Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում մեկնել Հայաստանից»

Հունիս 14,2017 14:30

Օտարերկրացի ուսանողներին շատ է դուր եկել մեր ջերմ երկիրը

Սենեգալցի ուսանող Շեյխ Օմար Նդայեն, որ Ֆրանսիայի Կլերմոն-Օվերն համալսարանի պետական եւ մասնավոր կառույցների կառավարման ֆակուլտետի ուսանող է, տպավորված է Հայաստանով: Նա ապրիլ ամսից պրակտիկա էր անցնում Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, անգամ հասցրել է խոսակցական հայերենին տիրապետել:
«Առավոտի» հետ զրույցում Օմարը խոստովանում է. «Չէի պատկերացնում, որ այսքան լավ կանցնի պրակտիկան, այնքան մեծ հաճույք կստանամ, որ չեմ ցանկանա մեկնել Հայաստանից: Ընդ որում, տպավորություններս տարածվում են եւ մասնագիտականի, եւ անձնականի վրա: Այստեղ հրաշալի գիտելիքներ ձեռք բերեցի, այնպիսի մարդկանց հետ ծանոթացա, որոնք ինձ համար բացառիկ դարձան»:

Մեր զրուցակիցը հայերին բնորոշեց որպես հյուրասեր ժողովուրդ, Հայաստանն էլ՝ շատ ջերմ երկիր: Ասաց, որ շատ ընկերներ է ձեռք բերել ու մյուս տարի նորից վերադառնալու է, շփումը ընկերների հետ կշարունակվի:

Օմարը զուգահեռներ տարավ Հայաստանի եւ իր հայրենիքի միջեւ, հայտնեց, որ տարբերությունը ընդամենը աշխարհագրական դիրքն է, իսկ հյուրասիրության եւ ջերմության, օտարների հանդեպ հարգանքի առումով երկու երկրներն էլ նման են միմյանց: «Հայերը հյուրասեր են, ինձ զարմացնում է հայերի մեծ ցանկությունը` անընդհատ նոր բան սովորելու, ինչ-որ գործ անելու առումով, նրանք գիտեն, թե ինչ են ուզում եւ գիտեն, թե ինչպես հասնել նպատակին»,-հավելեց Շեյխ Օմար Նդայեն:

Նա նույն համալսարանի ֆրանսիացի ուսանողուհու` Լելի Բոնի հետ եղել է Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում` Գառնիում, Գեղարդում, Սեւանում, Դիլիջանում եւ Իջեւանում, համտեսել հայկական եւ Հայաստանում պատրաստվող նաեւ ոչ հայկական ուտեստները, հավանել է իշլի քյուֆթան, խաչապուրին, սպասը… Օմարի ձեւակերպմամբ, իրեն զարմացնում է հայերի հայրենասիրությունը. «Հայերն անչափ սիրում են իրենց երկիրը, որը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, այստեղ մարդիկ պայքարում են իրենց հայրենիքի բարօրության համար»:

Օմարը պատմեց, որ իր հայրը նախ համալսարանի ռեկտոր է եղել, ապա դիվանագիտական աշխատանքով զբաղվել, ապա հիշեց, թե ինչպես է իրեն միշտ ասել` սովորիր այն, ինչ ուզում ես, զբաղվիր նրանով, ինչով ուզում ես: «Ես ուզում եմ հետեւել հորս խորհրդին եւ զբաղվել իմ սիրելի գործով: Գուցե մի օր դառնամ Սենեգալի դեսպանը Հայաստանում: Դա իմ ծրագրերում կա, եւ գնալով ավելի շատ եմ սկսում այդ մասին մտածել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Ֆրանսիայի Կլերմոն-Օվերն համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ուսանող Լելի Բոնը եւս պրակտիկա է անցնում Հայաստանում Ֆրանսիական համալսարանում: «Հայաստանն ինձ համար բացահայտում էր, չէի պատկերացնում, որ այսպիսի երկիր եմ գալիս, որն ինձ զարմացրեց մարդկանց հյուրընկալությամբ, բարությամբ: Այստեղ անընդհատ փորձում են քեզ օգնել, ինչ վերաբերում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանին, այստեղ դասախոսներն ու ղեկավարությունն այնպես են անում, որ քո պրակտիկան լավ անցնի եւ առավելագույն արդյունք ստանաս»,- ասում է Լելին:
Նա հիշում է, որ երբ գալիս էր Հայաստան, իրեն անընդհատ հարցնում էին` վստա՞հ ես, որ պրակտիկադ լավ կանցնի: «Ես որոշել էի, որ պետք է գամ Հայաստան ու բացահայտեմ այդ երկիրը, հիմա չեմ զղջում, որ այդպես եմ վարվել: Ի դեպ, Ֆրանսիայում լիցեյում սովորելու տարիներին հայ ընկերուհի ունեի նույն լիցեյից»,- շարունակում է ուսանողուհին: Նա հայտնեց, որ Ֆրանսիայում իր ծանոթներին անպայման խորհուրդ կտա այցելել Հայաստան. «Կպատմեմ, որ այստեղ մարդիկ չափազանց հյուրասեր են, հեշտ են շփվում օտարերկրացիների հետ, հետաքրքրասեր են, շատ հարցեր են տալիս, իսկ Ֆրանսիայում ավելի դժվար են շփվում»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Շեյխ Օմար Նդայեն եւ Լելի Բոնը:

 

«Առավոտ»

13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930