«1000 դրամների» օրենքի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել: Առաջին դատական նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ ժամը 14.30-ին:
«Նոյյան տապան» մամուլի սրահում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահեցրեց, որ այս գործով կողմ հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությունն իրավական հիմնավորումներ չունի ներկայացնելու դատարանում:
Պարոն Սաքունցը, հղում կատարելով ՀՀ օրենսդրությանն ու Սահմանադրությանը, վստահեցրեց, որ 1000 դրամների օրենքի նախագիծն իրավազուրկ է. «ՀՀ Սահմանադրության մեկնաբանությունների մեջ՝ 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել հարկեր, տուրքեր: Հարկն այն հասկացությունն է, որը հանրային իշխանությունների ֆինանսական ապահովման համար է, տուրքը պարտադիր այն վճարն է, որը վճարվում է ՏԻՄ-ի կողմից այն վճարողի օգտին իրավական նշանակություն ունեցող գործողության կատարման համար»:
Այս տեսանկյունից անհիմն է 1000 դրամների վճարումը սահմանել որպես դրոշմանշային վճար, քանի որ այդ գումարը վճարելով՝ քաղաքացին իրավական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի ստանում:
Արթուր Սաքունցը վրդովված է, թե անունը դնելով վճար՝ պետությունն օրենքի մակարդակով, նորմով քաղաքացիների աշխատավարձերից անհիմն գանձում է այդ գումարը. «Սա մենք համարում ենք աշխատավարձի նկատմամբ ոտնձգություն, իսկ իշխանության գործողությունները համարում ենք ապօրինի հարստացում»:
Արթուր Սաքունցն առանձնապես հայաստանյան դատարաններից սպասելիքներ չունի. կանխատեսում է արտադատարանական գործընթացներ, քանի որ խնդիրը վերաբերում է պաշտպանական գերատեսչությանը: Սակայն հավաստիացրեց, որ գնալու են մինչև վերջ՝ անգամ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սեփականության իրավունքի խախտման հիմնավորմամբ:
Ըստ Արթուր Սաքունցի՝ «1000 դրամների» օրենքի նախագծի պատշաճ քննարկումներ անգամ չեն եղել. «ՀՀ պաշտպանության նախարարը բավարարվեց նեղ համախոհների շրջանակում քննարկումներ կազմակերպելով, ԱԺ-ն հաշվի չառավ մեր մտահոգությունները և որպես քաղաքական մարմին ընդունեց քաղաքական որոշում: Իսկ գործադիր իշխանությունն ընդհանրապես մեր մոտեցումներին ուշադրություն չդարձրեց: Ուստի մնացել է դատական իշխանությունը»:
Պարոն Սաքունցը պարզաբանեց, թե խնդիրը բարեգործության մասին չէ. բարեգործության բոլորն են պատրաստ, այլ որ իշխանությունները բարոյական նպատակների ներքո անբարոյականությունն ու սեփական հանցագործությունն են թաքցնում:
Իրավապաշտպանը վստահեցրեց, թե չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ իշխանությունների չարած գործերի համար ՀՀ քաղաքացիները վճարեն:
Մյուս կողմից՝ պարոն Սաքունցի համար անտրամաբանական է այն, թե ինչու պետք է 2017-ի հունվարի 1-ից հետո զոհվածների ու վիրավորների համար հավաքվի այդ գումարը:
Ամփոփելով՝ Արթուր Սաքունցը նշեց. «Սա բնակչության մասսայական, զանգվածային կողոպուտ է: Այս օրենքը չի համապատասխանում իրավական պետության սկզբունքներին, Սահմանադրությանը և իր բովանդակությամբ չի համապատասխանում այն քաղաքականությանը, որը պետք է վարվեր»:
Պարոն Սաքունցը նաև տեղեկացրեց, որ ներդրված է այնպիսի համակարգ, համաձայն որի, եթե անձը մի պարտադիր վճարում չի կատարում, մյուս վճարումները չի կարող կատարել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ