«Խնածախի բնակիչը ՄԻՊ գրասենյակ է դիմում`իր ջուրը երկու օր ուշացնելու համար, բայց որ 200 տարի ջուր չեն տվել այդ համայնքին, ոչ ոք ոչ մի բան չի ասում»,- այսօր, «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Համայնքների խոշորացում. արդյունավետ կառավարո՞ւմ, թե՞լիազորությունների ու ֆինանսների կենտրոնացում» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: Համայնքների խոշորացման փորձնական ծրագրով այս համայնքին են միացել մոտակա մի քանի համայնքները:
Ներսես Շադունցը պատմեց, որ խոշորացումից հետո 10 միլիոն դրամի ներդրումներ են եղել շվեյցարացի բարերարների կողմից, եւս 230 միլիոն դրամների ներդրումների համաձայնագրեր արդեն կնքված են: «Բոլորն ասում են`ի՞նչ ա փոխվել խոշորացումից հետո, իսկ ի՞նչ են արել իրենք քսան տարում»,- ոչ հռետորական հարց հնչեցրեց Տեղի համայնքապետը`հավելելով, որ իրենց ավագանու նիստերը չորս ժամ են տեւում եւ բուռն քննարկումներ են լինում բոլոր հարցերի վերաբերյալ:
«Խոզնավար համայնքից ավագանի չի ընտրվել, առաջին գործը, որ արել ենք, այդ համայնքում է, մշակույթի տան տանիքն ենք վերանորոգել»,- նաեւ հավելեց Ներսես Շադունցը: Նա գոհ է խոշորացումից. Տեղին 7 համայնք է միացել, բյուջեն 150 մլն դրամ է: Նրա խոսքով՝ խոշորացումից հետ ինքը մի շարք ծրագրեր է կարողացել իրականացրել. «Հինգ գյուղում կանոնավոր աղբահանություն ենք իրականացնում, 3 մանկապարտեզ է մեզ հաջողվել վերանորոգել, ինչը 20 տարի է՝ չէր հաջողվում, միայն 20 հազար դոլարի ներդրում է եղել Տեղի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման համար, կրճատել եմ գրադարանավարի հաստիք, մի գրադարանի, որի դուռը 6 ամիսը մեկ չէր բացվում, ակումբավարի ղեկավարի հաստիքն եմ կրճատել, որովհետև մշակութային տուն գոյություն չուներ»:
Այս կրճատումների արդյունքում 6 նոր աշխատատեղ է բացել. մանկապարտեզն է վերանորոգել, 25 երեխա է հաճախում: «Հիմա 21 մլն դրամի ծրագիր եմ ներկայացրել, որ Խնածաղ համայնք ջրագիծ լինի, քանի որ այդ գյուղը 200 տարուց ավելի է՝ ջուր չունի»,- ասաց նա`հավելելով, որ խնդիրներ կան ու միշտ էլ կլինեն: Պետք է դրանց լուծման տարբերակները որոնել:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գուլոյանն էլ անդրադարձավ Վարդենիսում խոշորացման ծրագրի դեմ դուրս եկած անձանց խնդիրներին. «Նրանց մտահոգությունն այն է, որ իրենց փոխարեն առավելություն՝ աշխատանքի և այլնի մասով կտրվի տեղացիներին, քանի որ իրենք փախստականներ են և մտավախություն ունեն: Նրանք ասում էին, թե չեն ցանկանում տեղացիների հետ մեկ փնջում լինել»:
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը կարծում է, որ համայնքների խոշորացման նպատակը զուտ խոշորացումը չպետք է լինի, այլ` համայնքների արդյունավետ կառավարումը, բնակիչների կյանքի թեթեւացումը, մուտքերի կառավարման համակարգի ապակենտրոնացումը:
«Մեզ նախկինում ասում էին, որ այս ծրագրերը չեն կարող իրականացնել, քանի որ շատ համայնքներ փոքր են, բնակչության թիվը չի բավականացնում եւ դրա համար չեն կարող ինչ-ինչ ծառայություններ իրականացնել: Ասում են, որ հենց սա է պատճառը, որ փորձագետները որոշեցին գնալ համայնքների խոշորացման ճանապարհով: Հիմա մոտ 360 համայնք ներառվել է 34-ի մեջ, այսինքն՝ համայնքների կեսը խոշորացված է ու ժամանակն է խոսել, թե արդյոք մենք համայնքների խոշորացումից մեր սպասված ակնկալիքները կունենա՞նք»:
Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման «պիլոտային» ծրագիրն արդեն ավարտվել է:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ