Լրահոս
Օրվա լրահոսը

«10 գյուղ աղետի գոտի պետք է հայտարարել». Հրաչ Բերբերյան (Տեսանյութ)

Հունիս 14,2017 14:10

Հունիսի 12-ին տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Արմավիրի մարզի տասը գյուղերի պտուղ բանջարեղենը: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին հայտարարեց նաեւ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա համոզմամբ, այդ 10 գյուղերը պետք է հայտարարել «աղետի գոտի», որովհետեւ 100 տոկոսով պտուղը, 90 տոկոսով էլ բանջարեղենը փչացել է` գյուղացիներին պատճառելով ֆինանսական մեծ վնասներ: Նրա խոսքով, գյուղացիներն այս տարի էլ կմնան վարկերի բեռի տակ, եթե կառավարությունը որեւէ կերպ նրանց չաջակցի:

Նախկին տարիների փոխհատուցման փորձը օրինակ բերելով, Հրաչ Բերբերյանն ասում է, որ ջրի վարձը փոխհատուցելով գյուղացու խնդիրը չի լուծվում եւ նրան օգնելու եղանակներից մեկն այն կլինի, որ վարկերը ժամանակավորապես սառեցվեն:
Գյուղոլորտի մասնագետի համոզմամբ, բերքը աղետներին` սառնամանիքին կամ բնական այլ երեւույթներին ավելի դիմացկուն կլինի, եթե որակյալ պարարտանյութ ստանա, մինչդեռ կառավարության` գյուղացուն հատկացրած պարարտանյութը վրացական ծագման է եւ ոչ որակյալ, սակայն` էժան է: Ըստ նրա, ռուսականը մի փոքր թանկ է, բայց արդյունավետությունը` բարձր:

Հրաչ Բերբերյանը կարկուտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարում է հակակարկտային ցանցերի կիրառումը, որը 100 տոկոսանոց երաշխիք է տալիս: Բացի այդ, նշյալ ցանցերը 2-3 աստիճանով սառնամանիքը նվազեցնում են: Հակակարկտային կայաններն, ըստ նրա, վաղուց իրենց սպառել են եւ ապացուցել, որ դրանց վրա գումարներ ծախսելը բյուջեի գումարների վատնում է. «Ինչ-որ մեկի բիզնեսն է, դրա համար էլ ձեռ չեն քաշում: Պետությունն այսօր հակակարկտային կայանների վրա միլիոններ է ծախսում, բայց միեւնույն է գյուղացու բերքը չի փրկվում: Ամենազարգացած երկրներում գյուղատնտեսությունը պետական հովանավորության տակ է, սակայն մեզ մոտ գյուղնախարարությունը բացի գյուղացուց բոլորի շահերը պաշտպանում է»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ պետք է անի քաղաքականություն մշակող մարմինը` գյուղնախարարությունը, որպեսզի ներկրված էժան լոլիկը, վարունգը եւ այլ բանջարեղենը չվնասեն տեղական արտադրողի գործին, որի մշակած արտադրանքը չի կարողանում մրցակցել ներկրվածի հետ, պարոն Բերբերյանը պատասխանեց, որ պետտուրքի միջոցով պետք է հարցը կանոնակարգի, որպեսզի տեղական արտադրողը չտուժի, հատկապես, որ նրա ծախսերի 50 տոկոսը ջեռուցմանն է ուղղվում:

Մանրամասները`  տեսանյութում

Հրաչ Բերբերյանը գյուղատնտեսությունում այս տարի 40 տոկոս անկում է կանխատեսում: Մասնավորապես` պակաս կլինի ծիրանի, խաղողի բերքը: Առաջինը եղանակային պայմաններով, երկրորդը` անցյալ տարիներին առաջացած մթերման հետ կապված խնդիրներով պայմանավորված:

Նրա տվյալներով, 40 տոկոսով էլ պակասել է կարտոֆիլի բերքը, այդ պատճառով էլ այն այս տարի թանկ արժե:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930