Հունիսի 16-18-ին Արցախում տեղի է ունենալու համաժողով, որը կազմակերպել են ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը: Համաժողովն արդեն 3-րդն է, այս անգամ հայտ են ներկայացրել մասնակցելու 15 խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցություն ՀՀ-ից եւ 6 կուսակցություն՝ Ղարաբաղից:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ համաժողովին քննարկելու են անվտանգության հիմնախնդիրները երկու հայկական պետություններում, արտաքին քաղաքական մարտահրավերները ՀՀ-ի եւ Արցախի համար, սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական խնդիրները, սահմանադրական բարեփոխումներից հետո պետականաշինության գործընթացին վերաբերող հարցեր, տեղեկատվական անվտանգության, քաղաքականության ինստիտուտների, ժողովրդավարության խորացման հետ կապված հարցերի փաթեթը: Աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետներ են նաեւ մասնակցելու, որոնց թվում են Տիգրան Թորոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Շահնազարյանը, Տիգրան Հակոբյանը, Լարիսա Ալավերդյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը եւ այլք:
Թե ինչ են տվել նախորդ երկու համաժողովները՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մեզ հաջողվել է արցախյան այս համաժողովը դարձնել Հայաստանի քաղաքական մտքի զարկերակ»: Ըստ պարոն Աշոտյանի, սա հնարավորություն է հայկական կուսակցությունների համար անկաշկանդ իրենց մոտեցումները հայտնել երկու պետությունների խնդիրների հետ կապված: Անկախ քաղաքական հայացքների տարբերությունից՝ Արցախը միավորող դերակատարություն ունի գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար:
Համաժողովը բացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքով: Կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ այլ պետական այրեր: Աշոտյանի խոսքերով՝ «Մենք երազում ենք, որ համաժողովը դառնա հայկական քաղաքականության դավոս, որ գոնե տարին մի անգամ քաղաքական ուժերը անկաշկանդ քննարկեն մեզ մտահոգող խնդիրները»:
Ըստ Աշոտյանի, խորհրդարանում քաղաքական պայքար կա, երբեմն կրքերը թեժանում են ու երբեմն քննադատությունները, խոսքը դրա շրջանակներում է լինում, իսկ Արցախը այն տեղն է, որտեղ կարող են ուղեղային աշխատանքով զբաղվել, մտագրոհով զբաղվել եւ քննարկել այն հարցերը, որոնք հուզում են մեզ բոլորիս:
Մեր հարցին՝ բոլո՞ր ՀՀԿ-ականներն են մասնակցելու այդ մտագրոհին՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն կունենա լուրջ պատվիրակություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ