ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը օրերս «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, իրականացվող փոփոխությունների և ակնկալվող արդյունքների մասին:
Նախարարի հավաստմամբ, ոլորտում իրականացվում են աշխատանքներ, որոնք վեր են հանում առկա խնդիրները, օգնում լուծումներ տալ դրանց, ներդրվում են նոր համակարգեր, որոնք ուղղված են աշխատանքն առավել թափանցիկ ու տեսանելի դարձնելուն:
«Ոլորտում կատարվում է աշխատանք և պիտի հստակ արձանագրենք հետևյալը, երբ հայտնաբերվում են խնդիրներ պետք է առաջին հերթին ընդունենք, որ դա մեր կատարած աշխատանքի արդյունքն է: Մենք ներդնում ենք համակարգեր, որոնք մեր աշխատանքը ուղղակի դարձնում են թափանցիկ ու տեսանելի, ինչի արդյունքում էլ բացերն ավելի լավ են երևում և այն անձինք, ովքեր լավ չեն պատկերացնում այդ կանոնների ներքո աշխատանքը, հայտնվում են բարդ իրավիճակներում: Հետևաբար, դա ոչ թե պետք է դիտարկենք որպես բացասական ազդակ, այլ ընդհակառակը, դրական, այն իմաստով, որ մենք ինքներս բարձրաձայնում ենք առկա խնդիրները, բացահայտում ենք դրանք և փորձում ենք լուծումներ գտնել»,- մանրամասնել է Արտեմ Ասատրյանը:
Նախարարի կարծիքով, նշանակալից արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործընկերներ կառույցները ևս օժանդակեն այս խնդիրների համակարգային լուծմանը հատկապես՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Անդրադառնալով ԲՍՓ-ում գումարի դիմաց մատուցվող ծառայությունների հարցին, նախարարը նկատել է. «Եթե կա նման բան, ուրեմն քաղաքացին չպետք է գնա այդ քայլին: Եթե հանձնաժողովը կարողանում է գումարի դիմաց խնդիր լուծել, նշանակում է քաղաքացու և նրանց միջև համաձայնություն կա:
Նախարարի խոսքով, յուրաքանչյուր ոք պետք է իր չափով պատասխանատու լինի, որպեսզի հասկանա, որ սոցիալական պաշտպանության ոլորտում առնչվում է քաղաքացիների հետ, ովքեր ունեն ամենատարբեր սոցիալական խնդիրներ և ևս մեկն առաջացնելը անթույլատրելի է ու անմարդկային, իսկ որպես ոլորտը սպասարկող նախարարի՝ իր հասցեին հնչող քննադատություններին ի պատասխան վերջինս նկատեց.
«Յուրաքանչյուր անձ ունի իր պատասխանատվությունը: Իհարկե, որպես ընդհանուր համակարգի պատասխանատու ես ունեմ իմ պատասխանատվությունը, բայց եթե մենք խոսում ենք կոնկրետ անձերի ու դեպքերի պատասխանատվության մասին պետք է հստակ հասկանանք, որ այն համակարգը, որտեղ 3000–ից ավելի աշխատակիցներ կան, այն համակարգը, որն ամբողջ հանրապետությունով մեկ ունի 180–ից ավելի տարածքային բաժիններ և 20-ից ավելի ՊՈԱԿ-ներ, բնականաբար այդ համակարգում խնդիրներ շատ կլինեն. որտեղ կա տարվող աշխատանք այնտեղ կան խնդիրներ ու թերություններ: Հաշվի առնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտը ինքնին խոցելի է՝ ես բնական եմ համարում այն հարցադրումները, որոնք առաջանում են: Բայց շատ դեպքերում դրանք ոչ կշռադատված ու ոչ ճիշտ մոտեցումներ եմ համարում: Վստահաբար պետք է ասեմ, որ մեր կողմից արվում է առավելագույնը, որպեսզի պետական բյուջեի 30 տոկոսը, որն ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտին, դրա յուրաքանչյուր դրամը ուղղվի հասցեատիրոջը: Երբ մենք ունենք 29.8 տոկոս աղքատության մակարդակ, երբ մենք ունենք համապատասխան գործազրկության մակարդակ ու բազում այլ սոցիալական խնդիրներ՝ յուրաքանչյուր դրամն իր նպատակին պետք է ծառայի: Այլ խնդիր է, որ դեռևս ենթակառուցվածքներն ու համակարգերը ամբողջական կամ լիարժեք ներդրված չեն և, ինչպես այլ ոլորտներում, այստեղ նույնպես կան բազմաթիվ թերություններ ու խնդիրներ»,-նշել է նախարարը:
https://www.youtube.com/watch?v=feSFvtLoMdE