Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Ամառային ինտիմ հարաբերությունների առանձնահատկությունները»թեմայով ասուլիսի ժամանակ սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ն է հայերի սեռական մշակույթը՝ հաշվի առնելով համացանցի հասանելիությունը, հայերի տեղաշարժը այլ երկրներ, արդյոք սեռական մշակույթի վրա ազդեցություն թողնո՞ւմ է որեւէ երկրի մշակույթը, ասենք՝ Ռուսաստանի, կամ Եվրոպայի:
«Շատ ցածր է, շատ: Սեռական դաստիարակության մասին շատ է խոսվել, տարբեր սեքսապաթոլոգներ ելույթներ են ունենում, բայց այն էթիկան, այն պահվածքը, որ հայը պետք է իրեն պահի, խոսքը ե՛ւ կանանց մասին է, ե՛ւ տղամարդկանց: Ես նկատի ունեմ եւ անպաշտպան սեռական հարաբերությունները, ե՛ւ սանձարձակությունները, ե՛ւ սեռական բռնությունները»:
Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունեք սանձարձակություններ ասելով, սեքսապաթոլոգը մանրամասնեց.«Նկատի ունեմ այդ սեռական բռնությունը՝ կին-տղամարդ, թեկուզ իր ընտանիքում: Էս վերջերս էլի գրել էին, որ տղամարդը ստիպում է կնոջը, որ սեռական հարաբերություններ ունենա ուրիշների հետ, փող աշխատի՝ իրեն ու ընտանիքը պահի: Հայերի մեջ էդպիսի բան ո՞վ կպատկերացներ»:
Մեր դիտարկմանը՝ ի՞նչ տարբերություն որ ազգից է նման քայլի դիմողը, սա հո ազգային առանձնահատկություն չէ, Մարատ Զաքարյանն այսպես պատասխանեց.«Տարբերություն կա, մենք անընդհատ ասում ենք՝ մեր մենթալիտետը: Բա ո՞ւր գնաց էդ մենթալիտետը, ուր հասանք, այ Եվրոպան մեզ թելադրում է: Ռուսաստանն էդքան չի թելադրում, ինչքան Եվրոպան է ասում ՝ էսինչ օրենքը հանեք, էս ինչ օրենքը մտցրեք, սեռական բռնություն է, եւ այլն, եւ այլն: Դա վերաբերում է նաեւ մանկապղծություններին: Ես ընդգրկված եմ մանկապղծությունների փորձաքննությունների մեջ: Տարին 4,5, 6,7 էդպիսի բաների ենք մասնակցում: 12,13, 14 տարեկան աղջիկներին բռնաբարում են: 7-8 տարեկան էրեխեքին բռնաբարում են 60-70 տարեկան տղամարդիկ: Պատկերացրեք 12-13 տարեկան աղջիկը, ի՞նչ աղջիկ, արդեն 7-8 ամսվա հղիություն է, գալիս է հպարտ-հպարտ, տեսեք ես ինչ վիճակի մեջ եմ: Այ էդ մեր մենթալիտետն է, որ փոխեցին»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ