Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին:
Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:
«Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով՝ մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետին մաղթելով նաև ստեղծագործական նորանոր հաջողություններ։
Նշենք, որ Լիպարիտ Ավետիսյանին Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց տրամադրելու որոշումը Երևանի ավագանին կայացրել էր մայիսի 30-ին տեղի ունեցած Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն