Սկիզբը՝ այստեղ
Պատրաստվում ենք հաջորդ հնարավոր պատերազմին, ոչ թե նախորդին
Հունիսի 10-11-ը Հայաստանի լրագրողների համար Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ եւ ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության ծրագրերի ստորաբաժանման աջակցությամբ անցկացված` «ՆԱՏՕ-ն որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» սեմինարում զեկույցով հանդես եկավ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը` «Մարտահրավերներ եւ հնարավորություններ. Պաշտպանական բարեփոխումների հեռանկարները» թեմայի շրջանակներում:
Որպես դրական առաջին գործոն նա առանձնացրեց պետական կառուցման, անցումային ձեռքբերումը. «Սա մի ձեռքբերում է, որը մենք հաճախ թերագնահատում ենք: Կայունության տարր կարելի է համարել այն, որ Հայաստանը, ի տարբերություն բազմաթիվ այլ խորհրդային հանրապետությունների, քաղաքացի, պաշտպանություն, ԶՈՒ-ի հարաբերակցություն ունի: Հայաստանում չի եղել զինված իշխանափոխություն: Երկրորդ դրականը պատրաստակամությունն ու ուսուցումն է: ՀՀ ԶՈՒ-երը դրական սիտուացիոն իրազեկություն ունեն` մարտական պատրաստականության համար: Երրորդ գործոնը, այսպես կոչված՝ ուժային դիրքորոշումն է: Հայկական ԶՈՒ-ն կանգնած է պաշտպանողական կայուն դիրքում: Միեւնույն ժամանակ հայկական զինուժը հարձակողական չէ: ՀՀ ԶՈՒ-ն պատրաստվում է հաջորդ հնարավոր պատերազմին, ոչ թե վերջին պատերազմին: Չորրորդ գործոնը սպառնալիքի ընկալումն է: Մենք սպառնալիքի թյուր ընկալում ունենք, որտեղ մենք գերագնահատում ենք Թուրքիայից եկող հնարավոր ռազմական սպառնալիքը, մինչդեռ թերագնահատում ենք ուրիշ կողմերից եկող հնարավոր սպառնալիքները: Սա շեղում է մեր ուշադրությունը իրական պաշտպանական ռեֆորմներից: Եվ հինգերորդ տարրը ընդհանուր գնահատականի մեջ օրենսդրական բաղադրիչն է` բանակի օժանդակումն ու մատակարարումը: Այստեղ բացերը բացահայտվել են անցյալ տարվա ապրիլյան կարճատեւ պատերազմից հետո, կառուցվածքային թերություններ կան օրենսդրության մեջ, որոնք կարող են հանգեցնել ճակատային գծում նյութատեխնիկական, տրանսպորտային սպասարկման եւ ապահովման այլ խնդիրների»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ բանախոսի` այսօր գտնվում ենք արդիականացման փուլում` հատկապես վերջին 2 տարիների համար, որն արտացոլում է առաջնահերթությունների նոր հերթականություն, եւ որոնք սահմանվել են պաշտպանության նախկին նախարար Օհանյանի եւ տեղակալ Տոնոյանի օրոք, եւ որոնք շեշտել է Վիգեն Սարգսյանը: Բարեփոխումների շարքում Ռիչարդ Գիրագոսյանը շեշտեց խելացի առաջնահերթությունների ճանաչումը. «Երկու առաջնահերթություն ՀՀ պաշտպանության ոլորտում շատ կարեւոր են, որոնք վերաբերում են մարդկային ռեսուրսներին, անձնակազմին եւ զինվորական կրթությանը: Սա նշանակում է, որ մենք կարող ենք զարգացնել ժամանակակից մտածելակերպ` ազատվել խորհրդային ժառանգությունից նոր դոկտրինայով, որը չի ընդօրինակում ռուսական ռազմական դոկտրինան, այլ այնպիսին, որը համապատասխանում է մեր նպատակներին, մեր խնդիրներին, մարտահրավերներին: Մարդկային ռեսուրսներ նշանակում է` առաջ մղել մասնագիտական որակավորմամբ կադրերին եւ միջինից բարձր մակարդակի սպաներից այլեւս խուսափել»,- նշեց բանախոսը:
Բանակում բարձրացել է թափանցիկության մակարդակը, եւ ավելին` բանակը սկսել է ցանկություն դրսեւորել բնակչության, հասարակության հետ ավելի անկեղծ լինելու, ի տարբերություն մեր հարեւանների, որտեղ բանակի եւ քաղաքացիական բնակչության միջեւ վստահության շատ մեծ ճեղք կա, համարում է Ռիչարդ Գիրագոսյանը. «ՀՀ ՊՆ-ն խելոք քայլ արեց` լինել թափանցիկ եւ անկեղծ իր սխալները բացահայտելու հարցում, որովհետեւ չարաշահումները կոծկելով՝ միայն խարխլում ես վստահության հիմքերը: Մյուս կարեւոր տարրը հակակոռուպցիոն տարրն է: Անցյալ տարվա ապրիլից մենք գիտենք, որ կոռուպցիան բանակի համար մեծ խնդիր է շարունակում մնալ: Հաջորդը ռազմավարական տեսլականն է, այսինքն` բարեփոխումների հաջորդ փուլը, սա դեռ չավարտված գործընթաց է, այն պետք է հենվի Հայաստանի` որպես առանձին պետության կարիքների վրա, այլ ոչ թե ՌԴ-ի ռազմավարական դաշնակից կամ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի»:
Ինչ սպառնալիքների պետք է պատրաստ լինի Հայաստանը: Ըստ բանախոսի` դա «ռուսական բեռի» մարտահրավերն է. «Հայաստանը հիմա դիմակայում է մի նոր մարտահրավերի, որը գալիս է մեր դաշնակցի նկատմամբ անվստահելիությունից: Այս առումով ՀԱՊԿ-ը ոչ անվտանգ է, ոչ էլ կոլեկտիվ: Այս ամենին մաս է կազմում ոչ թե հակառուսական գործոնը, այլ հայկական գործոնը: Գերվստահությունը ցանկացած դաշնակցի նկատմամբ հավասարակշռությունից գցում է սեփական ԶՈՒ-ն»: Նման գործոնների շարքում Ռ. Գիրագոսյանը մատնանշեց Հայաստանի ռուսական ռազմաբազան, որի համար ոչ թե ռուսական կողմն է մեզ վճարում, այլ ՀՀ կառավարությունն է հոգում ռազմաբազայի ծախսերը: Մյուսը` Հայաստան-Թուրքիա սահմանում եւ «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական ներկայությունն է. «Դա խարխլում է ՀՀ սուվերենությունը»,- ասաց բանախոսը: Նրա կարծիքով՝ Հայաստանի ռազմական ուժը միշտ սահմանափակ կլինի, քանի դեռ մենք չունենք ավելի խոր ժողովրդավարություն: Ռ. Գիրագոսյանը խոսեց քաղաքական գործընթացներում բանակի ներգրավվածությունից` նշելով, որ բանակը պետք է արդիականացվի: Նա անթույլատրելի համարեց, որ «ԼՂ բանակն օգտագործվեց ռեժիմի պաշտպանության համար, ինչպես դա եղավ Մարտի 1-ին»:
Մանրամասները՝ տեսանյութում
«Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում շատ դրական է, դա քաղաքական նշանակում էր, բայց ակնկալում եմ նաեւ, որ Դավիթ Տոնոյանը կվերադառնա ՊՆ»: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին ու հետախուզական տվյալներին, ապա Գիրագոսյանի համոզմամբ` հայկական ռազմական հետախուզության տեսակետից մենք ակնկալում էինք հարձակում, բայց չգիտեինք` երբ, որտեղ պետք է լինի այդ հարձակումը, գաղափար չունեինք ուժգնության մասին: «Ինչ վերաբերում է հետախուզական իրազեկությանը, ապա հիմա արդեն առաջնագծում իրավիճակն էականորեն փոխվել է, գիշերային տեսանելիության սարքեր են տեղադրվել, տարբեր այլ համակարգեր են ձեռք բերվել, ինչը պետք է վաղուց ունենայինք: Այսինքն՝ բարելավում եղել է»:
Եթե ապրիլին պատերազմը երկար տեւեր, մենք խնդիր էինք ունենալու նյութատեխնիկական տեսակետից համալրման, զինուժի տեղափոխման առումով՝ կարծում է Ռ. Գիրագոսյանը: Ինչ վերաբերում է 800 հեկտարի կորստի վերաբերյալ հնչող քննադատություններին, ապա բանախոսը նշեց. «Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի նախագահի իմաստունությանը, որովհետեւ ապրիլյան պատերազմն իրականում չեղավ այնպիսին, ինչպես կարող էր լինել: «Իսկանդեր» չկար, եւ փաստացի ադրբեջանական այդպիսի ուժ գործեց, հայկական բանակն անմիջականորեն չընդգրկվեց, բայց հայկական կողմը նույնիսկ նման պայմաններում փորձեր էր անում կորցրած տարածքները հետ բերել»: Պարոն Գիրագոսյանն այս համատեքստում շեշտեց, որ աջակցում է ՀՀ իշխանությանը երկու հարցում` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերում եւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ տարվող քաղաքականության մեջ:
Մեղադրանքները չեն համընկնում ՊՆ վերլուծության փաստերի հետ
«Հայաստան-ՆԱՏՕ. Պաշտպանական եւ ռազմական համագործակցություն» թեմայով հայաստանյան լրագրողների առջեւ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը, որը նախ արձագանքեց ավելի վաղ հնչած ելույթներին, գնահատականներին: Ապրիլյան պատերազմի վերաբերյալ պաշտպանական գերատեսչության վերլուծությունը հույժ գաղտնի է, հրապարակման ենթակա չէ, սակայն պարոն Իսրայելյանը փոխանցեց միայն, որ մամուլում եւ որոշ զեկույցներում բարձրացվող մեղադրանքները ուղղակի չեն համընկնում կատարված վերլուծության փաստերին: «Իհարկե, դասեր քաղվելու են այդ ամեն ինչից, բայց թերությունների բնույթը տարբեր է՝ ավելի, քան այն, ինչ ներկայացվում է հասարակությանը»: Մհեր Իսրայելյանը չի կիսում նաեւ կարծիքը, թե ապրիլյան պատերազմից հետո զանգվածային պաշտոնանկություններ են եղել, թեեւ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ են փոխվել` փոխնախարարներ, վարչության պետեր, նրա կարծիքով՝ այդ փոփոխություններն ավելի շատ կապված էին ներքաղաքական գործընթացների հետ, քան ապրիլյան պատերազմի հետեւանքների:
Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի քաղաքացիական անձ լինելու հարցին, ապա ՊՆ պաշտոնյան նշեց, որ պաշտպանության նախարարն ավանդաբար Հայաստանում եղել է քաղաքացիական անձ, այլ հարց է, որ ունեցել են ռազմական անցյալ, պարզապես որպես նորություն ներկայումս ոչ թե պետք է նշել քաղաքացիականը, այլ այն, որ առաջին անգամ կուսակցական գործիչը դարձավ նախարար, ինչը, ըստ Մհեր Իսրայելյանի, կապված է առավելապես սահմանադրական փոփոխությունների, իշխանության կուսակցականացման սկզբունքի ուժեղացման հետ, եւ Վիգեն Սարգսյանի նշանակմամբ իշխանությունները նպատակ են հետապնդում քաղաքական պատասխանատվության աստիճանը բարձրացնել ԶՈՒ-ի ղեկավարման ոլորտում:
Մհեր Իսրայելյանը նաեւ համարում է, որ ՀՀ ԶՈՒ-երն այսօր, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, իրականացնում են ոչ այնքան պաշտպանական, որքան զսպման ռազմավարություն, որը ներառում է ոչ միայն պաշտպանական-ռազմավարական բնույթի կարողություններ, այլեւ ընդգրկում է պաշտպանական` դաշնակցային, գործընկերային, անվտանգության ապահովման համակարգերը: Ինչ վերաբերում է ԶՈՒ-երում կոռուպցիոն դրսեւորումների մեղադրանքներին, Մհեր Իսրայելյանը թեեւ նշեց, որ որոշակի հիմքեր եղել են նման գնահատականների համար, սակայն չցանկացավ ծավալվել այդ թեմայով:
ՀՀ-ն Աֆղանստանում ավելի շատ զորք ունի, քան ՆԱՏՕ-ի անդամ 20 երկրներ, եւ Կոսովոյում ավելի շատ ունի, քան Մեծ Բրիտանիան
Գալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը՝ Մհեր Իսրայելյանը նշեց, որ այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, որը նաեւ ամրագրված է դեռեւս 10 տարի առաջ ընդունված մեր Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, եւ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը ՀՀ ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչն է: Նա ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետ գնահատեց` ներկայացնելով այդ համագործակցության ոլորտները, Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին: «Հայաստանն Աֆղանստանում, օրինակ, ավելի շատ զորք ունի, քան ՆԱՏՕ-ի անդամ 20 երկրներ, կամ Հայաստանը Կոսովոյում ավելի շատ զորք ունի, քան Մեծ Բրիտանիայի նման մեծ երկիրը, որը ՆԱՏՕ-ի կարեւոր ռազմական անդամներից է: Բացի գործողություններին մասնակցությունից` ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ ունի շատ մեծ պաշտպանական եւ ռազմական համագործակցության օրակարգ, մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին եւ նույնիսկ 2 անգամ հյուրընկալել ենք ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանում՝ 2003-ին եւ 2008-ին: ՀՀ-ն մասնակցում է զորավարժությունների նաեւ երկկողմ ձեւաչափով` հատկապես ակտիվ մասնակցություն ենք ունենում ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող մի քանի զորավարժությունների, ինչպես նաեւ մոտ հարյուր միջոցառումների, վարժանքների, դասընթացների, կոնֆերանսների, ինչը նպաստում է մեր համագործակցության զարգացմանը»:
Մհեր Իսրայելյանը նաեւ պատմական մի ուշագրավ ակնարկ արեց` կապված ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ, հիշեցնելով, որ 2004-ին Ադրբեջանում պետք է անցկացվեին զորավարժություններ, սակայն վերջին պահին, նույնիսկ երբ արդեն մի քանի հարյուր զինվորականներից կազմված զորքերը ժամանել էին Բաքու, ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը, որն ամերիկացի էր, որոշում կայացրեց եւ չեղյալ համարեց զորավարժությունները, քանի որ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության համար խոչընդոտներ ստեղծեցին Բաքվում, իսկ ՆԱՏՕ-ն բոլոր պետությունների ներգրավվածության սկզբունքը խախտված համարելով` քաղաքական որոշում կայացրեց չեղյալ հայտարարել Բաքվի զորավարժությունները:
«Երբեւիցե Թուրքիան լուրջ խոչընդոտ չի ստեղծել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման համար, ՆԱՏՕ-ի որեւէ ծրագրում Հայաստանի մասնակցության հետ կապված թուրքական կողմից որեւէ հանդիմանություն չի եղել, եւ ինքներդ էլ եք հասկանում, որ ՆԱՏՕ-ն կոնսենսուսի հիման վրա աշխատող կառույց է, եւ եթե Թուրքիան ցանկանար, ապա ՀՀ-ն չէր կարողանա մասնակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին՝ ներառյալ ՆԱՏՕ-ի գործողություններին, քանի որ ՀՀ-ն որպես մասնակից երկիր ճանաչվում է ՆԱՏՕ-ի խորհրդի կողմից, որի անդամ է նաեւ Թուրքիան»,- նման ուշագրավ դիտարկում արեց Մհեր Իսրայելյանը:
Սկիզբը՝ այստեղ
Ամփոփումը` «Առավոտ»-ի հունիսի 15-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 14.06.2017