Լեզվաքաղաքականությունը շատ կարևոր գործառույթ է, որը պետք է անպայման իրականացվի Հայաստանում: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով օգտատիրոջ Լեզվի տեսչության վերաբերյալ հարցին:
Նախարարը չի կարծում, որ Լեզվի պետական տեսչությունն առաջիկայում կփակվի կամ նրա գործունեությունը կդիտարկվի անիմաստ։
Անդրադառնալով համակարգում սպասվող փոփոխություններին և հնարավոր կրճատումներին՝ նախարարը նշել է, որ կրթության կառավարման համակարգը՝ սկսած նախարարությունից ունի բավականին բարեփոխումների կարիք՝ սա հստակ է:
«Համակարգում աշխատողները հիմնականում քաղծառայողներ են, նրանք վստահելով իրենց աշխատանքի կայունությանը, մտնում են վարկային, հիփոթեքային տարբեր ծրագրերի մեջ, և այդ պահին, եթե առանց նախապատրաստելու, զուտ մեխանիկական կրճատումներ են սկսում անել, մարդիկ կորցնում են ոչ միայն աշխատանքը, այլև շատ ավելի մեծ ֆինանսական բեռի տակ են մտնում։ Դրա համար շատ կարևոր է բոլոր տիպի օպտիմալացման ծրագրերին պետք է շատ ավելի լայն ու խորը նայել։ Կրճատելիս պետք է այլընտրանք առաջարկել»,- նշել է Լ. Մկրտչյանը: