել են, դիտվել է ելքը հյուրանոցից, այս ամենը վկայում է, որ Մովսեսը ողջ է, հեռացել է  ՀՀ-ից»:

Նա նաեւ նկատեց, որ եթե վարույթ իրականացնող մարմինը պնդում է, որ իր պաշտպանյալն է վերացրել Մովսես Ներսիսյանին, ապա այդ ինչպես է եղել, որ նրա հագուստի միկրոմասնիկները չկան Մովսես Ներսիսյանի մեքենայում, նա  իրատեսական չհամարեց նախաքննական մարմնի վարկածը, թե Իսրայել Սարգսյանը հետքերը մաքրել էր մեքենայից. «Այս գործով նախաքննությունն իրականացվել է խախտումներով՝ միակողմանի ապացույցների հավաքմամբ ու վերլուծությամբ: Անմեղության կանխավարկածի սկզբունքն է  խախտվել, չապացուցված  է մնացել իմ պաշտպանյալի մեղավորությունը»:

Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում` մեղադյալ Իսրայել Սարգսյանն ու իր պաշտպան Հեկտոր Սարդարյանն են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930