Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ քո կյանքն աղքատ է

Հունիս 14,2017 10:00

Մեհրիբան Ալիեւան Հայաստանի հետ պատերազմ վարող երկրի փոխնախագահն է, իմ պետության, իմ ժողովրդի հասցեին ստեր, հերյուրանքներ տարածող քարոզչության հովանավորն ու ղեկավարը: Բայց երբ նրա սկեսրայրի եղբայրը սկսում է անձնական բամբասանքներ տարածել, թե ինչ սիրային կապեր է Մեհրիբանն ունեցել ամուսնանալուց առաջ, այդ պարագայում նա ինձ համար դառնում է պարզապես կին. այդ թեմաներով խոսելը եւ անձնական վարքը քննարկելը ինչպես այս կնոջ, այնպես էլ աշխարհի բոլոր մնացած կանանց դեպքերում ես համարում եմ տղամարդուն եւ ընդհանրապես մարդուն անհարիր: Երբ մերոնք ընկնում են այդ մակարդակի լուրերի հետեւից եւ տարածում են դրանք քարոզչական նպատակներով՝ իբր տեսեք, թե ինչպիսին է մեր հակառակորդը, դա ինձ, միեւնույն է, տգեղ է թվում:

Ես հատուկ եմ վերցնում այս ծայրահեղ դեպքը, երբ գործ ունենք հակառակորդ պետության ղեկավարներից մեկի հետ, որպեսզի ցույց տամ, որ նույնիսկ այդ դեպքում չպիտի հանդես գանք բարոյախոսի եւ դատավորի դերում: Լրատվամիջոցները, զանգվածային մշակույթը, ցավոք, պարարտ հող են ստեղծել հենց այդ՝ ուրիշի վարքի դատավոր լինելու համար: Հենրիկ Մխիթարյանը ինչ-որ տեղ է գնացել ինչ-որ աղջկա հետ, մարդիկ երկու օր է՝ չեն կարողանում հանգստանալ՝ քննարկելով այդ սովորական եւ որեւէ հասարակական հետաքրքրություն չներկայացնող փաստը: Իսկ քննարկման հիմքում ընկած է հետեւյալ շատ պարզ հոգեբանական մեխանիզմը՝ իսկ ինչո՞ւ ես այդքան ճանաչված եւ հռչակված չեմ, որ չեմ կարողանում ինքս գնալ ինչ-որ տեղ այդ տղայի կամ այդ աղջկա հետ: «Վայ, բախտ բաժանող»: Ամբողջ «դեղին ինդուստրիան» հիմնված է նախանձի եւ թերարժեքության բարդույթի վրա, երբ մարդկանց տրվում է «հաջողության» եւ «շքեղության» ինչ-որ կեղծ չափանիշ, որով բոլորը պարտավոր են առաջնորդվել:
Մարդը, որի կյանքը գորշ է եւ աղքատ, ձգտում է ուրիշների, որպես կանոն, որոշակի հռչակ ունեցող մադկանց կյանքի «գունագեղությանը»: Թե ով ինչպես է պատկերացնում այդ «գունագեղությունը», կախված է երեւակայության ուժից՝ գուցե դա պարզապես օրը երեք անգամ քյաբաբ ուտելն է, իսկ գուցե դրանք զբոսանավեր են, դղյակներ կամ ինչ-որ «կլասի» ավտոմեքենաներ: Նաեւ՝ պլպլան ամսագրերի էջերից իջած «մոդելներ»: Նրանցով հիանում են, նրանց նաեւ դատափետում են՝ «Տեսա՞ր, էն անամոթը ինչ շոր էր հագել»: Կյանքի դատարկությունը լցնելու միջոցների շարքում առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չկա:

Իրականում դա ծխախոտի նման է՝ առաջին մի քանի վայրկյանը հանգստացնում է, հետո գցում ավելի խոր դեպրեսիայի մեջ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Քո հաջողության հանդեպ նախանձ ու թերարժեքության բարդույթ զգում է քո թշնամին եւ
    սա բնական է, իսկ հարազատ ազգի ու բարեկամ ազգի ներկայացուցիչներն ուրախանում են քո հաջողություններով ու հպարտանում, որ քեզ նման բարեկամ ունեն, սա էլ է բնական, իսկ սրանց հակառակը այլասերվածություն է ու անբնական: Կարճ ասած՝ մեզ մի քիչ խելառությունը չէր խանգարի սեփական հաջողությունը այլասերվածներից պաշտպանելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930