Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու չես կարող ստեղծել դժոխք այլոց համար, իսկ դու մնաս դրախտում». Աշոտյանը՝ Զարուհի Փոստանջյանին (Տեսանյութ)

Հունիս 14,2017 14:46

ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը կազմակերպում են «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»: Այն տեղի է ունենալու Արցախում:

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ ՀՀ-ից հրավիրել են 17 կուսակցություն, մասնակցությունը հաստատել է 15-ը: Չեն հրավիրել, օրինակ, «Ժառանգությանը», ՕՐՕ դաշինքին, «Երկիր Ծիրանիին»:

Aravot.am-ի հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ հրավիրել եք ձեր համար հաճելի քաղաքական ուժերի, որովհետեւ պատճառաբանել, օրինակ, «Ժառանգության» մասով, որ խմորումների մեջ են, նոր ուժերի հետ միավորման կոչ են արել, դրա համար չեք հրավիրել, չգիտենք, ինչքանո՞վ է դա պատճառ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ավելի կարեւոր է այն, որ Արցախում նման համաժողով է կայանալու, քան այն, թե Րաֆֆի Հովհաննիսյանը գալո՞ւ է Արցախ, թե՞ չէ. «Չկան հաճելի եւ տհաճ կուսակցություններ, չկա հաճելի եւ տհաճ քաղաքական գործիչ: Մենք զբաղվում ենք այս գործունեությամբ մասնագիտորեն: Երբ որ բժշկի մոտ գալիս է հիվանդը, բժիշկը չի հրաժարվում այդ հիվանդին բուժելուց, եթե հիվանդը տհաճ է»:

Նա նաեւ նշեց, որ ՀՀ-ում կան քաղաքական միավորներ, որոնց հետ համագործակցելու համար պետք է, որ իրենք էլ կես քայլ առաջ գան, իրենք էլ հասկանան այդ ամենը եւ ընդունեն այդ մշակույթը, ոչ թե իրենց հրավերը մերժելու փաստը դարձնեն լրահոսի առիթ, որ մենք մերժեցինք ՀՀԿ-ի հրավերը. «Այս ամեն ինչը պետք է թողնենք 90-ականներում, չստացվեց 90-ականներում թողնել, գոնե 2000-ականներում, բայց ոչ 2017-ի քաղաքական բանավեճին մոտենալ սրան: Հրաժարվեցիք՝ ի՞նչ, հիշեցրեցի՞ք ձեր մասին, OK, եթե այլ հիշեցման կարիք չունեք, հիշեցրեք ձեր մասին՝ ՀՀԿ-ի համեմատ»:

Մեր հարցին՝ մենք, որպես քաղաքացի, իրավունք ունե՞նք մտածել, որ, օրինակ, «Երկիր Ծիրանիին» չեք կանչում, որպեսզի համաժողովը Զարուհի Փոստանջյանն, այսպես ասած, դժոխքի չվերածի, որովհետեւ ասում եք՝ նոր կուսակցություն է, չկանչեցինք, բայց ավագանու անդամ է, ներկայացնում է Երեւանի բնակիչների ինչ-որ տոկոսի ձայները քաղաքապետարանում՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Երկիր Ծիրանին» այս պահին մասնակցել է մի քաղաքային ընտրությունների, այն էլ՝ մի համայնքում, իր գործունեությունը դեռ համապետական բնույթ չի ստացել: Ինչ վերաբերում է դժոխքին, գիտեք, այլաբանություն չփնտրեք, բայց այսպիսի մի ճշմարտություն կա՝ բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կամ վախենում են, կամ չեն ուզում այնտեղ հայտնվել, մի խոսքով՝ դժոխքը չեն վայելում: Եթե մարդն ասում է, քաղաքական ուժն ասում է, որ դժոխք է ստեղծելու, եթե նա պատրաստ է այդ դժոխքը վայելել, ուրեմն մի բան այն չէ, պրոբլեմ է: Դու չես կարող ստեղծել դժոխք այլոց համար, իսկ դու մնաս դրախտում, որովհետեւ գոնե պետք է լինես այնտեղ՝ խարույկը ջերմ պահելու համար: Հետեւաբար եթե դժոխքից հաճույք պետք է ստանալ, դա քաղաքական նման դիրքորոշում է, կամ չար ուժեր պետք է ներկայացնել, որպեսզի դժոխքից հաճույք ստանալ, ո՞վ է դժոխքից հաճույք ստանում, անգամ ամենավերջին մահկանացու մեղսագործ մարդը չի կարող դրանից հաճույք ստանալ եւ ուրախ լինել՝ դժոխքում հայտնվելու համար, առավել եւս՝ դժոխք ստեղծել…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930