ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում բեյսբոլի հրապարակում անհայտ անձը կրակ է բացել և վիրավորել կոնգրեսական Սթիվ Սքելիսին (լուսանկարում): Այս մասին հայտնում է Fox News-ը: Նշվում է, որ հանցագործը կրակել է 50-100 անգամ, կոնգրեսականը ազդրի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Հրաձգությունը շարունակվել է շուրջ 10 րոպե: Վիրավորվել է առնվազն 5 մարդ,այդ թվում մեկ ոստիկան: Ինքը՝ հրաձիգը, նույնպես վիրավորվել է ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի ականատեսներից մեկը պատմել է, որ կրակելուց առաջ հարձակվողը հավաքվածներին հարցրել է՝ ովքեր են մրցում՝ հանրապետականնե՞րը, թե՞՝ դեմոկրատները: Այդ ժամանակ այնտեղ են եղել Հանրապետական կուսակցությունից Կոնգրեսի անդամներ՝ շուրջ 15-20 մարդ:
Ոստիկանությունը Ալեքսանդրիայի բնակիչներին խորհուրդ է տալիս հեռու մնալ դեպքի վայրից: Քաղաքի բոլոր դպրոցները խիստ հսկողության տակ են: Միաժամանակ, իրավապահները հայտարարել են, հիմնական սպառնալիքը չեզոքացվել է:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ