Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Կարեն Իսկանդարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկատվություն է տարածել, որ շուտով Իջեւանում, Տավուշի մարզպետարանի շենքի առաջ գտնվող Սահմանադրության հրապարակում կհառնի Աշոտ Երկաթի 9 մետրանոց արձանը: Աշոտ Երկաթը ձիու վրա է, ձիու աջ ոտքը բարձրացված է, թագավորն արքայական թագով է, աջ ձեռքին՝ խաչ: Արձանը կերտել է իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանը, նրա օգնականը Գոռ Դավթյանն է :
Աշոտ Երկաթի արձանի լուսանկարը Ֆեյսբուքում քննարկում է առաջացրել: Օգտատերերից մեկը գրել է, որ Աշոտ Երկաթի հայացքը շատ խիստ է, Իջեւան այցելող զբոսաշրջիկները դրանից կվախենան, մյուսն էլ՝ թե 9 մետրանոց բարձունքից արքայի հայացքի խստությունն այդքան չի երեւա: Շատերը ողջունում են արձանի ստեղծման գաղափարը եւ այն կերտելու վարպետությունը:
Իջեւանի բնակիչ Արիս Բլբուլյանը գրել է, որ այդ արձանն Իջեւանում տեղադրելը առաջնահերթ խնդիր չէ, հարկ է մարզկենտրոնում սելավատարներ սարքել, որ անձրեւներից հետո քաղաքի փողոցներով գետ չհոսի, Իջեւանում ասֆալտապատում պետք է անել, քաղաքի լուսավորության ցանցը, քաղաքային այգին բարեկարգել:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե ինչ միջոցներով է կերտվում եւ տեղադրվելու է Աշոտ Երկաթի արձանը: Քաղաքապետն ասաց, որ այդ աշխատանքների համար ծախսվելու է 15 հազար դոլար, այդ նպատակով 1000-ական դոլար նվիրաբերելու են բազմաթիվ բարեգործներ, նաեւ ինքը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն են դրա համար գումար տրամադրելու: Նա հայտնեց, որ Իջեւան քաղաքից ոչ հեռու գտնվում է Աշոտ Երկաթի բերդը, նրա գործունեությունը կապված է եղել այդ տարածաշրջանի հետ:
Հարցրինք՝ իր աներ Սահակ Սեւադային եւ նրա որդուն կուրացրած Աշոտ Երկաթը ինչո՞ւ է քանդակված խաչը աջ ձեռքին, չէ՞ որ նա ոչ քրիստոնեաբար է վարվել՝ կուրացնելով նրանց: Վ. Ղալումյանն ասաց, որ ըստ Հովհաննես Դրասխանակերտցու՝ Աշոտ Երկաթը չի կուրացրել իր աներն ու աներոջ որդուն, Ցլիկ Ամրամի կնոջ հետ մտերմություն չի արել:
Նա տեղեկացրեց, որ Իջեւանում Աշոտ Երկաթի արձանի բացումը կկատարվի առաջիկայում՝ հուլիս ամսին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ