Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի գները վերստին նվազել են. «Հայոց Աշխարհ»

Հունիս 14,2017 11:20

Չնայած տարեսկզբին արձանագրվող բարձր տնտեսական ակտիվությանը եւ արտաքին հատվածում ձեւավորված բարենպաստ իրավիճակին, այնուհանդերձ Հայաստանի անշարժ գույքի, մասնավորապես բնակարանային շուկայում վերջին ամիսներին նկատվող պասիվացման միտումները ոչ մի կերպ չեն նահանջում։

Ապրիլին գները վերստին նվազել են։ Անկումը ոչ միայն պահպանվել է, այլեւ զգալիորեն խորացել (ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում)։

Մայրաքաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գները ապրիլին նվազել են միանգամից ավելի քան 8 հազար դրամով։ Անկումը վերջին տարիների համար աննախադեպ է (գերազանցում է 3 տոկոսը)։

Այդպիսի ակտիվ տեղաշարժ անշարժ գույքի շուկայում սովորաբար հազվադեպ է լինում։ Անգամ ճգնաժամային իրավիճակներում գների նման շոշափելի տատանումներ միշտ չէ, որ լինում են։ Պատկերացնելու համար ասենք, որ 2008թ. ֆինանսական ճգնաժամին հաջորդած մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանի անշարժ գույքի շուկան անկում էր ապրում, եւ մինչեւ այժմ չի կարողանում, այսպես ասած, խելքի գալ, բնակարանների միջին գները նվազեցին ընդհանուր առմամբ 27 հազար դրամով։

Այժմ մեկ ամսում անկումը կազմել է 8,2 հազար դրամ։ Սա անսովոր է այնքանով, որ նման կտրուկ դրսեւորումների համար տնտեսական պատճառներ չեն եղել։ Ավելին՝ տնտեսության մեջ բարձր է եղել ակտիվությունը, իսկ արտաքին ֆինանսական հոսքերը, որոնք կարեւոր դեր ունեն անշարժ գույքի շուկայի համար, ավելացել են։
Այդ ընթացքում ներքին արժութային դաշտում չեն դիտարկվել փոխարժեքի տատանումներ, որի նկատմամբ եւս անշարժ գույքի շուկան զգայուն է։ Ազգային արժույթը հիմնականում պահպանել է կայունությունը։

Նման պայմաններում սովորաբար անշարժ գույքի շուկան ակտիվանում է, այդ թվում՝ նաեւ գնային առումով։ Սակայն տեղի է ունեցել հակառակ երեւույթը։ Ոչ միայն նվազել են գները, այլեւ շուկան պասիվացել է. Օտարման գործարքները ապրիլին ինտենսիվորեն կրճատվել են։ Տարբերությունը նախորդ տարվա համեմատ անցնում է 17 տոկոսը։
Միակ պատճառը, որ կարող էր այդպիսի դրսեւորումների հիմք դառնալ, տարեսկզբին մեկնարկած քաղաքական գործընթացներն էին։ Սակայն ապրիլին դրանք այլեւս հետեւում էին։ Ավելին, ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների, այս անգամ Հայաստանում նաեւ հետընտրական գործընթացներ տեղի չունեցան, որպեսզի դրանց հետեւանքով անշարժ գույքի շուկան հայտնվեր սպասումների մեջ։
Ապրիլին նախորդ ամսվա համեմատ գները նվազել են մայրաքաղաքի անխտիր բոլոր վարչական շրջաններում։ Ընդ որում՝ առանձին հատվածներում գների անկումը շատ ավելի կտրուկ է արտահայտվել։ Դա նկատելի է հատկապես Արաբկիր վարչական շրջանի դեպքում, որտեղ բնակարանների գները զիջում են միայն կենտրոնին։
Արաբկիրում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններն ապրիլին էժանացել են յուրաքանչյուր մետրի հաշվով 27 հազար դրամով։ Մարտի 357 հազարից մայրաքաղաքի այս հատվածում միջին գները կազմել են 330 հազար դրամ։ Անկումը գերազանցում է 7,5 տոկոսը։

Պաշտոնական տվյալներով, Դավիթաշենում մեկ ամսվա ընթացքում բնակարաններն էժանացել են ավելի քան 15 հազար դրամով (յուրաքանչյուր մետրը՝ 250 հազարի շրջակայքում)։ Մարտին գները մայրաքաղաքի այս հատվածում գերազանցում էին 265 հազար դրամը։

Անկում է գրանցվել անգամ կենտրոնում, որտեղ արդեն մի քանի տարի շարունակ պաշտոնապես արձանագրվող գների փոփոխություն չէր լինում։ Տեւական ժամանակ Երեւանի կենտրոնում բնակարանների մետրը գնանշվում էր միջինը 428 հազար դրամով։ Ապրիլին այն դարձել է 427 հազար։

Վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ ապրիլին Շենգավիթ վարչական շրջանում գներն իջել են 10 հազար, Նոր Նորքում՝ 9 հազար դրամով։
Գների անկման միտումը չի շրջանցել նաեւ մարզերը։ Ապրիլին բնակարանների գները մայրաքաղաքից դուրս նույնպես նվազել են։ Առանձին բնակավայրերում էժանացումը մետրի հաշվով հասնում է 9¬10 հազար դրամի։ Հաշվի առնելով, որ մարզերում բնակարաններն անհամեմատ էժան են, անկումը երբեմն տատանվում է 15¬20 տոկոսի սահմաններում։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930