Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քադաֆիի հայ թարգմանից Հայաստանում գողություն են կատարել

Հունիս 14,2017 15:00

«Ամբողջ կյանքում աշխատել եմ տարբեր երկրներում, նախագահական ապարատում, կատարել եմ թարգմանի աշխատանք, ստացել բարձր աշխատավարձ: Այդ աշխատավարձի չափը զարմացրեց նաեւ քննիչին, որին ներկայացրել եմ քսան եւ ավելի տարիներիս ողջ շարժը: Դրան գումարած այն, որ Բելառուսում վաճառելով բնակարանս՝ կնոջս հետ եկա Հայաստան, որպեսզի անցկացնեմ վաստակածս անհոգ ծերությունս»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Լիբիայի պետական եւ ռազմական գործիչ Մուամմար բեն Մուհամադ Աբու Մենյար Աբդել Սալամ բեն Համիդ ալ-Քադաֆիի թարգմանը՝ Թուջար Բարոյանը (2011 թվականի հոկտեմբերի 20-ին Քադաֆին հայտնաբերվել եւ սպանվել է գրոհայինների կողմից, իսկ հայ թարգմանի համար որոշվել էր նույնպես մահապատիժ: Բարեբախտաբար, նա Բելառուսի բուհ էր հրավիրվել, աշխատանք ուներ-Ռ.Մ.):

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժանմունքի քննիչի կողմից այս տարվա մարտի 31-ին քրեական գործի վարույթը կասեցվելու մասին որոշում է կայացվել: Քրեական գործն արդեն իսկ մի անգամ կասեցվել էր, եւ անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վերսկսվել:

Ճանաչված արաբագետ Թուջար Բարոյանը ճանաչվել է տուժող:
Թուջար Բարոյանը սրտամկանի ինֆարկտ ախտորոշմամբ գտնվել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում: Ինսուլտ է տարել, վիրահատվել է, առաջին խմբի հաշմանդամ է եւ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնական գրության համաձայն, ընդգրկված է «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» հատուկ խմբերի ցանկում: Զրուցելիս դժվարանում է, խոսում է հաճախ ժեստերի լեզվով՝ մատներով, մշտապես նրա կողքին մտերիմներն են, որոնք կես ժեստից հասկանում են, թե ինչ էր ուզում ասել պարոն Բարոյանը: Եթե չի հուզվում, խոսքը փոքր-ինչ հստակ է:

Կասեցված առաջին որոշումը. երբ է կասեցվել եւ երբ է ստացել կողմը, բաց է թողնվել բողոք բերելու ժամկետը:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում նրա տան սպասուհին՝ Ծաղիկ Դ.-ն բնակարանից գողացել է 50 հազար դոլար գումարը եւ ոսկեղենը:

Նախաքննությունն իրականացնող մարմինը արձանագրել է՝ 80 հազար դոլար գումար: Կատարվել են քննչական գործողություններ, իսկ գործով մեղադրյալ չկա:
Շենգավիթի քննչական բաժանմունքի քննիչի կասեցման որոշման դեմ բողոք է բերել պարոն Բարոյանը: Բողոքի քննությունը նշանակվել է մի քանի օր հետո՝ հունիսի 21-ին: Նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի դատախազը վերացնի քննիչի կողմից կայացրած որոշումը:

Քննիչը կասեցման որոշման հիմքում դրել էր «հանցագործությունը կատարած անձը հայտնի չլինելու մասին» պատճառաբանությունը:

Ըստ բողոքաբեր արաբագետի. «Քննիչն ի սկզբանե միջոցներ չի ձեռնարկել իմ բնակարանի գողությունը կատարած անձին հայտնաբերելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար»:

Թ. Բարոյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալբերտ Քարամյանն էլ բողոքում գրել էր. «Թ. Բարոյանը ցուցմունք էր տվել եւ հայտնել էր, որ բնակարանից գողությունը կատարել է տան սպասավորը՝ Ծաղիկ Դ.-ն: Սակայն հաղորդումը նրա կողմից չի տրվել, քանի որ պարոն Թուջարը գտնվել է ծանր վիճակում, հիվանդանոցում, հաղորդում է տվել նրա բարեկամուհին՝ Մարինե Ս.-ն, ով կարող էր սխալվել հաղորդման բովանդակության համար: Թուջար Բարոյանը դարձյալ ցուցմունք է տվել եւ հայտնել, որ ոչ թե կասկածում է, այլ համոզված է, որ իր տանը կատարված գողությունն իրականացրել է Ծաղիկ Դ.-ն»:

Զրուցակիցս՝ պարոն Բարոյանն ասում է, թե փոխվել է չորս քննիչ, սակայն նրանք որեւէ քայլ չեն ձեռնարկել հանցագործությունը «թարմ» հետքերով բացահայտելու ուղղությամբ: Քննիչները արժանահավատ են համարել Ծաղիկից վերցրած բացատրությունը:
Հաշմանդամ տուժողն ասում է՝ քննիչներն ասես վախենային Ծաղիկից, նրան դիմում էին այսպես. «Ծաղիկ ջան, դու տեսե՞լ ես տան բանալին», ասես՝ նա էլ պետք է ճիշտը հայտներ:

Քադաֆիի որդու՝ Խամիսի, որը տանկային շարասյան հրամանատարն էր, եւ Բելառուսի նախագահի որդու՝ ԱԱԾ պետի տեղակալ Վիկտորի հետ:

Թուջար Բարոյանը քննիչներին հայտնել էր, որ գողությունը չէր կարող բարեհաջող ավարտ ունենալ, եթե Ծաղիկին չօգներ նրա որդին՝ Արսեն Շ.-ն: Նա մոր խնդրանքով փորձել էր փոխել Թուջար Բարոյանի բնակարանի փականը, իհարկե՝ չլինելով փականագործ: Նախաքննության փուլում տուժողը միջնորդել է, որպեսզի առերեսում կատարվի սպասավորի հետ եւ հարցաքննվի Արսենը: Սակայն քննիչն այս միջնորդությունը բանի տեղ չի դրել, եւ բողոքաբերի տեղեկացմամբ, այնքան էր ձգձգել, որ հետագայում գործի նյութերում հայտնվեց մի գրություն, համաձայն որի՝ Արսեն Շ.-ն Բագրատաշեն սահմանային անցակետով հատել է ՀՀ պետական սահմանը: Նկատենք, որ սահմանը հատելու մասին քննիչի տեղեկացնելուց հետո, բողոքաբեր կողմն անցյալ տարվա օգոստոսին դիմել էր քննիչին. «Խնդրում եմ կազմակերպել Ծաղիկ Դ.-ի որդու՝ Արսենի հետ առերեսում՝ անհրաժեշտությունից ելնելով, քանի դեռ նա գտնվում է Երեւանում»: Ըստ բողոքաբերի փաստաբան ներկայացուցչի, սպասավորի որդու սահմանը հատելու մասին արհեստական ապացույցը գործի նյութերում դրվել է միայն նրա համար, որպեսզի չհարցաքննվի Արսենը:

Այս գործի նյութերում մի տարօրինակ գրություն էլ կա, որը ստացել է տուժողը Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Վ. Բալդրյանից:

Ըստ այդ գրության. «Ի պատասխան Ձեր դիմումի՝ հայտնվում է, որ սույն քրեական գործով որեւէ փորձաքննություն նշանակելու կարիք չի զգացվում»:
Տուժողն ասում է, որ Արսենը որեւէ սահման չի հատել, իսկ հարեւաններն էլ տեսել են նրան: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ա. Մնացականյանն էլ գրություն է ուղարկել տուժողին, թե՝ «հայտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում վերը նշված քրեական գործն ուսումնասիրվել է, որի արդյունքում դրանում նյութական եւ դատավարական իրավունքի խախտումներ չեն հայտնաբերվել»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Արաբագետը՝ կնոջ հետ. մատանին նույնպես գողացվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930