Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է «Մամուլում ատելություն պարունակող նյութերի դիտարկում» զեկույցը, որն ընդգրկում է 2017-ի հունվար-ապրիլ ամիսները:
Ըստ զեկույցի՝ 4 ամսվա ընթացքում Թուրքիայի ազգային, էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 1876 հոդված և լուր է հրապարակվել: Մամուլում հրապարակված բոլոր նյութերում բացահայտվել է 58 տարբեր խմբերի նկատմամբ ատելության 2335 դեպք:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, այս 4 ամսվա ընթացքում ամենաշատը թիրախավորվել են հայերը:
Հայերին թիրախավորող 439 ատելություն պարունակող նյութ է հայտնաբերվել, 2-րդը սիրիացիներն են, որոնց մասին հրապարակվել է նմանատիպ բովանդակությամբ 433 նյութ, իսկ հրեաները 3-րդն են՝ 298:
Առաջին եռյակին հաջորդում են, ընդհանուր առմամբ, բոլոր քրիստոնյաները, ապա հույները, նրանց թիրախավորող համապատասխանաբար 210 և 198 նյութ է հրապարակվել:
Ըստ զեկույցի՝ նշյալ ժամանակահատվածում մամուլի հրապարակումներում հայերը ներկայացվել են որպես թշնամի՝ ասոցացվելով բռնության հետ: Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը վերաբերող նյութերում և մեկնաբանություններում հայերը թիրախավորվել են, հիշատակվել են PKK և ASALA-ի հետ միասին և նույնականացվել են «ահաբեկչության» հետ: Բացի այդ հայերին ցույց են տվել որպես մի ուժ, որը կանգնած է մշտապես թշնամի ներկայացվող խմբերի և անձերի հետևում:
Ատելություն պարունակող հռետորաբանություն հատկապես հանդիպում է «Yeni Akit», «Milli Gazete», «Yeni Söz», «Yeniçağ», «Milat Gazetesi», «Diriliş Postası» թերթերում:
Աղբյուր` Ermenihaber.am