ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի, և կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի հետ կրթության և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության ծրագրերը:
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարևոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձևաչափը ժամանակին և ազգային ավանդույթներին համահունչ բովանդակային առաջընթացի և զարգացման անհրաժեշտություն ունի: Լևոն Մկրտչյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի և դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման և հանրակրթության կառավարման համակարգի՝ դպրոցական, տարածքային և ազգային մակարդակներում բարելավման ուղղություններով: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, միաժամանակ ընդգծելով նաև ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հեռանկարային ծրագրի կարևորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում:
Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալն իր հերթին շեշտելով, արդյունավետ քաղաքականության իրագործման և դրական արդյունքների ապահովման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները վերը նշված հեռանկարային ծրագրի աջակցության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության շրջանակում տեխնիկական և աշխատանքային մի շարք հարցեր:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն