Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեև. «Արամ Իլյիչն ասում էր` կարողանո՞ւմ եմ դիրիժորություն անել, թե՞ ուղղակի ձեռքերս եմ թափահարում» (Տեսանյութ)

Հունիս 14,2017 18:01

Հունիսի 15-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Ռուսաստանի պետական ակադեմիական Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Համերգին կհնչեն Չայկովսկու Հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը:

Հունիսի 14-ին փառատոնի կազմակերպիչներն ասուլիս էին հրավիրել, որին ներկա էին Վլադիմիր Ֆեդոսեևը, նվագախմբի տնօրեն Տատյանա Նազարբեկովան եւ ՎՏԲ բանկի ներկայացուցիչ Յուրի Գուսեւը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ իրենց փառատոնը Երեւանը դարձնում է աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկը: Նրա խոսքով, փառատոնի շրջանակում բազմաթիվ հայտնի երաժիշտներ են ժամանել Հայաստան, եւ Վլադիմիր Ֆեդոսեեւի այցը եւս մեկ բարձունք է փառատոնի համար: Նա հայտնեց, որ Ֆեդոսեեւը ճանաչել է բազմաթիվ հայտնի դիրիժորների, հայազգիներից մտերիմ է եղել, օրինակ, Էդգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատրյանի եւ այլոց հետ:

Լեգենդար դիրիժորն էլ նշեց, որ երջանիկ է Հայաստանում հանդես գալու համար, ծանոթ է մեր ազգի մշակութային բարձր նշաձողին: Նա նշեց, որ հայ-ռուսական մշակութային կապերը վերականգնվում են, նաեւ հավելեց. «Աշխարհում խաղաղ չէ, հուսով եմ, որ երաժշտությունը կվանի չար ուժերին եւ կմիավորի մարդկանց»:

Տատյանա Նազարբեկովան կարեւորեց ՎՏԲ բանկի աջակցությունը համերգի կայացման գործում եւ խոստացավ, որ հաճելի երեկո է լինելու:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համերգի հաջորդ օրը Վլադիմիր Ֆեդոսեեւին կհյուրընկալեն Բյուրականի ակադեմիայում, որտեղ մաեստրոյին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ անակնկալ է սպասվում:

Ֆեդոսեեւը որոշ դրվագներ պատմեց հայտնի մարդկանցից ու նրանց ստեղծագործությունների մեկնաբանություններից: Օրինակ, ասաց, որ ամեն անգամ տարբեր երկրներում ունեցած համերգներին պարտադիր ունկնդիրը խնդրում է կատարել Արամ Խաչատրյանի «Լեզգինկան»: Վերջին անգամ ճապոնացիներն են «Լեզգինկա» խնդրել «բիս»-ից հետո:

Ինչ վերաբերում է Արամ Խաչատրյանին, Ֆեդոսեեւը հիշում է. «Արամ Իլյիչը հաճախ էր ինձ հրավիրում, որ տեսնեմ, թե ինչպես է նվագախումբ ղեկավարում: Ասում էր` Դիմա, ասա` կարողանո՞ւմ եմ դիրիժորություն անել, թե՞ ուղղակի ձեռքերս եմ թափահարում: Ես էլ կատակում էի` ձեռքերդ ես թափահարում: Ինքը չէր նեղանում ինձանից»:

Դիրիժորը Օհան Դուրյանին որակեց որպես հայ մեծանուն դիրիժոր եւ հայ ժողովրդի արժանի զավակ: Նաեւ նշեց, որ հաճախ մեծ կոմպոզիտորները չեն կարողանում ճիշտ մեկնաբանել իրենց իսկ գործերը. «Օրինակ, Չայկովսկին քանիցս տապալել է իր 5-րդ սիմֆոնիան»:

Իր ղեկավարած Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը, Ֆեդոսեեւի խոսքերով, ընտանիքի նման է, բոլորն իրար սիրում են: Նոր անդամներին ընդունում են մրցույթով` մեկ տարի փորձաշրջանով: Դիրիժորն ասում է, որ եթե երաժիշտը լավ մարդ չեղավ, չի կարող աշխատել իրենց նվագախմբում: Երաժիշտներն այստեղ երկար են աշխատում: Նրանցից մեկը վերջերս է թոշակի գնացել` 86 տարեկանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930