Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահները պետք է հեռանան

Հունիս 14,2017 16:30
aram sargsyan

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը
Արցախի հարցի կարգավորման նոր առաջարկներ ունի

«Պետք է փոխել բանակցող կողմերի ղեկավարներին: Երկու նախագահներն իրար չեն վստահում, չեն էլ կարող վստահել. ամեն մեկն ունի իր վախերը, խնդիրները, իր շահերը: Նրանք արդեն մտել են մի շրջանակի մեջ, որը հնարավորություն չի տալիս փոխել բանակցային մթնոլորտը: Նախագահները սպառել են համաձայնության գալու իրենց բոլոր հնարավորությունները»,- երկար մտածելուց հետո նման համոզման է եկել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նման եզրահանգմանը, այսպես ասած, խթանել է Արցախի հակամարտության շուրջ վերջին շրջանում ձեւավորվող մթնոլորտը, որը այդ երկրների ժողովուրդների մեջ տագնապ է առաջացնում` հնարավոր պատերազմական գործողությունների առումով: Այն, որ կողմերը մոտ են պատերազմական գործողություններին, իրենց զեկույցներում օրերս փաստել էին նաեւ թե՛ Միջազգային ճգնաժամային խումբը, թե՛ «Քարնեգի» հիմնադրամը: Այս նոր իրողությունները, Արամ Սարգսյանի կարծիքով, պահանջում են, որ հարցի կարգավորմանը նոր մոտեցումներ ցուցաբերվեն: «Չի կարելի նորից դիմել միայն միջնորդների կարողություններին: Երկու հասարակությունների կողմից նոր առաջարկներ պետք է հնչեն»,- ասում է «Առավոտի» զրուցակիցը` հաշվի առնելով նաեւ այն, որ երկու երկրների նախագահներին արդեն երկու տասնամյակից ավելի չի հաջողվում որեւէ քայլ առաջընթաց ապահովել` վստահության մթնոլորտը «մինուսից» գոնե «պլյուս 1»-ի հասցնել: «Նրանք պետք է մի պահ հեռանան ասպարեզից` բանակցությունների ընթացքը տալով մարդկանց, որոնք նաեւ մեկը մյուսի նկատմամբ կարող են վստահություն ունենալ: Կարծում եմ՝ փորձագետները պետք է փորձեն գտնել բանալին, որը բանակցային գործընթացում նոր դուռ կարող է բացել: Հարցի կարգավորման փիլիսոփայությունը հավանաբար պետք է փոխվի, բոլորովին նոր առաջարկներ պետք է առաջ գան»,- կարծում է մեր զրուցակիցը:

Ասում է` իր առաջարկն առաջին հայացքից շատ միամիտ կարող է թվալ ադրբեջանական կողմի մերժողականության ֆոնին, բայց ինքը վստահ է` հարցի կարգավորման շուրջ ստեղծված լարված մթնոլորտը ի վիճակի են հարթել միայն երկու հասարակություններում վստահություն վայելող եւ հարցի էությանը տիրապետող փորձագետները՝ իրենց նոր առաջարկներով եւ նոր մոտեցումներով, որոնք երկու երկրների նախագահներին հնարավորություն կտան փոխվստահության մթնոլորտում շարունակել աշխատանքները:
Ժամանակին նման հարթակներ ստեղծվեցին, որոնցից մեկի մասնակիցն էլ մեր զրուցակիցն էր: Մերձմոսկովյան Սնիգիրյով բնակավայրում Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի փորձագետները տեւական ժամանակ քննարկումներ էին իրականացնում` փորձելով օգնել խնդրի հանգուցալուծմանը: Հետաքրքրվեցինք` ինքը տեսնո՞ւմ է Ադրբեջանում, Հայաստանում եւ Արցախում այն փորձագետներին, որոնք հասարակական վստահություն են վայելում, եւ նկատի ունենալով նախկինի ձախողված փորձերը՝ հիմա ի՞նչ երաշխիք, որ հաջողություններ կլինեն: «Տեսնում եմ, որովհետեւ եթե ադրբեջանական կողմը չուզենար հարցի խաղաղ հանգուցալուծում, նրանք ընդհանրապես չէին մասնակցի բանակցային գործընթացին: Բայց մասնակցում են: Ուրեմն նշանակում է՝ հասկանում են այդ պատասխանատվությունը, նաեւ այն, թե ինչ հետեւանքներ կունենա պատերազմը երկու ժողովուրդների ու պետությունների համար: Առավել եւս, որ այդ պատերազմն անպայման դառնալու է տարածաշրջանային, ու դեռ հայտնի չէ, թե մերձավորարեւելյան իրադարձությունների ֆոնին ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ընդհանրապես աշխարհի համար:

Երկու կողմերում էլ կան պատասխանատու մարդիկ, որոնք հասկանում են երկու ժողովուրդների ապագայի վրա կախված վտանգը, ուստի նրանք պետք է փորձ անեն գտնելու այնպիսի հիմք, որը հնարավորություն կտա վիճահարույց խնդիրները կարգավորել, փոխվստահության մթնոլորտը ձեւավորել»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այդ խումբը նաեւ որոշակի կարգավիճակ պետք է ունենա: Բայց նման հարթակում քննարկումների համաձայնվելն, ըստ նրա, չի կարող դիտարկվել կամ ընկալվել ադրբեջանական կողմից զիջում հայկական կողմերին, քանի որ դրանք պաշտոնական մակարդակ չեն ունենալու, բայց երեք կողմերին էլ հնարավորություն, լիազորություն են տալու՝ փորձել ընդհանրացված մոտեցման հասնել. «Ալիեւն ուզի թե ոչ` ինչ-որ մի փուլում պետք է որոշում կայացնի` կա՛մ գնում է պատերազմի, ավանտյուրայի, որն իր համար շատ վատ կարող է վերջանալ, կա՛մ ոչ ստանդարտ քայլեր իրականացնելու: Համոզված ասում եմ` մի շարք փորձագետներ ունեն տարբեր առաջարկներ: Ինքս ունեմ մի շարք առաջարկներ: Կարծում եմ՝ արժե, որ դրանք երեք կողմերը քննարկեն: Կստացվի` շատ լավ: Ոչ` ուրեմն բոլորս ենք պարտվելու»:

Ի դեպ, Արամ Սարգսյանը հատուկ է ընդգծում եւ հորդորում` այս նախաձեռնությունը չշփոթել եւ չնույնացնել, այսպես կոչվող, «խաղաղության հարթակի» եւ դրա ջատագովների հետ:

Հունիսի 16-18-ն էլ Արցախում կայանալու է կուսակցությունների հավաք-քննարկում: Արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները դրան հրավիրված չեն: Արամ Սարգսյանը կարծում է, որ վատ չէր լինի, եթե այս գաղափարն այդ հավաքում քննարկման առարկա դառնար:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930