Հոլանդացի ռեժիսոր Թոմ Ֆասարթն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան 14-րդ փառատոնի միջազգային վավերագրական մրցույթի ժյուրիի կազմում: Ռեժիսորի «Ընտանեկան պատմություն» ֆիլմը, որը պատմում է Ֆասարթի՝ Հարավային Աֆրիկայում ապրող 95-ամյա տատիկի մասին, ով 1950-ական թթ. ճանաչված մոդել է եղել, «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել Ամստերդամի միջազգային վավերագրական կինոփառատոնում և առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում:
Ռեժիսորը տարբեր հարցազրույցներում խոստովանել է, որ «Ընտանեկան պատմություն» ֆիլմից հետո փոխվել է եւ էլ ավելի ազնիվ դարձել իր ու բոլորի հանդեպ:
Ռեժիսորը նաեւ նշել է. «Ես կինոյի միջոցով փորձում եմ ցույց տալ, որ ամեն ինչ չէ, որ վերեւում է ու պետք է ավելի խորը գնալ»:
Ինչ վերաբերում է վավերագրական կինոյին ընդհանրապես, Թոմ Ֆասարթն ասել է. «Ես ընտրել եմ վավերագրական կինոն, որովհետեւ ինձ համար միշտ հետաքրքիր է եղել ուրիշների կյանքը պրպտելը, հետեւելը, թե ինչպես են նրանք ապրում, դուրս գալիս դժվարին իրավիճակներից: Վավերագրության մեջ դու երբեք չգիտես` ինչ սպասել հաջորդ վայրկյանին: Անգամ, երբ սկսում ես նկարել, իրականությունը քեզ կարող է լրիվ այլ տեղ տանել…»: Նրա ձեւակերպմամբ, վավերագրական կինոն այն միջոցն է, որի միջոցով կարող ես սովորել կյանքը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ