Ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունեցել, ըստ պաշտպանի՝ իր փաստաբանական գործունեությունը դատական կարգադրիչների կողմից խոչընդոտվելու պատճառով:
«Փորձում էին ինձ խուզարկել, ես թույլ չտվեցի, իրենք վկայակոչում էին օրենքը, թե դատարան մուտք գործողին պետք է զննեն, ես ասացի՝ ցույց տվեք, որ օրենքի այդ դրույթում փաստաբան բառը կա, նրանք ինձ ցույց չտվեցին, որովհետեւ օրենքում չկա, իսկ ես էլ ցանկացած անձ չեմ, որին կարող են զննել: Ես դատավարության կողմ եմ»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, միայն քաղաքական գործերով են խուզարկություններ իրականացնում, որովհետեւ ըստ փաստաբանի. «Նախկինում Վերաքննիչ դատարանի կարգադրիչները չեն փորձել իրենց ձեռքերը մտցնել իմ պայուսակի մեջ: Դիտավորյալ են անում, որ դատական նիստերը պարբերաբար հետաձգվեն, սա շատ վատ վերաբերմունք է փաստաբանների նկատմամբ, «Սասնա ծռերի» գործով նախորդ դատական նիստին էլ անձնագրային տվյալներ էին հավաքագրել, անձնական տվյալների պաշտպանության խնդիր կա, որ հետագայում անձնական տվյալներն ունենալով վախի մթնոլորտ ստեղծեն»:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցներին ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելու, քաշքշելու համար, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողի վահանը խլելու փորձի համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ