Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաքունցի առաջարկները՝ Մուկուչյանին. Առաջարկվում է ընտրակաշառքը դիտարկել ծանր հանցագործություն՝ պետության դեմ

Հունիս 13,2017 18:17

«Ընտրությունները չեն եղել ազատ, չի ապահովել եւ ԱԺ ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրողների ազատ կամքի դրսեւորումն ու ապահովումը չի համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին»,- այսօր «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա մի քանի առաջարկ արեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որը մասնակցում էր զեկույցի ներկայացմանը:

Սաքունցի խոսքերով՝ «Ընտրախախտումների վերաբերյալ մեր հաղորդումները հատկապես քրեական բնագավառում չենք կարողանում իրականացնել շատ պարզ պատճառով՝ մեր դիտորդները խուսափում են կամ վստահ չեն հնարավոր ճնշումներից: Նախորդ Ընտրական օրենսգրքում կար հետեւյալ մի դրույթ, որ դիտորդները չեն կարող հետապնդվել իրենց կարծիքի արտահայտման համար քվեարկության ավարտից հետո 7 օրվա ընթացքում: Եթե դիտորդը ոչ ճիշտ տվյալ է տալիս, նոր օրենսգրքով կարող է սուտ մատնության հոդվածով հետապնդվել: Դա բավական ազդեցություն է ունենում: Մենք գտնում ենք, որ դիտորդների անձեռնմխելիության, իրենց կարծիքի համար հետապնդման չենթարկվելու դրույթը պետք է ԸՕ-ում մտցվի»:

Հետո Սաքունցն առաջարկեց, որ քանի որ ընտրակաշառքի հետ կապված հրաժարվում են օպերատիվ հետախուզական գործողություններ անել՝ ասելով, որ Քրեական օրենսգրքով այդ հանցագործությունը չի համարվում ծանր. «Մենք պետք է ընտրական գործընթացի հետ կապված որոշ քրեորեն հետապնդելի խախտումներ դիտարկենք՝ որպես պետության դեմ ուղղված ծանր հանցագործություն»:

Դատախազության ներկայացուցիչը՝ հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, որը մասնակցում էր զեկույցի շնորհանդեսին, ասաց, որ եթե դիտորդների առաջարկն ընդունեն եւ դա ծանր հանցագործություն դիտեն, ապա կրկնաքվեարկության համար մարդուն պիտի տասը տարուց ավելի դատապարտեն, պետք է փոխվի Քրեական օրենսգրքով նախատեսված ողջ պատժաչափը:

Սաքունցն ասաց, որ կարեւորում են նաեւ արտերկրում մեր քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին այս առաջարկի հետ կապված ասաց, որ այդ առաջարկը եղել է նաեւ կուսակցությունների կողմից, քննարկվել է եւ դրա վերաբերյալ արդեն իրենց կարծիքը հայտնել են:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ զեկույցում կեղծ դիտորդների մասին գնահատականներ կան, կային դիտորդներ, որոնց անուն-ազգանունները չկային ԿԸՀ-ում հավատարմագրված դիտորդների ցուցակում: Երեւույթը նկատվել է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ. «Երեւի ճիշտ չի նման կերպ տարբերակելը, որովհետեւ եթե մեր որոշումները տեսնեք, կտեսնեք բազմաթիվ քաղաքացիների անուն-ազգանուններ, որոնք որպես դիտորդ հանդես են եկել, օրինակ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի կողմից, բայց նորից նրանց անունները չկա գրված դիտորդների ցանկում: Չի կարելի սա առանձնացնել եւ սեւեռվել այս կամ այն կազմակերպության հետ կապված»:

Մուկուչյանն ասաց, որ գուցե այս հարցի լուծումը կլինի վկայականները լրացված տարբերակով տրամադրելը:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ եթե զեկույցում «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի վարքագծի մասին գրում են, ապա նույն հարթության վրա պետք է մեկ այլ ՀԿ էլ դիտարկեին. «Նույնքան մտահոգիչ է, երբ դիտորդական անկախ առաքելություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը, որը հաճախ ասոցացվում է նույն կազմակերպության հետ, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններից մեկի շահերով հանդես է գալիս որպես ներկայացուցիչ ԿԸՀ-ում կամ ՍԴ-ում»: Պարզ է, որ Տիգրան Մուկուչյանը նկատի ուներ Տիգրան Եգորյանին:

Նա շարունակեց թեման՝ ասելով. «Մտահոգիչ է, որ անգամ կուսակցության անունից ներկայացված դիմումին, որը ուներ 3000-ից ավելի վստահված անձ, հանձնաժողովի անդամներ եւ այլն, մի հատ դիմում չկար կցված, բացի տվյալ ՀԿ-ի դիտորդների կողմից ներկայացված նկատառումներից»: Ըստ Մուկուչյանի, եթե խոսում եք կեղծ կուսակցական կազմակերպությունների մասին, ապա ընդհանրական խոսեք՝ բոլորի մասին:

Տիգրան Մուկուչյանը հեգնեց որոշ դիմումներ. «Սարքավորման մեջ թուղթը սխալ են դրել: Ավարտվելուց հետո թուղթը հանել է, հակառակն է դրել, կտրոնը տպելու ժամանակ չի տպվել, հակառակը դրել է՝ տպվել է: Սրա վերաբերյալ 10 հատ դիմում կա: Հիմա ես չեմ՝ դուք ձեզ պատկերացրեք տարածքային հանձնաժողովի նախագահ, որը քննում է այդ դիմումը, ի՞նչ պետք է անի: Կամ ասում են՝ թույլ է տրվել ԸՕ պահանջների խախտում, վերջացել էր սարքի մեջի թուղթը: Թուղթը պրծել է, երկրորդը պիտի դնի»:

ԿԸՀ նախագահը խոստացավ ԿԸՀ-ի տեսակետը զեկույցի մասին գրավոր ուղարկել, որը հետագայում կկցվի զեկույցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930