Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսապաթոլոգ. «Հայ աղջիկներն էդքան ակտիվ չեն ուզում լինեն իրենց ամուսինների հետ, ոչ ամուսինների հետ՝ շատ ակտիվ են» (Տեսանյութ)

Հունիս 14,2017 14:42

«Տարվա եղանակների փոփոխությունների հետ փոխվում է մարդու առողջական վիճակը, այդ թվում՝ նաեւ սեռական ակտիվությունը: Ձմռանը նվազում է ամեն ինչը, քնում են եւ ուղեղի աշխատանքը եւ մնացած օրգան համակարգը, նվազում են, այդ թվում նաեւ՝ սեռական ակտիվությունը»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում «Ամառային ինտիմ հարաբերությունների առանձնահատկությունները» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը:

Նրա խոսքերով՝ «Գարունը բացվելուն պես կամաց-կամաց փթթում են, եւ ծառերն են ծաղկում, եւ բնությունը, այդ թվում նաեւ կենդանական աշխարհը, այդ թվում՝ մարդիկ եւ սեռական համակարգը: Ամեն մի եղանակին համապատասխանում է սեռական համակարգի փոփոխությունը: Գարնանը՝ ակտիվացավ, ամռանը՝ էլի ակտիվ մնում է, բայց ավելի նվազ է, քան գարնանը, իսկ աշնանը արդեն կամաց-կամաց գնում ենք ավելի նվազում, դեպի ձմեռ»:

Սեքսապաթոլոգի ներկայացմամբ՝ սեռական կյանքն էլ սեզոնային առանձնահատկություն ունի. օրինակ՝ ամռանը շոգ է լինում, օդի բարձր ջերմաստիճանն այնքան էլ բարենպաստ չէ սեռական հարաբերության համար, հատկապես տարեց մարդկանց համար. «Պատկերացրեք՝ նորմալ սեռական հարաբերության ժամանակ, նորմալ պայմաններում 20-25 աստիճան է սենյակային ջերմաստիճանը, այդ ընթացքում մարդու ճնշումը կարող է 110-160 աստիճան բարձրանա, շոգն էլ ազդի, ու եղել են դեպքեր, որ էդ շոգի ազդեցության տակ ինֆարկտներ ու ինսուլտներ են առաջացել»:

Օդի ջերմաստիճանի քանի աստիճանն է նպատակահարմար սեռական հարաբերության համար, սեքսապաթոլոգի մեկնաբանությունը՝ տեսանյութում

Մարատ Զաքարյանն անդրադառնալով, այսպես ասած՝ ամառային սեռական կյանքին, ասաց, որ այս սեզոնին մարդիկ շատ են մեկնում հանգստավայրեր, ծովափ. «Պետք է շատ զգույշ մնան սեռական խանգարումներից, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից: Մարդիկ մեկնում են ծովափ. նոր ծանոթություններ, նոր կլիմա, նոր սնունդ, այս ամեն ինչը կարող է խախտի, կամ հակառակը՝ ավելի լավանա, խոսքը սեռական հարաբերության մասին է, պետք է զգույշ լինել: Գնում են ծովափ, անծանոթ մարդիկ են, մի երկու բաժակ օղի խմեցին՝ ծովը ծնկներից, արդեն սկսեցին իրենց ինտիմ… անգամ անունը չգիտեն, սկսում են այնտեղ սեռական հարաբերություններ, ու կարող են կանգնել «կատաստրոֆայի» առաջ: Համենայնդեպս, պետք է պաշտպանվել: Ամենալավ պաշտպանությունը՝ անծանոթների հետ էդքան ինտիմ կապերի մեջ չմտնել: Մարդը պետք է կարողանա ասել ոչ, իրեն կարողանա զսպել, սեռական ցանկությանը պետք է կարողանա ասել ոչ, որ հետո չբերի ընտանիքում փոխանցի էդ ամեն ինչը: Կինն էլ՝ ուրիշ տեղ, կներեք, որ էդպես եմ ասում, ուրիշ տեղ տանի փոխանցի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Մասնագետը նաեւ խորհուրդ տվեց ծովային ավազների մեջ շատ չթավալվել, քանի որ այդտեղ խոնավ է եւ շատ վարակներ կարող են լինել: Սեքսապաթոլոգը նաեւ խորհուրդ տվեց խուսափել ջրում սեռական հարաբերություն ունենալուց՝ եթե անգամ պահպանակ են օգտագործում. «Եվ ավազի վրա են ունենում սեռական հարաբերություն, եւ ծովում, որը էդքան ճիշտ չի, որովհետեւ եթե պաշտպանում են էդ ապահովիչները, «պրեզերվատիվները» կարող են ջրի մեջ չաշխատել, էդ լատեկսը դուրս գա»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ըստ Զաքարյանի, բարձր ջերմաստիճանն այնքան էլ լավ չի ազդում սեռական հարաբերության վրա, սակայն կարծիքներ կան, որ տաք, արեւադարձային երկրների բնակիչներն ավելի կրքոտ են եւ ակտիվ սեռական կյանք են վարում, սեքսապաթոլոգն այսպես պատասխանեց.«Խոսքը ոչ թե մշտական ջերմաստիճան ունեցող երկրների մասին է, այլ բաների մասին, ենթադրենք՝ հայերը գնացին տաք երկրներ: Ռուսաստանում, հյուսիսային ժողովրդի մոտ սեռական ցանկությունն էդքան շա՜տ բարձր չէ, քան հասարակածում ապրող ժողովրդի մոտ՝ արաբներն են, «նեգրերն են», կովկասյան այս տարածաշրջանի մոտ: Այստեղ տեստոստերոնի քանակը ավելի բարձր է, էնտեղ էլ է բարձր, բայց էստեղ ավելի, էսպես ասեմ՝ հորմոնալ համակարգը ավելի ուժեղ է ազդում»:

Մեր այն հարցին էլ՝ այդ դեպքում ինչո՞ւ են հայ տղամարդիկ ձգտում ռուս կանանց, սեքսապաթոլոգը պատասխանեց.«Դա արդեն էնքան ռուսների սեռական ցանկության մասին չի, ինչքան հայ տղամարդկանց սեռական ցանկության: Հայ աղջիկներն էլ էդքան ակտիվ չեն ուզում լինեն իրենց ամուսիների հետ: Իրենց ոչ ամուսինների հետ կարող է շատ ակտիվ լինեն: Նույն կինը կամ տղամարդը ընտանիքում ավելի զուսպ են այս հարցերում, ավելի չեն կիսվում իրար հետ, քան էս կինը գնաց ուրիշ տղամարդու հետ ունեցավ հարաբերություն, էս տղամարդն էլ՝ ուրիշ կնոջ հետ: Դրա համար էլ էդքան երգերում, չգիտեմ ինչերում էդքան յար են գովում: Այսինքն՝ յարն ինչի՞ համար է, սիրած կինը կամ տղամարդն ինչի՞ համար է, ավելի ազատ են զգում: Էդքան գալիս են, ասում եմ՝ դրսում կա՞ մեկը, ասում են՝ հա, բժիշկ ջան: Դրսում ավելի լավ են զգում իրենց»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930