Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Սարգսյան, հեսա բարով-խերով գնալու եք, գոնե այս մի քանի ամիսը զբաղվեք ՀՀ արտաքին քաղաքականությամբ». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 13,2017 17:41

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Նախիջևանի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահական չեն: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Եղիազարյանն այս կապակցությամբ նշեց, որ Թուրքիան այս գործողություններով ամեն կերպ փորձում է աշխատացնել Մինսկի խմբին, և կարծես թե ինչ-որ բանի հասնում են. «Եվ դա մեր անգործության արդյունքում: Այդ պատճառով էլ աշխարհը մեր դեմ յոթ բանաձև ունեցավ: Չորս հակահայկական բանաձևերը ձևակերպվեցին ՄԱԿ-ում, երեքը` ՆԱՏՕ-ում: Մինչ օրս մենք մեր օգտին ոչինչ չունենք գրանցված»:

Այս համատեքստում պարոն Եղիազարյանը քննադատության սլաքն ուղղեց դեպի ՀՀ նախագահը. «Սերժ Սարգսյան, տասը տարի արտաքին քաղաքականության ոլորտում ոչ մի բան չեք արել: Հեսա բարով-խերով գնալու եք, եթե Ձեզ նոր պաշտոն չբստրեք մնաք, գոնե այս մի քանի ամիսը զբաղվեք ՀՀ արտաքին քաղաքականությամբ: Հեսա զորավարժություններ կլինեն, մեզ կխեղճացնեն, կհարձակվեն, հողեր կվերցնեն, դուք էլ ելույթ կունենաք, կասեք անպիտան մի բան էր, տարան: Եթե անպիտան հողեր կան էլի այս անգամ Նախիջևանի սահմանին, հայտարարեք, տանք իրենց: Բայց եթե ավելի լուրջ լինենք, պետք է ազգովի բռունցքվենք, քանի որ մենք մենակ ենք»:

Այս առիթով պարոն Եղիազարյանը համեմատական անցկացրեց ՌԴ նախագահի վարած քաղաքականության հետ` նշելով, որ «Պուտինն իր քայլերից առաջ երկրի շահի մասին է մտածում, ոչ թե փեսու, հորեղբոր տղու, ախպոր»: Այնուհետև համոզմունք հայտնեց, որ եթե մենք էլ այսպես մտածենք, ոչ մի զորավարժություն մեզ չի վտանգի. «Հո մենք ազգովի կրակը չե՞նք ընկել: Ի՞նչ անեք, որ երկու վայրկյան մտածեք: Էդ գրքերը, որ նկարում եք, կադրերից էլ երևում է, որ երբևէ բացված չեն»:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ` Թուրքիան անընդհատ փորձում է իրավիճակը լարված պահել: Հայտնի է, որ այդ երկրի երրորդ դաշտային բանակի ռազմական ծրագրերն ուղղված են ՀՀ-ի և Կովկասի ուղղությամբ, և այս զորավարժություններն այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն են: Այնուամենայնիվ, պարոն Նավասարդյանը պատերազմի սպառնալիք այս պահին չի տեսնում: Ըստ նրա` Թուրքիան այնքան կարող է վարել նման քաղաքականություն, քանի դեռ պահպանվում են ՌԴ-ի հետ հարաբերությունները: Իսկ քանի որ ՌԴ-ի հետ հարաբերություններն այս պահին լավ են, պատերազմի սպառնալիքն ավելի քիչ է:

Բայց լուրջ սպառնալիք է համարում ԴԱԻՇ-ը: Ըստ նրա` ԴԱԻՇ-ն այնքան է գործելու, մինչև հասնի մեր սահմաններին: Պարոն Նավասարդյանը համամիտ չէ այն կարծիքներին, որ այդ խմբավորումը կորցնում է իր ուժը. «ԴԱԻՇ-ը գաղափարախոսություն է, փիլիսոփայություն և շատ խորը մտածողություն: Այն գնալով ավելի լուրջ ձևակերպումներ է ընդունում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930