Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մուկուչյանին մեղադրեցին բամբասելու եւ դիտորդին զանգելով՝ ճնշում գործադրելու մեջ. Մուկուչյանը հերքեց՝ սո՛ւտ է (Տեսանյութ)

Հունիս 13,2017 18:31

Այսօր «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցը ներկայացրեց: Զեկույցի մասին իր տեսակետը հայտնելիս ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, խոսելով կեղծ դիտորդների մասին, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի օրինակը բերեց. «Բազմաթիվ քաղաքացիների անուն-ազգանուններ, որոնք որպես դիտորդ հանդես են եկել, օրինակ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի կողմից, բայց նորից նրանց անունները չկա գրված դիտորդների ցանկում»:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ եթե զեկույցում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի վարքագծի մասին գրում են, ապա նույն հարթության վրա պետք է մեկ այլ ՀԿ էլ դիտարկեին. «Նույնքան մտահոգիչ է, երբ դիտորդական անկախ առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը, որը հաճախ ասոցացվում է նույն կազմակերպության հետ, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններից մեկի շահերով հանդես է գալիս որպես ներկայացուցիչ ԿԸՀ-ում կամ ՍԴ-ում»: Խոսքն, այս դեպքում փաստաբան Տիգրան Եգորյանի մասին է, որը ՍԴ-ում ՀԱԿ-ՀԺԿ-ի դիմումի քննության ժամանակ դաշինքի ներկայացուցիչներից մեկն էր:

Քննարկմանը մասնակցում էր «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության փաստաբան Քրիստինա Գեւորգյանը, որը Մուկուչյանին մեղադրեց բամբասելու մեջ: Նրա խոսքերով՝ «Պարոն Մուկուչյանը սկսեց ակտիվորեն քննադատել «Իրավունքի Եվրոպա միավորման» կազմակերպության ներկայացրած դիմում-բողոքները, ինչպես նաեւ իմ գործընկերոջ հասցեին, ես կգնահատեի բամբասանքի տեսքով»:

Մուկուչյանն արձագանքեց, որ որեւէ վիրավորանք չի հնչեցրել՝ Գեւորգյանն էլ պատասխանեց. «Դա՝ ձեր կարծիքով, իմ կարծիքով դա փոքր-ինչ բամբասանքի տեսքով էր ներկայացված»:

Ըստ Գեւորգյանի, իրենց կազմակերպության ներկայացրած խախտումները պետք է առնվազն ընկալվեին, առնվազն քաղաքական կամք պետք է լիներ ԿԸՀ-ի կողմից, որ գնահատվեր դա:

Հետո նա Տիգրան Մուկուչյանին ասաց. «Բազմիցս դեպքեր են եղել, որ մեր դիտորդները հրաժարվել են իրենց բողոքներից՝ տարածքային ընտրական հանձնաժողովների եւ հենց ԿԸՀ-ի ճնշման հետեւանքով: Պարոն Մուկուչյան, ներողություն եմ խնդրում, բայց եղել են դեպքեր, երբ անձամբ դուք զանգահարել եք մեր դիտորդներին եւ հենց դրանից հետո մեր դիտորդները հրաժարվել են իրենց դիմում-բողոքներից»:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Դա բացարձակ սուտ է, բացարձա՛կ: Երբ ԿԸՀ-ում ստանում ենք դիմում-բողոք, անմիջապես զանգում ենք այդ դիտորդին տեղամաս, հարցնում ենք՝ ի՞նչ է տեղի ունեցել: Ես եմ զանգել՝ անձամբ, որովհետեւ գրված էր, որ հանձնաժողովում ոտնահարվում է տվյալ անձի իրավունքը: Զանգ եմ տալիս, մարդու հետ խոսում եմ հեռախոսով, ասում է՝ ոչ մի բան չկա: Հետադարձ կապով ուղարկում է անգամ գրավոր նամակ: Դա եղավ, որ բռնությո՞ւն է կիրառվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930