Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խաչատրյանական մրցույթում աչքի ընկածները կարեւոր իրադարձությունների սպասված հյուրեր են»

Հունիս 14,2017 11:31

Հունիսի 14-ին Ազգային օպերային թատրոնում կկայանա Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի գալահամերգն ու մրցանակաբաշխությունը: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է «վոկալ» մասնագիտությամբ։ Մասնակցելու ցանկություն ունեցողների թիվը գերազանցել էր հարյուրը, ընտրվել էր 43 երգիչ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից եւ այլ երկրներից։ «Առավոտը» մրցույթի վերաբերյալ կարծիք հարցրեց մշակույթի ոլորտի հայաստանցի եւ արտասահմանցի ճանաչված ներկայացուցիչներից:

Էլժբետա Պենդերեցկա- Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն, Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ. «Անչափ ուրախ եմ կրկին մասնակցելու խաչատրյանական մրցույթի եզրափակիչ փուլին: Եզրափակիչ դուրս եկած երիտասարդ վոկալիստներին մաղթում եմ բավականություն՝ հանճարեղ Խաչատրյանի անունը կրող միջոցառմանը մասնակցությունից: Վստահ եմ՝ այս տարի էլ հնարավորություն կունենամ Հայաստանում հանդիպելու հիասքանչ մրցույթի հաղթողներին, որոնք իրենց բարձրակարգ արվեստով կգոհացնեն խստապահանջ հանդիսատեսին՝ հնչեցնելով կոմպոզիտորի բարձրարվեստ ստեղծագործությունները: Այս տարի Զատկի 21-րդ փառատոնին Վարշավայում պատիվ ունեի հյուրընկալելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին ու ջութակահար Յարոսլավ Նադրզիցկուն: Այս երաժիշտները Խաչատրյանի անվան մրցույթի առաջին մրցանակակիրներ են: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հեղինակավոր փառատոնի սպասված հյուրեր են Խաչատրյանի մրցույթում առավել աչքի ընկած երաժիշտները»:

Նունե Սարգսյան- Լոնդոնի Eurasia House մշակութային կենտրոնի նախագահ, Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ. «Երաժշտությունը մի հզոր ուժ է, որը հեշտությամբ հաղթահարում է առկա բաժանիչ պատնեշներն ու ապահովում կյանքի ներդաշնակությունը: Այս միջոցառումը լավ խթան է երիտասարդ երաժիշտների համար: Մեր Երեւանն էլ իր բազմադարյա մշակութային պատմությամբ ուրույն խորհուրդ է փոխանցում մրցույթին: Ոգեշնչող է, որ արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ աշխարհի ամենահեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը՝ Խաչատրյանի անվան մրցույթը վստահորեն շարունակում է իր արգասաբեր ուղին: Հուսով եմ, անկախ մրցույթի արդյունքներից, բոլոր մասնակիցներն իրենց ուրույն ու արժանի ներդրումը կունենան համաշխարհային մշակույթի մեջ՝ ոգեշնչվելով երաժշտության մեջ Խաչատրյանի թողած համաշխարհային ժառանգությամբ»:

Անդրեյս Ժագարս- «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռիգայի օպերային փառատոնի հիմնադիր, միջազգային մրցույթների, այդ թվում՝ «Ոսկե դիմակի» նախագահ, ԳԻՏԻՍ-ի երաժշտական թատրոնի ֆակուլտետի թատերական ռեժիսուրայի եւ դերասանության բաժնի պրոֆեսոր, Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի անդամ. «Երեւանի օպերային թատրոնն այսօր իր ժամանակակից գերհագեցած տեխնիկայով դասվում է աշխարհի հռչակավոր նման օջախների շարքում: Եթե գումարենք նաեւ հայաստանյան հիանալի երգչական ձայները, ապա աշխարհին հավուր պատշաճի ներկայանալու համար ձեզ տասնամյակներ հարկավոր չեն: Պարզապես անհրաժեշտ է դեպի օպերային արվեստի բարձունքներ ընթացող բովանդակալից պատշաճ ծրագիր: Վերջին այցս Երեւան 2014-ին էր: Ձեր կոնսերվատորիայի դահլիճում լսեցի շուրջ 30 վոկալիստների, այդ թվում՝ եւ օպերային թատրոնի մեներգիչների, եւ ուսանողների: Բոլոր ժամանակներում էլ ցանկացած երաժիշտ ինչ-ինչ ուղիներով կարողանում է հարթել իր ճանապարհն ու դուրս գալ համաշխարհային բեմեր: Բացառություն չեն նաեւ հայաստանցի երաժիշտները, մասնավորապես՝ երգիչները: Իմ ցանկությունն է աշխարհին ներկայացնել ոչ միայն առանձին հայազգի վոկալիստների, այլեւ հասնել նրան, որ Երեւանի օպերային թատրոնն ընդգրկվի տարբեր օպերային թատրոնների ու փառատոների միավորումների կազմերում: Համոզված եմ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, որի հրավերով եմ ձեր երկրում, կիրականացնենք տարբեր նախագծեր: Ինչ վերաբերում է այս մրցույթին, ապա առանց անուններ բարձրաձայնելու նշեմ, որ հանդիպեցի իսկական արտիստների, այսինքն՝ հիանալի օպերային ձայն, գումարած դերասանի վարպետություն»:

Արմեն Սմբատյան- Կոմպոզիտոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ. «Ինչպես ժամանակին իրավացիորեն նկատել էր Շոստակովիչը, Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դառնում էր տոն: Նույնկերպ տարեցտարի երեւանյան ամառը մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող իրական երաժշտական տոնով՝ մաեստրոյի արվեստի աննկարագրելի մթնոլորտը տարածելով շուրջբոլորը: Համոզված եմ, որ մրցույթը, ինչպես գործունեության նախորդ 12 տարիների ընթացքում, այս տարի նույնպես կհայտնաբերի ու աշխարհին կներկայացնի նոր անուններ, նոր տաղանդներ, ընդ որում, նրանցից շատերի համար դառնալով կայացման ինքնատիպ հարթակ: Հանդիսատեսից, ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն ունի իր ֆավորիտը, ես էլ բացառություն չեմ: Յուրաքանչյուր մրցույթ, նաեւ խաչատրյանականը, բացի մրցանակային տեղերից, հատկացնում է նաեւ հատուկ մրցանակներ: Առաջին անգամ վոկալ անվանակարգում անցկացվող միջոցառման համար 9 հատուկ մրցանակ է նախատեսված, այդ թվում՝ «Կոմիտասի երգի լավագույն մեկնաբանություն», «Հայ կոմպոզիտորի երգի/ռոմանսի լավագույն մեկնաբանություն», «Ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանություն», «17-20-րդ դարերի արիաների լավագույն մեկնաբանություն», «Հանդիսատեսի համակրանք» եւ այլն»:

Շահեն Շահինյան- Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի նախագահ. «Այս մրցույթը մեր այցեքարտն է: 13 տարի շարունակ այն հարթում է դեպի երաժշտական օլիմպոսի բարձունքները ձգտող երիտասարդ տաղանդների ճանապարհը: Իսկ որպես արդյունք՝ հպարտությամբ հետեւում ենք աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող երաժիշտներին, ում համար ժամանակին հենց այս մրցույթն է հանդիսացել միջազգային հաջողակ կարիերայի մեկնարկի գրավականը: Վստահ եմ, որ ինչպես ես, այնպես էլ գործընկերներս մեծ հաշվով գոհ են հայ վոկալիստների ելույթներից: Կարեւորում եմ երեք փուլերում մեկ ստեղծագործություն հայ հեղինակից պարտադիր պայմանը: Առաջին փուլում այլազգիներն էլ հնչեցրին Կոմիտաս, երկրորդում՝ Ռոմանոս Մելիքյան, Էդվարդ Աբրահամյան կամ այլ հեղինակի, իսկ երրորդում՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից Արշակի եւ Օլիմպիայի արիաները իտալերեն՝ ի դեպ, առաջին անգամ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930