ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հրազենից կրակոցներ են արձակվել Կամո Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:
Կամո Փիրուզյանին դիտավորությամբ կյանքից զրկելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու ու կրելու վերոհիշյալ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի 26-ամյա բնակիչ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, սպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 4 պարկուճ և 1 գնդակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե