2016 թվականի հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է։
Հունիսի 8-ին կայանալիք նիստի մասին նրանք իմացել են նիստի ավարտից հետո, երբ նիստի վերաբերյալ հրապարակումներ են եղել մամուլում։
Զրույցում սպանված ոստիկանի մայրը՝ տիկին Աշխենը, ասաց, որ նշանակվելիք նիստի օրվա մասին դատարանից ծանուցում չեն ստացել։ Տեփանոսյանի ընտանիքը նախաքննության ընթացքից էլ որեւէ տեղեկություն չի ստացել. «Մեզ մի տարի է, ոչ մի բան էլ չեն ասում»,- ասաց նա։
Հարցին, եթե ծանուցում ստանան, կգնա՞ն դատարան, կմասնակցե՞ն դատավարությանը, Տեփանոսյանի մայրը հուզված պատասխանեց. «Չգիտեմ, հիմա չեմ կարող ասել… էս ցավը մինչեւ կյանքիս վերջ գնալու է: Մեկ տարի է, մենք անընդհատ ինչ-որ բան սպասում ենք, ախր իմ 30 տարեկան էրեխեն մահացավ, տանից դուրս եկավ ու զոհվեց։ Ի՞նչ ձեւ են նայում սրան, ոնց կարելի է էսքան հանգիստ նայել»։
Նա ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին մինչեւ դեպքը չի ճանաչել. «Չեմ էլ իմացել դրանք ովքեր են, հետաքրքիր էլ չի եղել, որ իմանամ, որովհետեւ հիմա ինչ… ամեն ինչ կեղծիք է։ Եթե սուտ չլիներ, իմ երեխու սպանվելուց մի ժամ հետո էս ամեն ինչը կվերջանա՞ր, բա թող շարունակվեր, որ ես էսօր իմանայի, որ հերոսի մայր եմ, ոչ թե մտածեի, որ իմ երեխան եղավ էս ամեն ինչի փակվելու պատճառը… սպանեցին ու վերջ։ Ես չեմ ուզում ոչ մի ծնող, ոչ մի մայր էս ցավը զգա, հարցը էն ա, որ իմ էրեխու սպանվելուց հետո ամեն ինչ վերջացավ, ինչի՞ համար, ինչի՞ հանձնվեցիք, մի օր շուտ հանձնվեիք։ Երկու զոհն իրենց համար քի՞չ էր, անպայման պետք է երրորդ զոհ ունենայի՞ն, որ մի ժամ հետո հանձնվեին»,- հուզված պատմում էր սպանված ենթասպայի մայրը:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում